Լրահոս

15.01.2016 16:24


Մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչին՝ թիվ 10/14 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար

Մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչին՝ թիվ 10/14 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 10/14 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկած անձի ինքնությունը։

2015 թվականի դեկտեմբերի 06-ին «newsbook» տեղեկատվական հարթակում հրապարակվել է «Ընտրախախտում 10/14 ընտրատեղամասում. տարեց կնոջ անվան դիմաց նախապես ստորագրված է եղել» վերտառությամբ նյութը։

Ահազանգի հիման վրա կատարված քննությամբ պարզվել է, որ թիվ 10/14 ընտրական տեղամասի ընտրող Ժենյա Ղասաբօղլյանը, այցելելով ընտրատեղամաս, պարզել է, որ իր անվան դիմաց ընտրացուցակում առկա է այլ անձի ստորագրություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։ Կատարվում է քննություն։

Պարզվել է, որ թիվ 10/14 ընտրական տեղամասի ընտրող Ժենյա Վաղարշակի Ղասաբօղլյանը, այցելելով ընտրատեղամաս, պարզել է, որ իր անվան դիմաց ընտրացուցակում առկա է այլ անձի ստորագրություն:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Գրանցամատյանների զննությամբ պարզվել է, որ Ժ.Ղասաբօղլյանի անվան դիմաց լրացված են եղել Երևանի բնակիչ Մ.Ռշտունու անձնագրային տվյալները։ Նախնական քննության տվյալներով՝ վերջինս 2015 թվականի դեկտեմբերի 6-ին գնացել է թիվ 10/14 ընտրատեղամաս, ներկայացրել իր անձնագիրը և ընտրացուցակում ստորագրելով այլ ընտրողի անվան դիմաց՝ քվեարկել այլ անձի փոխարեն։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մ.Ռշտունուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը