Մեկնաբանություն

22.12.2015 11:35


Ադրբեջանական մանաթն արժեզրկվեց. ի՞նչ է սպասվում հայկական դրամին

Ադրբեջանական մանաթն արժեզրկվեց. ի՞նչ է սպասվում հայկական դրամին

«Նավթային ասեղը» պայթեցրեց Ադրբեջանի տնտեսական փուչիկը

Ինչպես հայտնի է, ադրբեջանական մանաթը «գիշերային» որոշմամբ երեկ արժեզրկվեց դոլարի համեմատ 50 տոկոսով։ Մինչ այդ Ալիևն Ադրբեջանի դոլարային պահուստները հասցրել էր նույնքան տոկոսի չափով փոշիացնել, որպեսզի «կայուն» պահի փոխարժեքը։

Այսպես, 2014թ. դեկտեմբերի վերջի տվյալներով՝ Ադրբեջանի պահուստը կազմում էր 12,65 միլիարդ դոլար, իսկ արդեն այս տարվա սեպտեմբերի տվյալներով՝ այդ պետության ԿԲ–ն ուներ արդեն 6,52 միլիարդ դոլար։

Պահուստային դոլարները շուկա նետելով՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում էին արհեստական կայունություն ապահովել, այնպիսի կայունություն, ինչպիսին ապահովում էին հայաստանյան իշխանությունները 2008-2009թթ.՝ փոշիացնելով մեր երկրի պահուստային դոլարները 700 միլիոնի չափով (ի դեպ, հիմա էլ է նույն բանն արվում)։

Ադրբեջանական տնտեսությունը գրեթե ամբողջությամբ կախված է նավթի միջազգային գներից։ Դրանք անկում են ապրել, և այդ երկրի տնտեսությունը կաթվածահար է եղել, ինչը չէր կարող չազդել մանաթի վրա։

Ադրբեջանական տնտեսության և, մասնավորապես, դրամական միավորի փլուզման վրա իր խոշոր ազդեցությունն է թողել նաև Ալիևի, այսպես կոչված, հակաօլիգարխիկ պայքարը։ Դրա արդյունքում կապիտալի փախուստն այդ երկրից հասավ հսկայական ծավալների։ Ոչնչացվեց ոչ միայն քիչ թե շատ անկախ խոշոր բիզնեսը, այլ նաև փոքրն ու միջինը։ Արդյունքում՝ Ադրբեջանը հիմա հայտնվել է տնտեսական առումով ազատ անկման մեջ։ Ադրբեջանցիները խուճապի մեջ են, խանութները չեն հասցնում փոխել ապրանքների գնապիտակները, որոշ խանութներ փակվել են, շատերը հիպերինֆլյացիայի վախից հսկայական քանակի սնունդ են գնում և այլն։

Թե ինչպես սա կանդրադառնա քաղաքական գործընթացների վրա, դժվար է ասել։ Ադրբեջանում չկա կազմակերպված ընդդիմություն, ինչը նշանակում է, որ մարդկանց սոցիալական դժգոհությունը չի կարող քաղաքականապես կապիտալիզացիայի ենթարկվել՝ բերելով իշխանափոխության։ Համենայնդեպս, այս պահին այդպես է։

Եթե Ալիևն իր իշխանության համար քաղաքական վտանգ զգա, ապա չի բացառվում, որ գնա արկածախնդրության և լայնամասշտաբ պատերազմ սկսի Ղարաբաղում։ Մենք ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։

«Ուժեղ» դրամի թույլ կողմերը

ԵՏՄ տարածքում բոլորի ազգային արժույթներն արժեզրկվել են դոլարի համեմատ, բացի հայկականից։ Մեր դրամը նույնիսկ արժեվորվում է։

Սա ոչ թե նշանակում է, որ հայկական տնտեսությունը լավ վիճակում է, ու մեր ամրության պաշարը բավարար է, այլ նշանակում է, որ իշխանությունները որոշել են արհեստականորեն պահել փոխարժեքը, քանզի դրա համար ունեն ինչպես անձնական, այնպես էլ քաղաքական շահ։

Բաղրամյան 26–ի «տիրակալների» անձնական շահն այն է, որ իրենք ներմուծողներ են, իսկ «ուժեղ» դրամը ներմուծողների շահերից է բխում։ Բացի այդ՝ իշխանություններն ու իրենց մերձավոր շրջապատը նաև մեր երկրից դոլար արտահանող են (հեռավոր բրազիլիաներում անգամ հայկական իշխանությունների մասնավոր միջոցների հետքերը երևում են)։ ՀՀ–ի պահուստային դոլարները մտցնում են շուկա, դրամով էժան գնում են դրանք, հետո արտահանում, իսկ պահուստները համալրում են պետական պարտքի ավելացման հաշվին։ Ու մի օր էլ, երբ շատ լարվի իրավիճակը, 2009թ. մարտի 3–ին տեղին ունեցածի պես շոկային արժեզրկման մասին կհայտարարեն՝ մտնելով ՀՀ բոլոր քաղաքացիների գրպանները։

«Ուժեղ» դրամի այս քաղաքականությունը հարվածում է ինչպես դրսից գումարներ ստացող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ արտահանողներին։

Ինչ վերաբերում է ՀՀ–ում դրամով աշխատավարձ ստացողներին, ապա նրանց համար թվացյալ ու խիստ ժամանակավոր գնային կայունություն է ապահովում ներկայիս փոխարժեքը, սակայն «X» պահի փոխարժեքը, միևնույն է, պայթելու է ու վատ հետևանքներ ունենա բոլորի համար։ Այնպես որ, դրամի փոխարժեքի «թուլացումն» անխուսափելի է։ Հարցն այն է, թե երբ և ինչ եղանակով դա կարվի։

Եթե ՀՀ իշխանությունները որոշել են ուժով պահել ներկայիս փոխարժեքը, ապա դա հանցավոր վարքագիծ է։ Ավելի լավ է՝ կառավարելի լողացող տարբերակով բաց թողնել փոխարժեքը, որպեսզի Հայաստանից կապիտալի արտահոսքը գոնե մասամբ կանխվի, ինչպես նաև վերջնականապես չմահանա արտահանումը՝ իր հետևից ոչնչացնելով գյուղատնտեսությունը։

Ու որպեսզի փոխարժեքի փոփոխությունից ու դրամի «թուլացումից» գների կտրուկ բարձրացում չլինի, հարկավոր է համալիր մոտեցում ցուցաբերել՝ փոխելով հարկաբյուջետային քաղաքականությունը՝ գնալով պրեսինգի թուլացման, ինչպես նաև կանգնեցնել թալանը, զսպել Բաղրամյան 26–ի ֆինանսական ախորժակն ու հրաժարվել սեփականության սողացող վերաբաշխումից։ Ալիևն իր հիմար վարքագծով ցույց տվեց, թե ինչ հետևանքների կարող է բերել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումը, և պետք է դասեր քաղել ուրիշների սխալներից։

Պարզ է, որ այս իշխանություններից դրական քայլեր սպասելն անիմաստ է, քանզի սրանք չեն հրաժարվի «Այո՛ թալանին» կարգախոսից։ Հետևաբար, միայն քաղաքական փոփոխությունները հնարավորություն կտան Հայաստանին դուրս գալ զարգացման ուղի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը