Մեկնաբանություն

16.02.2016 11:25


Թուրքիան «վիլկայի» մեջ է դնում Ադրբեջանին

Թուրքիան «վիլկայի» մեջ է դնում Ադրբեջանին

Սիրիայում իրավիճակն այնքան է լարվել, որ սպասվում է ավելի մեծ բախում, որի մեջ կարող են ուղղակիորեն ներքաշվել արդեն գերտերությունները։

Թուրքիան ու Սաուդյան Արաբիան փորձում են ԱՄՆ գլխավորած կոալիցիային զուգահեռ՝ մի նոր կոալիցիա հավաքել՝ սուննիական կոալիցիա։ Այսինքն՝ սիրիական պատերազմին փորձ է արվում տալ կրոնական տեսք, որպեսզի աշխարհի սուննիներին, այսպես ասած, լեգիտիմ ձևով Սիրիայում «սրբազան» պատերազմին մասնակցելու հիմքեր ներկայացնեն։

Անկարան իր գլխավորած հակաասադական ու նաև հակառուսական կոալիցիայի մեջ է ուզում մտցնել Ադրբեջանին։ Ալիևին առաջարկում են կողմնորոշվել և ընտրություն կատարել։

Այսպես, Ուկրաինա կատարած այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ է օկուպացրել Ադրբեջանի տարածքները։ Այդպիսով Անկարան ուզում է փչացնել ՌԴ–ի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև ղարաբաղյան նոր լայնամասշտաբ պատերազմի դրդել Բաքվին, ինչից վերջինս ամեն կերպ խուսափում է, քանզի վստահ չէ իր ուժերին։

Բաքվում պաշտոնական մակարդակով դեռ չեն մեկնաբանել Դավութօղլուի այդ հայտարարությունը։ Բայց, թերևս, չեն էլ ուզում մեկնաբանել, քանզի չեն կարող։ Եթե հայտարարեն, որ համաձայն են Դավութօղլուի տեսակետի հետ, ապա Մոսկվայից միանշանակ բացասական արձագանք կստանան։ Եթե չհամաձայնեն, ապա կստացվի, որ պայթում է տարիներ շարունակ Բաքվի փչած այն քարոզչափուչիկը, թե, իբր, հայերը Ղարաբաղում հաղթանակ են տարել բացառապես ռուսների աջակցությամբ։

Ռուսների աջակցության մասին պատմությունը Ադրբեջանում հնարել են սեփական թուլությունը և պարտության բուն պատճառները թաքցնելու համար։

Իրականությունն այն է, որ ռազմի դաշտում հաղթանակ է ապահովել ՀՀ և ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այո՛, ռուսներն օգնել են մեզ զենքով (ՌԴ–ից զենք Ադրբեջանն էլ է ստացել) և Հայաստան Թուրքիայի ուղղակի ներխուժումը թույլ չտալով, բայց եթե մերոնք չկռվեին, ապա ոչ մի զենք ու այլ բան չէր օգնի։ Ադրբեջանում շատ լավ գիտեն, որ դա այդպես է, բայց հեքիաթներ են հորինում, որպեսզի իրենք իրենց համոզեն, որ հայերին պարտվել են ՌԴ–ի պատճառով, և հիմա էլ Կրեմլը չի թողնում, որպեսզի Ադրբեջանը հետ բերի Ղարաբաղը։

Վերադառնալով Դավութօղլուի հայտարարությանը՝ նկատենք, որ այն արվել է փետրվարի 18–ին Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ադրբեջան այցելելուն ընդառաջ։ Դա նշանակում է, որ Անկարան ընտրել է Բաքվին «վիլկայի» մեջ դնելու մարտավարությունը։ Ալիևը, սակայն, ամեն կերպ փորձում է խուսափել Մոսկվայի ու Անկարայի արանքում հայտնվելու հեռանկարից, ինչպես նաև սուննի–շիական բախման կողմ դառնալուց, քանզի Ադրբեջանի ճնշող մեծամասնությունը շիաներ են, իսկ ահա քաղաքական վերնախավը՝ դեպի սուննիական Թուրքիա կողմնորոշվածներ։ Ինքը Ալիևը սուննի քուրդ է։

Այդ պայմաններում Ադրբեջանի նախագահին այլ բան չի մնում, քան մուլտիկուլտուրալիզմ խաղալն ու Թուրքիայի դրած «վիլկայից» ամեն կերպ դուրս պրծնելը։

Փետրվարի 18–ին կերևա, թե իրականում ինչքանով կկարողանա Ադրբեջանը դուրս մնալ իր համար անցանկալի թակարդից։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը