Մեկնաբանություն

17.02.2016 13:55


Ինչու են Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը շատ թանկ. մենաշնորհի հաստատման ճանապարհային քարտեզի մասին

Ինչու են Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը շատ թանկ. մենաշնորհի հաստատման ճանապարհային քարտեզի մասին

Այն հարցը, թե ինչու են Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը (սոլյարկա) շատ թանկ, և ինչու են դրանք Վրաստանում գրեթե կրկնակի էժան, ունի շատ հստակ պատասխան՝ պատճառը մենաշնորհն է։

Ինչքան էլ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը «կռուտիտներ լինի» և իրեն հայտնի կենդանու տեղ դնի՝ փորձելով պաշտպանել իր վերադաս հանդիսացող մենաշնորհատիրոջը, միևնույն է, ամեն ինչ շատ պարզ է։ Կա մենաշնորհ, և մենաշնորհատերը գերշահույթներ է ստանում բարձր գնի միջոցով։

Պարզ է, որ Վրաստան–Հայաստան սահմանին հեղուկ վառելիքի վրա ավելանում է ակցիզային հարկը, գումարվում է տրանսպորտային ծախսը դեպի վառելիքի մեծածախ բազա, իսկ այնտեղից էլ՝ լցակայաններ, բայց, միևնույն է, այդ հավելյալ գումարներն այնքան չեն, որ մեզ մոտ ու Վրաստանում այդքան մեծ լիներ գների տարբերությունը։

Ի դեպ, տեղին է հիշեցնելը, որ միշտ հակառակն է եղել։ Նրանք, ովքեր եղել են Վրաստանում, կհիշեն, որ մինչև մեկ–երկու տարի առաջ Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը թեև Վրաստանով էին բերվում, բայց այնտեղ դրանք ավելի թանկ էին լցակայաններում, քան մեզ մոտ։ Պատճառը Վրաստանում առկա խաղի կանոններն էին ու մեզանում տիրող սուր մրցակցությունն առնվազն չորս խոշոր ներկրողների միջև։ Հիմա պատկերը փոխվել է։

Տնտեսական կոլապսի և կյանքի որակի անկման բուն պատճառը

2008–ից հետո Հայաստանում սկսվեց տնտեսության կենտրոնացման գործընթացը, որը ներառում էր բոլոր ոլորտները։ Դա բերեց կյանքի որակի կտրուկ վատացման։ Ու այստեղ որևէ կապ չունեին միջազգային ֆինանսատնտեսական խնդիրները։ Բուն պատճառը մեզանում իրականացվող քաղաքականությունն է։

Ամեն ինչ սեփական ձեռքերում հավաքելն ունի ինչպես զուտ տնտեսական, այնպես էլ քաղաքական նպատակ։ Բնականաբար, հեղուկ վառելիքի շուկան ևս չէր կարող դուրս մնալ Բաղրամյան 26–ի ուշադրության կենտրոնից և չմնաց։

Երբ 2013–ի սեպտեմբերի 3–ին գիշերային որոշում կայացվեց Մաքսային միություն մտնելու հարցով, իշխանությունները սեփական շահն առաջ մղեցին։ Ռուսների հետ համաձայնության եկան ՌԴ–ից վառելիք մատակարարելու հարցում, և պետականորեն սահմանվեցին մենաշնորհային հարաբերություններ։

Ինչպես առաջացավ մենաշնորհ հեղուկ վառելիքի շուկայում

Մենաշնորհի հաստատման ճանապարհային քարտեզի բացահայտման համար հեռու գնալ պետք չէ։ Ամեն ինչ ներկայացված է Սերժ Սարգսյանի հետ սերտորեն կապված «Ռոսնեֆտ–Արմենիայի» կայքէջում։

Այսպես, կայքից տեղեկանում ենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին «ՆԿ Ռոսնեֆտ» ԲԲԸ Նախագահ, Խորհրդի նախագահ Իգոր Սեչինը և «Օյլ Տեխնո» ՓԲԸ Նախագահ Արթուր Ալավերդյանը համատեղ ձեռնարկության ստեղծման շրջանակում ստորագրել են Բաժնետերերի համաձայնագիր (ի դեպ, «Օյլ Տեխնոն» մինչև այդ որևէ ձևով ներկայացված չի եղել հեղուկ վառելիքի հայաստանյան շուկայում. համենայնդեպս ներկրող չի եղել):

«Փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ և հանդիսանում է մարքեթինգի և դիստրիբուցիայի ոլորտում համատեղ ձեռնարկության ստեղծման նպատակով համագործակցության վերաբերյալ 2013 թ. ապրիլի 4-ին ստորագրված Համաձայնագրի իրականացմանն ուղղված հաջորդ քայլը»։

2013 թվականի դեկտեմբերի 25-ին «ՆԿ Ռոսնեֆտ» ԲԲԸ Նախագահ Իգոր Սեչինի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը: Հայաստանի Նախագահի ներկայությամբ «ՆԿ Ռոսնեֆտ» ԲԲԸ նախագահ Իգոր Սեչինը և «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արթուր Ալավերդյանը ստորագրել են նույն տարվա դեկտեմբերի 10-ին «Ռոսնեֆտ» ընկերության կողմից ստեղծված «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ համատեղ ձեռնարկության շրջանակում նավթամթերքի մատակարարման մասին պայմանագիր: Սա էլ է կայքի տրամադրած տեղեկությունը։

Այդ պայմանագրի կնքմանը հաջորդել է Երևանում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ գրասենյակում 2015թ. մարտի 27-ին «Պետրոլ Մարկետ» ՍՊԸ ակտիվների ձեռքբերման մասին նախնական համաձայնագրի ստորագրումը։ Այդ համաձայնագրի համաձայն՝ «Պետրոլ Մարկետ» ՍՊԸ սեփականության տակ գտնվող ավտոլցակայանների ցանցը, բիտումի արտադրության գործարանը և համապատասխան ենթակառուցվածքը Հայաստանի Հանրապետությունում անցնում են «Ռոսնեֆտ–Արմենիային»։ Իսկ թե որտեղի՞ց է առաջացել «Պետրոլ Մարկետը», և ինչպե՞ս է տեղի ունեցել գործարքը, կայքից, հասկանալի պատճառներով, չենք տեղեկանում։

2015 թվականի օգոստոսի 22–ին այդ գործարքն ամբողջությամբ ավարտվել է:

Ուշագրավ է, որ այս ամենին զուգահեռ՝ Հայաստանում տեղի էր ունենում հեղուկ վառելիքի ներկրմամբ զբաղվող, լցակայանների ցանց ու համապատասխան ենթակառուցվածքներ ունեցող Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա» ընկերությանը իշխանական լծակների կիրառմամբ շուկայից դուրս թողնելու և այդ կազմակերպության ակտիվները վերցնելու գործընթացը։

«Ռոսնեֆտ–Արմենիայում», բնականաբար, կհերքեն իրենց ուղղակի կապը Բաղրամյան 26–ի հետ, ինչպես նաև այն, որ իրենք մենաշնորհ ունեն, բայց Հայաստանը փոքր երկիր է, և մեծ դժվարություն չի պահանջվում՝ պարզելու համար, թե ով ով է։ Համ էլ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ երկրի նախագահի մակարդակով այդպիսի հոգատարություն և ուշադրություն է ցուցաբերվում առանձին վերցրած մեկ կառույցի նկատմամբ։ Մի խոսքով ...

«Ռոսնեֆտ–Արմենիան»՝ մենաշնորհատեր

Եվ այսպես, 2015–ի օգոստոսի 22–ին վերջնական տեսքի է բերվել բենզինի ու դիզվառելիքի շուկայում նախագահական նստավայրի անմիջական մասնակցությամբ մենաշնորհի հաստատման գործընթացը։

Հիմա գործում է հետևյալ սխեման. ռուսական «Ռոսնֆետից» «Ռոսնեֆտ–Արմենիան» բենզինն ու դիզվառելիքն էժան գնով ձեռք է բերում ու հասցնում Հայաստանի սահման, որից հետո սահմանին տեղի է ունենում ապրանքի հանձնում տարբեր կազմակերպությունների՝ անշուշտ, «Ռոսնեֆտ–Արմենիայի» թելադրած գներով։ Արդյունքում՝ ՀՀ սպառողները, չնայած նավթի միջազգային գների կտրուկ անկմանը, լցակայաններից ձեռք են բերում հեղուկ վառելիքը թանկ գնով այնպես, ինչպես Հայաստանի սահման հասած ռուսական էժան գազն են իշխանությունները ՀՀ սպառողներին հասցնում կրկնակի թանկ գնով։

Ինքնին հասկանալի է, որ ռուսներն այս ամենի հետ կապ ունեն այնքանով, որ էժան ապրանք են տալիս Հայաստանին։ Թալանը սկսվում է արդեն մեր երկրի ներսում։

Կրկնենք՝ այս ամենը տեղի է ունենում բացառապես մենաշնորհի պատճառով՝ ՀՀԿ ղեկավարի ուշադիր հայացքի ներքո։

Բաղրամյան 26–ին կցված «Գեբելսյան» քարոզչամեքենայի ֆունկցիան տվյալ դեպքում ռուսներին հայհոյելը, Պուտինին քննադատելն ու Հայաստանում առկա թանկ գների համար նրան մեղադրելն է, որպեսզի այդ «արևմտամետ» աղմուկի տակ հայաստանյան մենաշնորհատերը փող աշխատի։ Ասել է թե՝ «անկախ» լրատվամիջոցները սնվում են նախագահականից նետված փշրանքներով, որոնք նաև բենզինի թանկ գնից են գոյանում։ Ասել է թե՝ Հայաստանի «արևմտամետ» մամուլից ռուսական բենզինի հոտ է գալիս։

Ու այսքանից հետո խոսել տնտեսական ազատ մրցակցության և օրինական ընտրությունների մասին փարիսեցիություն է։ Հետևաբար, գրոշի արժեք չունեն բոլոր գեղեցիկ նախադասություններն ու առաջադեմ մտքերը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը