Լրահոս

07.10.2010 13:28


Նոր օրենքների նախագծեր

ՀՀ կառավարության հավանությունն են ստացել «ՀՀ վարչական դատավարության» և «ՀՀ դատական» օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնց մշակման հիմք է հանդիսացել ՀՀ սահմանադրական դատարանի 2010թ. ապրիլի 13-ի N 873 որոշումը։ Հաջորդ որոշմամբ գործադիրը անհետաձգելի է համարել վերը նշված օրինագծերը։
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Մասնավորապես առաջարկվում է գործող օրենքով սահմանված 30 հազարի փոխարեն նվազագույն ամսական աշխատավարձը 2011թ. հունվարի 1-ից սահմանել 32 հազար 500 դրամ։ Այն ունի օրենքի ուժ և նվազման ենթակա չէ։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, ինչը պայմանավորված է նշված օրենքի կիրառման ընթացքում առաջացած հարաբերությունները կանոնակարգելու, առանձին հոդվածներում առկա թերություններն ու բացթողումները վերացնելու, ՀՀ այլ օրենքներում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների' օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։ Կառավարությունը նախաձեռնության հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ ՀՀ կառավարության ներկայացրած վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում։
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը