Լրահոս

24.11.2009 18:01


«Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ում չեն հերքում մոտ 2 մլն դոլարի հասնող չարաշահումների փաստը

«Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ում չեն հերքում մոտ 2 մլն դոլարի հասնող չարաշահումների փաստը

Այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ միջազգային գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռիքհոֆը և տեղական տեղակալ Ֆեդիա Գալստյանը: Մամլո ասուլիսի ընթացքում ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ սկսել են «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ին պարտքեր ունեցող քաղաքացիներին դատի տալու մասսայական գործընթաց՝ վերադարձնելու տարիների ընթացքում կուտակված պարտքերը:

Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տնօրինությունը նույն ջանասիրությամբ հետամուտ չի լինում փոշիացված մոտ 2 մլն դոլարի հասնող միջոցների վերականգնմանը, «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տեղական տեղակալ Ֆեդիա Գալստյանը, չժխտելով նման չարաշահումների փաստը, փորձել է արդարանալ՝ պատճառաբանելով, որ  ոստիկանությո՛ւնը պետք է զբաղվի այդ չարաշահումներով:

«Գիտե՞ք՝ այն տեղեկատվությունը, որն ինձանից պահանջել է Լևոն Բարսեղյանը, մենք ներկայացրել ենք ընդունման-հանձնման ակտի մեջ եղած փաստաթղթերում: Ես չգիտեմ, թե նախկինում ի՞նչ են ուղարկել իրեն. ես այն, ինչը փաստ է, դա եմ տվել: Մենք ընդունում-հանձնումը կատարել ենք և ֆիքսել ենք այն, ինչ ունենք, իսկ նախորդ տնօրինությունը տվյալ հարցերի վերաբերյալ դիմումներ է հղել և՛ ոստիկանություն, և՛ դատախազություն: Այստեղ մեր լուծելիքը չէ մեղավորի և անմեղի հարցը»- նշել է Ֆեդիա Գալստյանը:

Նշենք, որ մի քանի օր առաջ լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կողմից ներկայացված չարաշահումների փաստերից շատերի դեպքում «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ից որևէ մեկը ոստիկանություն կամ դատախազություն չի դիմել:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը