Մեկնաբանություն

04.02.2016 01:45


Շո՛ւրա, միայն արդարաբար

Շո՛ւրա, միայն արդարաբար

ՀՅԴ վերնախավի մոտ հոգեմաշ սպասման վիճակ է։ Սպասում են պորտֆելներին, վզիկին, տոտիկին ...

Ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում՝ Շո՛ւրա, միայն արդարաբար։

Հիմա ՀՅԴ–ում հույս ունեն, որ իրենց հետ արդարաբար կվարվեն, քանզի իրենք Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ արել են հետևյալը՝ 2013–ի նախագահական ընտրությունների նախաշեմին անցել են Սերժ Սարգսյանի կողմը, անհրաժեշտ պահին դուրս են եկել ոչիշխանական «քառյակից» ու մոռացել 12 պահանջների մասին, քարոզել են «սահմանադրական» հեղաշրջման օգտին ու ՀՀԿ ղեկավարի ցանկությամբ մշտապես մասնակցել են տարատեսակ ֆոտոսեսիաների։ Այսինքն՝ իրենց պահել են օրինակելի հաճախորդի պես։

ՀՅԴ–ականների համար եկել է «Սերժ Սարգսյանի օգտին եղի՛ր պատրաստ» անունը կրող հավատարմության մրցանակ ստանալու պահը, բայց ՀՀԿ–ականները չեն ուզում ավելորդ ուտող բերան բերել կառավարություն միայն այն բանի համար, որ Սերժ Սարգսյանը վախեր ու հաշվարկներ ունի։

Բայց չնայած ՀՀԿ դիմադրությանը՝ Սարգսյանն ուզում է աթոռ տալ իր հին ընկերներին։

Արմեն Ռուստամյանը մի քիչ չափն անցավ ու փչացրեց առևտրային մթնոլորտը, բայց, ամեն դեպքում, ՀՅԴ–ում սպասում են, այսպես ասած, արդարության։

Նկատենք, որ բացի ՀՅԴ–ից՝ «արդարություն» են պահանջում նաև ֆոտոսեսիայի մյուս մասնակիցներն ու ընդհանրապես հաճախորդաց ողջ բանակը։

Բոլորի մոտ առաջացել է հետևյալ հարցադրումը՝ այդ ինչո՞վ է ՀՅԴ–ի հաճախորդությունն ավելի լավը, որ այդ կառույցին կոալիցիա են տանում, պաշտոն տալիս և օգնում փող աշխատել առաջիկա ընտրությունների նախաշեմին, իսկ ահա մյուսներին անտեսում են. ՀՅԴ–ն ոչ պակաս հեղինակազրկված է, հետևաբար անարդար է նրանց ստանալիքը։

Համաձայնե՛ք, որ ներհաճախորդական «բարոյականության» շրջանակներում մյուսների հարցադրումները և նեղացածությունը տեղին են։

Թե ինչպես է հաճախորդաց բանակում Սարգսյանը մարելու բունտը, իր գործն է։ Բացի այդ, նա նաև ՀՀԿ–ի ներսում խնդիրներ ունի։

Մի խոսքով, ծանր օրեր են սպասվում «մարդակենտրոն» Սահմանադրության շրջանակներում։ Սարգսյանը կարող է մնալ իր իսկ «պրյոմի» տակ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը