Աշխարհ

Դեկտեմբեր 25, 2010 10:48

Ի՞նչ է Ջավախքի նշանակությունը հայ ժողովրդի ու Հայաստանի համար

Ի՞նչ է Ջավախքի նշանակությունը հայ ժողովրդի ու Հայաստանի համար

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշճյան» դահլիճում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնությամբ կազմակերպած հավաք-քննարկում նվիրված ջավախքաբնակ հայտնի ազգային գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին և Ջավախքի հիմնախնդիրներին։

Ստորև ներկայացնում ենք «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Յենիգոմշյանի ամբողջական ելույթը։

Ի՞նչ է Ջավախքի նշանակությունը հայ ժողովրդի ու Հայաստանի համար: Ինչքան էլ որ պատասխանը ակնհայտ լինի, անհրաժեշտ է դա ամրագրել: 

1. Ջավախքը Հայկական Բարձրավանդակի անբաժանելի մասնիկն է: Տարածաշրջանում ազգերի կազմավորման ժամանակաշրջանից այն բնակեցված է եղել հայերով: Բացի պատմական մի որոշակի ժամանակաշրջանից, հայերը կազմել են տեղի բնակչության ջախջախիչ մեծամասնությունը: Այսօր ևս հայերը Ջավախքում բնակչության մեծամասնությունն են կազմում: 

2.  Պատմական և աշխարհաքաղաքական պատճառներով այսօր, ինչպես երբեմն եղել էր անցյալում, Ջավախքը հայկական պետականության մաս չի կազմում: Ներկայումս այն մաս է կազմում վրացական պետությանը: Աշխարհաքաղաքական և այլ հանգամանքների բերումով, հայկական պետության հետ Ջավախքի վերամիացումը հայկական պետականության և հայ ազգի տեսանելի առաջադրանքների ու ծրագրերի օրակարգում տեղ չի գրավում: Այս վերջին կեցվածքը, սակայն, պայմանավորված է Ջավախքում ջավախահայության ստեղծագործ կենսագործունեության պայմանների երաշխավորումով, Ջավախքի հայկական յուրահատկության և տարածքի հայ բնակչության իրավունքների երաշխավորումով:

3. Վերոնշյալ երկու կետերը հանգեցնում են հետևյալ եզրակացության' վրացական գերիշխանությամբ հանդերձ, Ջավախքը հայրենական հող է և  անընդունելի է Ջավախքին ու ջավախահայությանը համարել սփյուռք և նրանց հետ հարաբերվել որպես այդպիսիներ:

4. Որպես հայրենական տարածք իր ներկայացրած առանձին նշանակությանը զուգահեռ, Ջավախքը' ներկա Հայաստանի անվտանգության համար ներկայացնում է ռազմավարական անգնահատելի նշանակություն: Նրա պահպանումն ու հզորացումը լավագույն գրավականն են արտաքին աշխարհի հետ երկրի հաղորդակցական միջոցների ընդլայնման և Հայաստանի ամբողջական շրջապատման նկրտումների խափանմանը, և ընդհակառակը, նրա թուլացումն ու կորուստը անխուսափելիորեն բերելու են արտաքին աշխարհի հետ երկրի հաղորդակցության ուղիների հետզհետե ամբողջական փակման ու թուրքական ժողովրդների կողմից երկրի ամբողջական շրջափակմանը:

5. Հիմնվելով վերոնշյալ իրողությունների վրա, Հայաստանի և հայության կողմից Ջավախքի նկատմամբ իրականացվող քաղաքականության առանցքը պետք է կազմի տարածքի հայկականության պահպանման, դրա շարունակականության երաշխավորման ու մշտական հզորացման իրականացման նպատակը: Հայաստանի ու հայ ազգի համար այս առաջադրանքը ներկայացնում է ռազմավարական և ազգային անվտանգության առումներով անգերագնահատելի նշանակություն:

Այս նպատակների և առաջադրանքների իրականացման համար մղվող պայքարի առաջամարտիկները,  2000-ական թվականներին, եղել էին մի խումբ երիտասարդներ, Վահագն Չախալյանի ղեկավարությամբ:

Որքանո՞վ է այսօր պահպանվում Ջավախքի հայկականությունը և ի՞նչ միտումներ են առկա:

Վրացական իշխանությունների կողմից Վահագն Չախալյանին հակաօրինականորեն 10 տարվա ազատազրկման ենթարկումը և մյուս երիտասարդների դեմ հալածանքները այդ հարցի լավագույն պատասխանն են:

Տարիներ ի վեր Ջավախքի իրավիճակը բնութագրվում է երեք գործոններով. վրացական համակողմանի գրոհ և հայկական գործոնի ու ընդհանրապես հայության արտամղման փորձ, արտագաղթ, և այս երկուսին զուգահեռ' ՀՀ իշխանությունների հանցագործ անտարբերություն, երբեմն ուղղակի մեղսակցություն վրացական իշխանությունների քայլերին, ինչպես Վահագն Չախալյանի և ընկերների դեմ հալածանքների պարագայում:

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական համաղետն ու արտագաղթը երկրում տիրող համակարգի ուղղակի հետևանքն են:  Իսկ Ջավախքից արտագաղթը արդյունքն է վրացական ագրեսիվ քաղաքականության ստեղծած անապահովության մթնոլորտի, սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի, ու այս իրականությունների դիմաց ՀՀ-ից'ակնկալվող օժանդակությունների բացակայության ստեղծած հոգեբանական մթնոլորտի: Սոցիալ-տնտեսական անմխիթար իրավիճակը իր հերթին գլխավորաբար հետևանքն է և' վրաց իշխանությունների և' ՀՀ իշխանությունների ուշադրության բացակայությանն ու անտարբերությանը: Վերջին հաշվով, հետևաբար, Ջավախքի հայկականությունը հարվածներ է ստանում և հետընթաց է ապրում վրացական ուղղակի քաղաքականության և ՀՀ անտարբեր և հաճախ մեղսակից քաղաքականության արդյունքում:

Ջավախքում վրացական ագրեսիայի ու հայկական գործոնի դուրս մղման փորձերի օրինակներն անհամար են: Երկու երևույթների մատնանշումը բավարար է իրականության պատկերն ունենալու համար:

Ջավախք այցելող ցանկացած մարդ անմիջապես կզգա ահաբեկման և վախի այն մթնոլորտը, որ տիրում է շրջանում: Այս մթնոլորտը հաստատվել է նաև տեղի հայ գործակալների ակտիվ մասնակցությամբ: Մշակութային սահմանափակ և ամենաանմեղ միջոցառումներն անգամ տեղի են ունենում ուժային կառույցների խիստ վերահսկողության ներքո:

Տարածաշրջանում «ժողովրդավարության ու ազատությունների դրոշակիր» Վրաստանը խստիվ արգելում է հայալեզու գրականության մուտքը Ջավախք և ընդհանրապես իր վերահսկողության տարածք:

Վրաստանի իշխանությունների մողմից Ջավախի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը արդյունք է մի կողմից նրա փոքր-կայսերական նկրտումներին և մյուս կողմից նրա հակահայկական բարդույթներին: Իր այդ կարճատես քաղաքականությամբ Վրաստանն իրականում իր իսկ գերեզմանն է փորում, որովհետև հաջողության պարագայում այդ քաղաքականությունը հանգեցնելու է ոչ թե վրացական, այլ թուրքական Ջավախքի գոյացմանը:

Պատմության ընթացքում Վրաստանի ժողովուրդները երբեք կայուն և երկարատև բնակություն չեն հաստատել խստաշունչ կլիմայով հատկանշվող Ջավախքում և երբեք մեծամասնություն չեն կազմել այնտեղ: Իրենց ազգայնամոլական հակահայկական քաղաքականության հաջողության պարագայում ևս Ջավախքը վրացիներով չի բնակեցվելու, այլ թուրքերով, լինեն նրանք այսպես կոչված մեսխեթցի կամ.այլ թուրքեր: Չենք խոսում անգամ այն մասին, որ իրենց ներկա ժողովրդագրական աղետալի վիճակի պատճառով, վրացիները, ցանկության պարագայում անգամ, չեն կարողանա բնակեցնել Ջավախքը: Իրենց հակահայկական քաղաքականության հաջողության պարագայում ո'չ միայն Հայաստանն է ամբողջությամբ շրջապատվելու թուրքերով, այլ Վրաստանն ինքը կորցնելու է արևելյան և արևմտյան թուրքերի միջև աշխարհագրական կամուրջ լինելու իր ներկա կարգավիճակի ներկայացրած նշանակությունը և դրանից բխող առավելությունները: Այդ պարագայում թուրքերը կարիք չեն ունենալու Վրաստանի «ծառայություններին»:  Եթե Վրաստանին չի հուզում իր իսկ քաղաքականության արդյունքում սպասվելիք այս հեռանկարը, ապա Հայաստանին ու հայերիս շատ է հուզում և մենք թույլ չեն տա դրա իրականացումը:

Հայերը իհարկե թույլ չեն տա: Բայց ի՞նչ են անում Հայաստանի այսօրվա իշխանությունները:

ՀՀ ներկա իշխանությունները ո'չ միայն համապատասխան քայլերի չեն դիմել պաշտպանելու համար ջավախահայության թեկուզ և փոքրամասնական համարվող իրավունքները, այլ ընդհակառակը' գործնական հանցավոր մասնակցություն են բերել ջավախահայության դիմադրության ոչնչացմանը' Վահագն Չախալյանի կալանավորում ու վրաց իշխանություններին հանձնում: Նրանք ո'չ մի աշխատանք չեն կատարել ՀՀ հետ Ջավախքի տնտեսական համալրման ուղղությամբ: Ընդհակառակը, Բավրայի սահմանակետը և մաքսային ծառայությունը մշտապես խոչընդոտել և արհեստական դժվարություններ են ստեղծել ապրանքափոխանակման համար: Այս իշխանությունները լուռ են մնացել Ջավախքում վրացական բոլոր ոտնձգությունների դիմաց:

ՀՀ իշխանությունները իրենց դավաճանական քաղաքականությունն արդարացնում են երկրի աշխարհագրական դիրքով և հետևաբար Վրաստանից կախված լինելու պատճառաբանությամբ: Մինչ կախվածության իրողությունը ամբողջապես զուրկ չէ ճշմարտություն լինելուց, այն երբեք չի կարող արդարացնել իշխանությունների անտարբերությունն ու հատկապես վրաց իշխանություններին մեղսակցությունը: Իրականում կախվածությունը երկկողմանի է: Մինչդեռ, իր այս քաղաքականությամբ ՀՀ իշխանավորները վրացական կողմին քաջալերում են անխափան շարունակել իրենց գրոհը:

Արդարև, խնդրի դրվածքն այնպիսին չէ, որ աշխարհագրականորեն Վրաստանից իր կախվածության հետևանքով Հայաստանն անկարող լինի Ջավախքի հարցում ավելի վճռական լինելուց:  Վրաստանի հետ իր հարաբերություններում, Ջավախքը Հայաստանի համար թույլ կետ չի հանդիսանում: Ընդհակառակը:  Հայաստանը Վրաստանի նկատմամբ ունի լծակներ ու Ջավախքն այդ լծակներից ամենակարևորն է: Հայաստանը ամբողջությամբ մեկուսացած և ամբողջությամբ Վրաստանի ողորմածությանը ենթակա կլինի միայն այն օրը, երբ այլևս հայկական Ջավախք գոյություն չի ունենա:

Իրականում հայկական իշխանավորների այդ կեցվածքը պայմանավորված է ոչ միայն պետականության ու ազգի նկատմամբ նրանց ունեցած հանցավոր անտարբերությամբ, այլև Վրաստանի ու Վրաստանով անցնող ճանապարհների հետ կապված տնտեսական սեփական շահերով:

Իշխանությունների այս քաղաքականությունը երբեք զարմանալի չէ: Իրենց գերիշխանության տարածքում ոչ միայն հակաժողովրդական, այլև ազգն ու պետականությունը դեպի վերացում առաջնորդող քաղաքականություն վարող իշխանություններից չի կարելի ջավախահայության իրավունքների պաշտպանություն ակնկալել: Նրանց ջավախքյան և ընդհանրապես վրացական քաղաքականությունը պարզապես ընդհանուր ազգադավ քաղաքականության  շղթայի մի օղակն է:

Ջավախքի խնդիրը չի կարող լուծվել ՀՀ ներկա իշխանությունների օրոք: Ինչպես բոլոր մյուս հարցերի, նույնպես և այս հարցի լուծումը պահանջում է համակարգափոխություն:

Դա չի նշանակում, որ մինչև ՀՀ-ում համակարգափոխության իրականացումը Ջավախքում ոչինչ չի կարելի անել:  Իհարկե, ոչինչ չի կարող փոխարինել այն ամենին, ինչ կարող է իրականացնել պետությունը: Բայց երբ օրվա իշխանությունները ոչ միայն թերանում են իրենց անելիքներում, այլև հակառակ քայլերի են դիմում, մեզ մնում է, որ այդ աշխատանքները իրականացնեն ոչ պետական կառույցները և հասարակական նախաձեռնությունները: Խոսքը վերաբերվում է Ջավախքի հայկականության պահպանմանը, ջավախաբնակ հային' հողին կառչած մնալը ամրապնդելու միտող քայլերին' տնտեսական, մշակութային, հոգեբանական և այլն բնագավառներում:

Բոլոր դեպքերում, և հակառակ ամեն ինչի, Ջավախքի համար գոյություն ունի երկու տարբերակ:

  1. Վրաստանի կազմում' շրջանի կարգավիճակ, որտեղ երաշխավորված կլինեն հայ բնակչության ազատ ինքնադրսևորման բոլոր պայմանները:
  2. Արցախի ճակատագիր. այսինքն միացում փաստացի Հայաստանի Հանրապետությանը:

Երրորդ տարբերակը, այսինքն Ջավախքի նախիջևանացումը, այլ խոսքով նրա հայաթափումը և հայերի համար այդ տարածքի կորուստը, բացառվում է: Վրացական ազգայնամոլությունը ձգտում է դրան, վայելելով իր արևմտյան ու արևելյան հարևանների խրախուսանքն ու օժանդակությունը: Բայց հայերը դա թույլ չեն տա: Ջավախքի նախիջևանացման ցանկացած փորձի պատասխանը լինելու է Ջավախքի Արցախացումը:

Վրաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենց համար լավագույն տարբերակը մնում է ջավախահայության իրավունքների ամբողջական հարգումը: Իսկ դա ապացուցող առաջին քայլերից մեկը, այլ միջոցառումների կողքին, պետք է լինի Վահագն Չախալյանի ազատ արձակումը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ադրբեջանում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2025-ի ապրիլին

Ադրբեջանում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2025-ի ապրիլին

Դեկտեմբեր 18, 2018 15:46 Լրամշակել են Ընտրական օրենսգիրքը։
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Մոուրինյուի պաշտոնանակության մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Մոուրինյուի պաշտոնանակության մասին

Դեկտեմբեր 18, 2018 15:33 Շուտով կհայտարարեն, թե ով կլինի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը մինչև մրցաշրջանի ավարտը:
Այսօր Միգրանտների միջազգային օրն է

Այսօր Միգրանտների միջազգային օրն է

Դեկտեմբեր 18, 2018 07:55 1990թ. հենց այս օրն է ընդունվել ՄԱԿ-ի կոնվենցիան:
Ուժգին պայթյուն է տեղի ունեցել Հունաստանի Skai հեռուստաալիքի շենքի մոտ (տեսանյութ)

Ուժգին պայթյուն է տեղի ունեցել Հունաստանի Skai հեռուստաալիքի շենքի մոտ (տեսանյութ)

Դեկտեմբեր 17, 2018 12:10 Չպարզված հզոր պայթուցիկ սարք է գործի դրվել։
Մխիթարյանի դուբլը չօգնեց. «Արսենալը» ընդհատեց անպարտելիության շարքը (տեսանյութ)

Մխիթարյանի դուբլը չօգնեց. «Արսենալը» ընդհատեց անպարտելիության շարքը (տեսանյութ)

Դեկտեմբեր 16, 2018 19:36 Դրամատիկ պայքարում անցած խաղն ավարտվել է 3:2 հաշվով:
Վրաստանի նորընտիր նախագահը ստանձնեց պարտականությունները

Վրաստանի նորընտիր նախագահը ստանձնեց պարտականությունները

Դեկտեմբեր 16, 2018 19:14 Երդմնակալության արարողությունն ուղեկցվել է բողոքի ակցիայով։
Վրաստանում ընդդիմությունը հասել է Թելավի․ ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում ընդդիմությունը հասել է Թելավի․ ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Դեկտեմբեր 16, 2018 15:24 Խանգարում են Զուրաբիշվիլիի երդման արարողությանը:
Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը

Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը

Դեկտեմբեր 15, 2018 15:43 Կկայանան ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները: 
Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տոնել MMA-ում (տեսանյութ)

Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տոնել MMA-ում (տեսանյութ)

Դեկտեմբեր 15, 2018 10:41 «Մարտեր առանց կանոնների» մրցման երեկոյի ընթացքում։
Ջավախահայերը փակել էին հայ-վրացական սահմանը․ բողոքի ցույց էին անում (տեսանյութ)

Ջավախահայերը փակել էին հայ-վրացական սահմանը․ բողոքի ցույց էին անում (տեսանյութ)

Դեկտեմբեր 15, 2018 10:03 Պահանջում էին հանդիպում ՀՀ կառավարության անդամների հետ։
ՀՀ սահմանի որոշ հատվածի դեմ Ադրբեջանի բանակին կփոխարինի Պետական սահմանապահ ծառայությունը

ՀՀ սահմանի որոշ հատվածի դեմ Ադրբեջանի բանակին կփոխարինի Պետական սահմանապահ ծառայությունը

Դեկտեմբեր 15, 2018 09:53 Բանակից հետո երկրորդ ռազմական ուժն է Ադրբեջանում:
Այսօր նշվում է Թեյի միջազգային օրը

Այսօր նշվում է Թեյի միջազգային օրը

Դեկտեմբեր 15, 2018 07:34 Հայտնագործվել է Չինաստանի կայսր Շենոմ Նունգոյի կողմից։
Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով աշխարհում առաջատարն է

Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով աշխարհում առաջատարն է

Դեկտեմբեր 14, 2018 17:24 2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայում եղել է 68 ազատազրկված լրագրող։

Թունավորվել են Վանաձորում

Դեկտեմբեր 18, 2018 19:50