Տնտեսական

05.10.2010 19:07


Որքանո՞վ ակցիզային հարկի բարձրացումը կազդի գնաճի վրա. բուռն քննարկումներ ԱԺ–ում

Որքանո՞վ ակցիզային հարկի բարձրացումը կազդի գնաճի վրա. բուռն քննարկումներ ԱԺ–ում

Երեկվանից ՀՀ Ազգային ժողովում սկսվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռության կարգով ներկայացված «Ակցիզային հարկի մասին» օրենսդրական փաթեթը, որի քննարկումը շարունակվել է սեպտեմբերի 5-ի նիստում. առաջարկվել է փաթեթը քննարկել 24-ժամյա կարգով։ Առաջարկին, սակայն, առարկել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, թե չնայած որ հարցն արդեն քննարկվել է, այդուհանդերձ 24 ժամը ճիշտ պրակտիկա չէ։ Օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ օղու, դիզվառելիքի և ծխախոտի ոլորտում հաստատագրված հարկման դաշտից անցում է կատարվում ընդհանուր հարկման դաշտ։

Օրինագծի հիմնական զեկուցողը ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն էր։ Նրան բազմաթիվ հարցեր են ուղղել ԲՀԿ խմբակցության անդամ Էռնեստ Սողոմոնյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը։ Նրանց հետաքրքրում էր, թե հարկերի բարձրացումը որքանո՞վ կազդի գնաճի վրա, որքանո՞վ դա կխթանի տեղական արտադրությունը և այլն։ Հարցեր են հնչեցրել նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը և ուրիշներ։

Հարցերին ի պատասխան՝ Ս. Կարայանը նշել է, որ օրինակ 1-լիտր օղու գինը կավելանա 120 դրամով։ Նրա խոսքերով՝ եթե հարցը դիտարկվում է այն տեսանկյունից, որ տեղական արտադրողն իր արտադրանքը պետք է իրացնի միայն ՀՀ շուկայում, ապա կառավարությունն ուղղակի փորձում է հավասար մրցակցային հնարավորություն տալ շուկայի ներսում։ Սակայն եթե ՀՀ-ում ստեղծված արտադրանքը պետք է արտահանվի, ապա նախագիծն օժանդակում է արտահանողներին՝ մյուս գործընկեր պետությունների հետ ստեղծելով այնպիսի դաշտ, որ ՀՀ-ում արտադրված արտադրանքի նկատմամբ որոշակի սահմանափակումներ չկիրառվեն։

ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը նշել է, որ տվյալ նախագծի հետևանքով պետբյուջե դրական մուտքեր չեն լինի, իսկ օրինակ աշխատատեղեր կկրճատվեն։ Նա խնդրել է պարզաբանել, թե հենց ծխախոտի ոլորտում ի՞նչ գնաճ կգրանցվի, քանի՞ ֆերմեր աշխատատեղ կկորցնի, որքանո՞վ կտուժի հայրենական շուկան և այլն։

Պատասխանելով Կարեն Վարդանյանին՝ փոխնախարարն ասել է, թե ապրանքի ինքնարժեքը կարող է ավելանալ 10 դրամով։ Կարեն Վարդանյանի խոսքերով՝ պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ ինքնարժեքը կավելանա 25-30 դրամով։

-Հավասար պայմաններում տրանսնացիոնալ ընկերությունների հետ մրցակցելը Հայաստանի համար նույն բանն է, ոնց որ մեր հավաքականը Բրազիլիայի հավաքականին ֆուտբոլում  փորձի հաղթել։ Այդ իսկ պատճառով շատ լուրջ խնդիր կարող է առաջացնել տեղական և ներմուծող դաշտերն իրար հավասարեցնելը, և ոչ մի պետական աջակցություն տեղական արտադրողը չունենա։ Դա շատ վտանգավոր է հայրենական տնտեսության համար,- ընդգծել է Կարեն Վարդանյանը։

Կարեն Վարդանյանի հայտարարությանն ի պատասխան՝ Սուրեն Կարայանն ասել է, որ ինքը չի կարողանում տնտեսագիտորեն ասել, թե ինչո՞ւ 10 դրամով հարկերի բարձրացումը պետք է հանգեցնի գների 20-30 դրամով բարձրացման։

Փոխնախարարի վերոնշյալ հայտարարությանն արձագանքել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը և նշել, որ չնայած ինքը գիտելիքներով զինված տնտեսագետ չէ, սակայն զարմանում է, երբ փոխնախարարն ամբիոնից հայտարարում է, թե ինքը չի հասկանում, թե ինչպես կարող է 10 դրամ ինքնարժեքի ավելացման պարագայում մանրածախը 20 դրամով ավելանալ։

-Օրինակ, ինչպե՞ս ճգնաժամի ընթացքում բոլոր ապրանքների միջազգային գների 1-2%-ով աճը Հայաստանում 15-20%-ի աճի բերեց։ Դա՞ էլ դուք չեք հասկանում։ Եթե դուք դա էլ չեք հասկանում, ուրեմն ես զարմանում եմ, թե ինչո՞ւ եք այս հարցի զեկուցող,-ասել է Վահան Հովհաննիսյանը։

Լարիսա Ալավերդյանն էլ հետաքրքրվել է, թե՞ ով պետք է կրի նախագծի հետևանքների քաղաքական պատասխանատվությունը։

Օրինագծի համազեկուցողն էր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը