Քաղաքական

12.07.2018 00:19


Դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ, լրացված)

Դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ, լրացված)

Դատարանը բավարարել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով Հայկ Սարգսյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Հիեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին հրազենային վնասվածք ստանալու իրական հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դավիթ Սիմոնյանը՝ հրազենային վնասվածքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 2007 թվականի ապրիլի 1-ին՝ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին:

Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված՝ 2018 թվականի հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել էր նշված որոշումը, և քրեական գործը ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին` նախաքննություն կատարելու նպատակով։ Նույն օրը քննիչն այն վարույթ էր ընդունել և ձեռնարկել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որԴ.Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, միջադեպին ականատես անձի ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել՝ սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

***

2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ թիկունքի մասում վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։ Նույն օրը՝ ժամը 20:40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է եկել Երևանի բնակիչ Արթուր Ղևոնդյանը՝ ներկայացնելով 9մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։ Ղևոնդյանը հայտնել է, որ ատրճանակը մայրաքաղաքի Թումանյան փողոցի թիվ 11Ա շենքի բակում գտել են ինքն ու հիվանդանոց տեղափոխված երիտասարդը։ Երբ վերջինիս ձեռքից փորձել է հրազենը վերցնել, կրակոց է արձակվել, ինչի հետևանքով էլ երիտասարդը վիրավորվել է։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2007 թվականի ապրիլի 1-ին հիվանդանոց տեղափոխված երիտասարդը վիրավորվել է ոչ թե ատրճանակից պատահաբար արձակված կրակոցի հետևանքով, այլ նրա ուղղությամբ կրակել է Երևանի բնակիչ, 34-ամյա Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը։ Նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է 2007 թվականին հարուցված քրեական գործի կարճման որոշումը։

Հարուցվել է նոր քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ՀՀ գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ համագործակցությամբ, ձեռնարկված ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայկ Սարգսյանին հուլիսի 4-ին հայտնաբերեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և բերման ենթարկեցին գլխավոր վարչություն։ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը՝ մեկնելով Ֆրանսիա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում նրա մտադրությունը չիրականացվեց։ Հայկ Սարգսյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին։

Մեղադրանքի առաջադրումից հետո՝ հուլիսի 11-ին, դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել նաև, որ 2007թվականի ապրիլի 1-ին ատրճանակով ոստիկանության Կենտրոնական բաժին ներկայացած և դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնած Արթուր Ղևոնդյանը բնակվում է Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Տարված բացատրական աշխատանքների արդյունքում 35-ամյա Ղևոնդյանը հուլիսի 8-ին ներկայացել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ապա ներկայացվել նախաքննական մարմնին։

Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը