Լրահոս

07.10.2010 11:20


Բրիտանական ռոքի աստղերը նոր երգ են ձայնագրել Գյումրիի երաժշտական դպրոցի համար

Բրիտանական ռոքի աստղերը հոկտեմբերի 6-ին Լոնդոնի Sarm Studios-ում նոր երգ են ձայնագրել Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock ծրագրի շրջանակներում, որը համատեղ իրականացնում են ավստրալիական Do Something կազմակերպությունը եւ Մեդիամաքս-ը:

Out of My Mind երգի ձայնագրությանը մասնակցել են Իէն Գիլանը (Deep Purple), Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell), Նիկո ՄքԲրեյնը (Iron Maiden) եւ Ջոն Լորդը (նախկինում'Deep Purple):

Բաս-կիթառի պարտիան այս շաբաթ առանձին կձայնագրի ամերիկացի հայտնի մի երաժիշտ, ում անունը կհայտարարվի ավելի ուշ:

Իէն Գիլանն ու Թոնի Այոմին Out of My Mind երգը գրել են 2009թ. հոկտեմբերին' Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում Հայաստան այցելությունից անմիջապես հետո: Հայաստանից վերադառնալուց հետո երաժիշտները հայտարարել են նաեւ, որ ստեղծում են հատուկ խումբ' Who Cares, որի նպատակն է միջոցներ հավաքագրել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման համար: Այսպիսով, Out of my Mind երգի ձայնագրությունը Who Cares-ի առաջին նախաձեռնությունն էր:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ի հատուկ թղթակիցը Լոնդոնից, հոկտեմբերի 6-ին ստուդիայում երգի ձայնագրությունը շարունակվել է գրեթե ողջ օրը: Եթե Իէն Գիլանն ու Թոնի Այոմին մինչ այդ արդեն ձայնագրել էին կոմպոզիցիայի «սեւագիր» տարբերակները, ապա Նիկո ՄքԲրեյնն ու Ջոն Լորդը առաջին անգամ էին ծանոթանում նյութին անմիջապես ստուդիայում: Չնայած դրան, երկուսն էլ ցուցաբերել են շատ մեծ ոգեւորություն եւ արհեստավարժություն' լուրջ ավանդ ներդնելով երգի վերջնական հնչողության մեջ: Ավելին, Նիկո ՄքԲրեյնին այնքան է դուր եկել այդ փորձը, որ նա Իէն Գիլանին ասել է. «Մեզ անհրաժեշտ է նման բաներ հաճախ անել»:

 «Deep Purple-ի եւ Black Sabbath-ի երկրպագուներն ամբողջ աշխարհում մեծագույն հետաքրքրությամբ են սպասում այդ երգին: Հետաքրքրությունը շատ մեծ է նաեւ այն պատճառով, որ Իէն Գիլանը Black Sabbath-ի անդամն էր 1983 թվականին, եւ երկրպագուները սպասում են' ինչպիսին կլինի Գիլանի եւ Այոմիի համագործակցության նոր փորձը: Կարող եմ ասել, որ Out of My Mind-ը շատ ուժեղ երգ է, հարդ-ռոքի հիանալի օրինակ, որը, վստահ եմ, արժանի տեղ կզբաղեցնի հիթ-շքերթներում»,- ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը, ով Sarm Studios-ում ներկա է գտնվել երգի ձայնագրությանը:  

 Ակնկալվում է, որ Out of My Mind երգը կթողարկվի մինչեւ տարեվերջ: Դրա վաճառքից ստացված բոլոր եկամուտները կուղղվեն Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնմանը:

Ըստ «Մեդիամաքս»-ի

Այս խորագրի վերջին նյութերը