Մեկնաբանություն

21.01.2016 11:35


Ինչո՞վ կավարտվի Սերժ Սարգսյան–ՀՅԴ առևտուրը (տեսանյութ)

Ինչո՞վ կավարտվի Սերժ Սարգսյան–ՀՅԴ առևտուրը (տեսանյութ)

Ասել, որ ՀՅԴ–ն Սերժ Սարգսյանի հետ կոալիցիոն թեմայով քննարկումները կամ առանձնազրույցները սկսել է երկու–երեք օր առաջ, սխալ կլինի։ Նրանք դե ֆակտո վաղուց են գտնվում կոալիցիայի մեջ, պարզապես հիմա ուզում են, այսպես ասած, օրինականացնել հարաբերությունները։

Կողմերն իրար լավ են ճանաչում։ Դրա համար էլ իրար չեն վստահում, բայց, միևնույն ժամանակ, իրար կարիքն ունեն։ Այսինքն՝ սերն ու ատելությունն այստեղ միահյուսված են։

Ամեն մեկն իր մասնավոր շահն է հետապնդում ու փորձում առավելագույնը կորզել։ Հանրային ու պետական շահի մասին տվյալ դեպքում խոսելն անգամ անիմաստ է. նման բան չկա։

Տեղին է հիշեցնելը, որ Սերժ Սարգսյանը ՀՅԴ–ից դժգոհելու պատճառ չունի, քանզի այդ ուժը քաղաքական ամենալարված փուլերում հրապարակային կամ ոչ հրապարակային տարբերակով մշտապես սատարել է նրան և յուրօրինակ ականի դեր կատարել ընդդիմադիր դաշտում։ Բացառությունը 2012–ի խորհրդարանական ընտրություններն էին, երբ ՀՅԴ–ն անկեղծորեն պայքարում էր իշխանությունների դեմ և հանուն իշխանափոխության։ Մնացած դեպքերում (2013–ի նախագահական ընտրություններին նախորդող շրջան, քառյակի պայքար, Սերժ Սարգսյանի ծրագրերի կյանքի կոչմանը միտված սահմանադրական փոփոխություններ և այլն) ՀՅԴ վերնախավը միշտ նույն գծի վրա է եղել՝ սպասարկելով ՀՀԿ ղեկավարի շահը՝ թերևս ոչ առանց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ու էլի մի քանի հոգու անձնական շահի բավարարման։

Այն, ինչ տեղի է ունենում հիմա, առևտուր է՝ բազառ։ Սարգսյանն ուզում է գին գցել ու նոր միայն կոալիցիա մտցնել ՀՅԴ–ին, իսկ վերջինս ուզում է շատ վերցնել, քանզի հասկանում է, որ հիմա հարմար պահ է. հետո չի ստացվի, և, բացի այդ, կա «քցվելու» վտանգ։

Իսկ ով ինչ է ուզում և ինչու է հիմա ուզում հարցերի շուրջ մեր գնահատականներն ու վերլուծությունները կներկայացնենք ստորև։

Նախագա՛հ, մի՛ զիջիր ... լավ, էլի, մի՛ զիջիր ... ախր, մենք ինչպե՞ս վեր կենանք աթոռներից ու գնանք ... մի՛ զիջիր

ՀՅԴ հայաստանյան վերնախավը Սփյուռքի ճնշման տակ դուրս եկավ իշխող կոալիցիայից «Ֆուտբոլային» դիվանագիտության սկզբնական փուլում, սակայն կոալիցիա վերադառնալու միտքը նրանց երբեք չի լքել։ Վերադարձի համար առիթ ու հնարավորություն էր պետք։ Նաև՝ «գաղափարական» հիմնավորում։ Արդյունքում՝ ծնվեցին ՀՅԴ–ի 7 կետերը, որոնք պետք է քաղաքական շղարշի դեր կատարեին առևտրային հարաբերություններում։

Նկատենք, որ ոչ կոալիցիոն մեխանիզմներով Սարգսյանն ու ՀՅԴ–ն մշտապես համագործակցել են ու տարատեսակ գործարքներ կնքել։

Սարգսյան–ՀՅԴ խոշոր գործարքը տեղի ունեցավ Ղարաբաղում, որտեղ որոշակի իշխանական քվոտաներ տրամադրվեցին «սկզբունքային» դաշնակցականներին՝ փոխվարչապետի, գործադիր այլ լծակների և պատգամավորական մանդատների տեսքով։

ՀՅԴ–ն հույս ուներ Ղարաբաղում առաջին ջութակի դերը ստանձնել այնպես, ինչպես 90–ականների սկզբում (դա այն փուլն էր, երբ Ղարաբաղում խորհրդարանական կառավարման համակարգ էր, և երբ մենք իրար հետևից տարածքներ էինք կորցնում), սակայն ԼՂՀ խորհրդարանական վերջին ընտրություններն այնպես կեղծվեցին, որ ՀՅԴ–ին այլ բան չմնաց, քան ստացածով բավարարվելը։

Ի դեպ, Ղարաբաղում ՀՅԴ–ն իշխանական լծակներ ստացավ խորհրդարանական ընտրություններից առաջ, որպեսզի կարողանա որոշակի վարչական ռեսուրսով ձայներ հավաքել։

Նույն բանն այժմ փորձում են դաշնակցականները կիրառել Հայաստանում, սակայն խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը չի ուզում լուրջ դեր տալ նրանց։ Նա փորձում է մի կողմից չկորցնել ՀՅԴ–ին, բայց, մյուս կողմից, էժան գնով ձեռք բերել «հին ընկերների» հնազանդությունը։

Դեմ ըլլալով՝ կողմ ենք ու կողմ ըլլալով՝ դեմ, բայց միշտ պատրաստ ենք գործարքի

ՀՅԴ–ում գիտեն, որ իրենց «սկզբունքայնության» և տարատեսակ գործարքների արդյունքում գրեթե զրոյական վարկանիշ ունեն և որևէ շանս չունեն ապագա խորհրդարան մուտք գործելու համար։

Բացի վարկանիշից՝ չկա նաև անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսը. Սարգսյանն այդ առումով ակնհայտորեն սրանց երես չի տվել, դե, իսկ Հրանտ Մարգարյանը, ըստ լավատեղյակների, սիրում է նախ իր անձնական «բոստանը» ջրել, ապա նոր միայն կուսակցական «արտը»։

Մի խոսքով, ՀՅԴ–ն ո՛չ վարկանիշ ունի, ո՛չ փող ունի, ոչ էլ վարչական ռեսուրս, որպեսզի 2017–ին կարողանա անցնել խորհրդարան ու մնալ ջրի երեսին։ Ահա դա է պատճառը, որ Մարգարյանը սկզբունքորեն ընդունել է ՀՀԿ–ի՝ իշխող կոալիցիայի մաս կազմելու առաջարկը (ուշագրավ է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հերքում է, որ նման առաջարկ է եղել, և կա քննարկում. Սարգսյանը Վահրամ Բաղդասարյանի շուրթերով բացահայտորեն «փչացնում» է դաշնակցականներին)։

ՀՅԴ–ին պետական լծակներ են պետք՝ պորտֆելների տեսքով, որպեսզի նախ հնարավոր լինի լուծել փողի հարցը (Հայաստանում պաշտոն, այդպիսի հնարավորություն է տալիս), և բացի այդ՝ վարչական ռեսուրսն օգտագործվի ընտրությունների ժամանակ։ Խորհրդարան անցնելու այլ շանս ՀՅԴ–ն չունի, և դա է պատճառը, որ անգամ հանրային հերթական թուքումուրի տակ Մարգարյանը դեմ չէ իր հին ընկերներին մտցնել կոալիցիա։

«Ես շատ լավ գիտակցում եմ, որ այսօրվա բարոյահոգեբանական մթնոլորտի մեջ մեզ ձեռնտու չի կոալիցիայի անդամ լինել, որովհետև նոր խոսակցությունների, նոր քննադատության․․․ Թեպետ, միշտ եղել է դա: Հիմա էլ կլինի: Գիտեմ, որ քաջություն պետք է այս պայմանների մեջ այդ պատասխանատվության տակ մտնելը: Բայց ես ուրիշ ելք չեմ տեսնում այս երկրի վիճակը փոխելու»,– «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Մարգարյանը։

Եթե «թարգմանենք» նրա ասածները, ապա կստանանք հետևյալը. «Այո՛, ես շատ լավ գիտակցում եմ, որ կոալիցիայի թեման արծարծելով՝ հերթական անգամ ՀՅԴ–ն վարկաբեկվելու է հանրության մոտ, բայց առանց այդ էլ շատ ցածր է մեր վարկանիշը, ու ավելի ներքև ընկնելու տեղ չկա, և հետո ամենակարևորը՝ մենք այլ ելք չունենք ապագա խորհրդարանում հայտնվելու, քան պաշտոնների միջոցով դա անելն է։ Համ էլ՝ Սերժից աթոռ պետք է վերցնել հիմա, թե չէ հետո կարող է ամեն ինչ փոզմիշ լինել։ Ինչ վերաբերում է հանրությանը, ապա մենք փոխադարձաբար իրար չենք հարգում, այնպես որ, ձևականությունների հետևից ընկնելն իմաստ չունի. պետք է ամեն գնով պաշտոն պոկել»։

Առևտրի «գաղափարական» կողմը

Հրանտ Մարգարյանը հայտարարում է, որ իրենք կոալիցիա են ուզում մտնել, քանզի պատասխանատու ուժ են ու նաև՝ գաղափարական։ Գնում են, իբր, հանուն հայրենիքի ներսից բան փոխելու (բոլոր հաճախորդները նման ձևակերպում են օգտագործում)։ Դրանք, իհարկե, բառեր են։ Վերևում արդեն նշեցինք, թե որն է ՀՅԴ–ի բուն մոտիվացիան, և դա ակնհայտ է։

Ինչ վերաբերում է գաղափարականությանը, ապա նշվում է, թե, իբր, Սերժ Սարգսյանը 7 կետերում նշված պահանջները համարյա կատարել է, կամ կատարելու փուլում է։ Հատուկ շեշտվում է, որ հանրաքվեով փոխվեց կառավարման համակարգը, և հայ–թուրքական արձանագրություններից էլ հեսա–հեսա պաշտոնական Երևանը վերջնականապես հրաժարվում է։ Այս երկրորդ պնդումն, ի դեպ, շատ հետաքրքրական է ու լուրջ կոնտեքստ ունեցող։

Բանն այն է, որ հայ–թուրքականի հարցով ՀՅԴ–ն ուզում է փրկել դեմքը ու նաև՝ կուսակցության իմիջը։ Նրանց մոտ Հայոց ցեղասպանության թեման անկյունաքարային նշանակություն ունի։ Կարելի է ասել, որ Սփյուռքում ՀՅԴ–ն դրա վրա է հենված։ Ու հիմա եթե հայ–թուրքական արձանագրությունների վրայից Երևանի ստորագրությունը չի հանվում, բայց ՀՅԴ–ն մտնում է իշխող կոալիցիա, ապա փլուզվում է 125–ամյա մի ամբողջ համակարգ։ Դե, իսկ Սերժ Սարգսյանն ամեն ինչ «խուրդելու», վարկաբեկելու և այլասերելու հատկություն ունի։

Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի ՀՅԴ–ի թույլ տեղը և ցանկանում է այդ ուժին կոալիցիա մտցնել հայ–թուրքական արձանագրությունների առկայությամբ, որպեսզի «փչացնի» նրանց, «փչացնելուց» հետո գին գցի ու հետագայում հարմար տարբերակով գործարք կնքի կամ էլ չկնքի։

ՀՅԴ–ն էլ իր հերթին է հասկանում այս ամենը, բայց քանի որ կոալիցիա մտնելը այդ կուսակցության վերնախավի համար անձնական շահի բավարարման հարց է, ուստի փորձում են քարոզել, թե, իբր, ԱԺ–ից հայ–թուրքական արձանագրությունները հետ կանչելն արդեն կարելի է դիտարկել որպես ՀՅԴ պահանջի կատարում։ Դաշնակցականներն այդպիսով ուզում են իրենք իրենց ու հանրությանը համոզել, որ ստորագրությունները համարյա հետ են կանչվել, արձանագրություններն ուղարկվել են գրողի ծոցը։ Սարգսյանը, սակայն, նույն Վահրամ Բաղդասարյանի միջոցով շանս չի տալիս ՀՅԴ–ին։ «News.am»-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավարը սառը ջուր է լցրել հայ–թուրքականի մասով Սարգսյանի փաստաբանի դեր ստանձնած ՀՅԴ–ականների վրա։

Անդրադառնալով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե արձանագրությունների հետ կանչելն արդեն բավական է, իսկ ստորագրությունը մի շտրիխ է, որն արդեն հընթացս տեղի կունենա, եւ Սերժ Սարգսյանը մինչեւ իր պաշտոնավարման ավարտը դա կանի, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Սերժ Սարգսյանը նման հայտարարություն չի արել, ու նման քննարկում չի եղել. կսպասենք հայ-թուրքական հարաբերությունների զարգացումներին: Ստորագրության հետ կանչելը չի կարող կապ ունենալ Դաշնակցության պահանջի հետ. ինչ է՝ նախապայմա՞ն են դնում, մենք նախապայմանով չենք առաջնորդվում»:

Ահա այս հարցում էլ «քաշվում» են դաշնակցականները, քանզի Սարգսյանը նրանց «գաղափարական ատմազկայի» տեղ չի թողնում՝ «Եթե պաշտոն եք ուզում, ապա պետք է «փչանաք» բոլոր առումներով ու ամենացավոտ թեմայով պետք է «փչանաք»՝ հայ–թուրքականով, որպեսզի ձեզ ամբողջությամբ ոչնչացնեմ ու սարքեմ Գեղամյան, և որպեսզի հետո խաղեր չտաք» թեմայով։

Դատելով ամենից՝ Սարգսյանը «փչացնում» է իրենից պաշտոն ուզողներին։ Նա «երկխոսության» դուռը ոչ թե լրիվ բաց, այլ կիսաբաց է թողնում (նման փորձ ՀՀԿ ղեկավարն ունի)։

Ո՞րն է Սերժ Սարգսյանի «քյարը»

Հաշվի առնելով ՀՅԴ–ի ներկայիս շատ ցածր վարկանիշը և քաղաքական դաշտի անապատային վիճակը՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Սարգսյանը, ինչպես Մարգարյանն է պնդում, ՀՅԴ–ին առաջարկում իշխող կոալիցիայի մաս կազմել։

Ս. Սարգսյանն ագահ մարդ է և չի սիրում կիսվել, առավել ևս՝ գործընկերներ ունենալ։

ՀՀԿ ղեկավարը մշտապես ցույց է տվել, որ քաղաքական առևտրի մեջ լավ մասնագիտացած է, գիտի բոլորի գները, գիտի գին գցելու ձևերը, հետևաբար առաջին հայացքից անհասկանալի է դառնում, թե ինչ ունի նա ՀՅԴ–ից ստանալիք և ինչ ունի տալիք, որ մի հատ էլ «ամուսնության» առաջարկ է անում։ Վարձահատույց է լինում «սահմանադրական» հեղաշրջման ծրագրին աջակցելու համա՞ր։ Բայց չէ՞ որ նոր Սահմանադրությանն «այո» ասած Արտաշես Գեղամյանի, Արարատ Զուրաբյանի, Լյուդմիլա Սարգսյանի կամ Խոսրով Հարությունյանի գլխավորած կուսակցությունների վարկանիշից ՀՅԴ–ի վարկանիշն առանձնապես չի տարբերվում, մինչդեռ սրանց կոալիցիոն առաջարկ Սարգսյանը չի անում։

Պարզից էլ պարզ է, որ ՀՅԴ–ն որևէ վարկանշային օգուտ չի կարող տալ ՀՀԿ ղեկավարին, ու գումարած դրան՝ կարող է դառնալ ավելորդ ուտող բերան։ Եվ ուրեմն, ինչո՞ւ է Սարգսյանը Մարգարյանին կոալիցիոն առաջարկություն անում, և ո՞րն է ՀՀԿ ղեկավարի «քյարը»։

Այս հարցերի պատասխանները պետք է փնտրել ներքաղաքական, ներիշխանական ու Սարգսյանի հոգեբանական հարթություններում։

Նախ՝ ներիշխանական ու ներքաղաքական մասերով։

ՀՅԴ–ն Սարգսյանին պետք է ներՀՀԿական որոշ խնդիրներ լուծելու, ինչպես նաև ներքաղաքական դաշտն աղճատելու համար (այս թեմայով առանձին անդրադարձ կունենանք)։

Բացի այդ՝ Սերժ Սարգսյանը հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անվան տակ ուզում է դե ֆակտո հարյուր տոկոս մեծամասնական ընտրակարգ ամրագրել ընտրական նոր օրենսգրքի մեջ, որպեսզի կարողանա «խորհրդարանական կայուն մեծամասնություն» ձևավորել և ԱԺ–ի հսկիչ փաթեթը վերցնել։ ՀՅԴ–ն շատ լավ գիտի այդ մասին, բայց լռության ու աջակցության դիմաց իր փայն է ուզում։ Ասել է թե՝ Սարգսյանի համար ՀՅԴ–ի հետ առևտրի բուն թեմաներից մեկը, եթե ոչ գլխավորը, ընտրական նոր օրենսգիրքն է։ ՀՅԴ–ն Սարգսյանի շահերը սպասարկելու համար «բոնուս» է ուզում և ուզում է հենց հիմա՝ պաշտոնների տեսքով, քանզի գիտի, որ հետագայում կարող է «քցվել»։

Սարգսյանին աղմուկ պետք չէ, և նա հակված է ընտրական նոր օրենսգրքի շրջանակներում «երկխոսացնել» ՀՅԴ–ին, բայց գին է գցում։

Կարող է հարց առաջանալ՝ ինչի՞ն են պետք ՀՀԿ ղեկավարին ՀՅԴ–ի ձայները ընտրական նոր օրենսգրքի անցկացման հարցում, եթե ՀՀԿ–ն կարող է միայնակ անհրաժեշտ քանակի «կողմ» ձայներ ապահովել այս ԱԺ–ում։ Մանավանդ որ ՀՅԴ–ն այնքան է կորցրել իր վարկանիշն ու հանրային ընդունելությունը, որ չի կարող Սարգսյանից մերժվելու դեպքում թունդ ընդդիմադիր դառնալ։ Ահա այստեղ է, որ մեզ օգնության է հասնում հոգեբանությունը։

Փորձը ցույց է տվել, որ Սարգսյանը ֆոբիաներ ու կոմպլեքսներ ունի, նաև՝ հիշաչար է։ Նա վախենում է թեկուզև փոքրաթիվ զանգվածներից, որոնք իր կողմից չեն վերահսկվում։

ՀՅԴ–ն Հայաստանում այդպիսի զանգվածներից զուրկ է և չի կարող վտանգ ներկայացնել Սարգսյանի համար, իսկ ահա Սփյուռքում կարող է։ Համենայնդեպս, Սարգսյանն իր փորձից ելնելով է մտածում, որ կարող է։

«Ֆուտբոլային» դիվանագիտության փուլում ՀՅԴ սփյուռքյան շրջանակները խայտառակեցին ՀՀԿ ղեկավարին և՛ Ֆրանսիայում, և՛ Լիբանանում, և՛ ԱՄՆ–ում։ Սարգսյանի ուղղությամբ հոտած ձվեր, բջջային հեռախոսներ ու այլ իրեր էին նետվում, դե, իսկ Փարիզում նրան տեղի ոստիկանությունն էր պաշտպանում ակտիվ դաշնակցականներից, որոնցից մեկը պարզապես խայտառակ արեց Սերժ Սարգսյանին, ով միայն ֆրանսիական ոստիկանության օգնությամբ մի կերպ հեռացավ Կոմիտասի արձանի մոտից (տե՛ս կից տեսանյութերը)։

Սարգսյանը սրանից է վախենում ու դրա համար է փորձում ՀՅԴ–ին բաց չթողնել, թե չէ Հայաստանի ներսում այդ ուժն այնպես է ինքնավարկաբեկվել, որ որևէ իմաստ չկա կոալիցիոն առաջարկ անելու։

Սարգսյանը շատ լավ հիշում է իր ծանր օրերը «նախաձեռնողականության» բուռն շրջանում։ Հիշում է ու պահանջում։ Պահանջում է ՀՅԴ–ի հայաստանյան վերնախավից ուրանալ Հայոց ցեղասպանությունը՝ կոալիցիայի մաս կազմելով հայ–թուրքական արձանագրությունների առկայության պայմաններում։ Դրանով Սարգսյանն ուզում է նաև իր վրեժն առնել դաշնակցականներից Բեյրութի, Փարիզի ու Լոս Անջելեսի համար։

Կոպիտ ասած՝ Սերժ Սարգսյանը ՀՅԴ բյուրոյին առաջարկում է լիզել թքածը, այն է՝ վերադառնալ կոալիցիա՝ հայ–թուրքական արձանագրությունների «հովանու» ներքո, այսինքն՝ դառնալ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման համահեղինակներ։

ՀՅԴ վերնախավի համար այդպիսով նժարի վրա է դրվում Հայոց ցեղասպանության հարցն ու կուսակցության իմիջը մի կողմից, և անձնական բարեկեցության հարցը՝ մյուս կողմից։ Կռահեք երեք անգամից՝ ո՞րն ավելի ծանր կկշռի սրանց համար։

Խե՜ղճ 1,5 միլիոն սպանվածներ։ Նրանց առևտրի առարկա են դարձրել մայր Հայաստանում։

Ահա այսպիսի գաղջ բաներ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը