Մեկնաբանություն

24.02.2016 12:05


Նորացված քարոզչության առանձնահատկությունները

Նորացված քարոզչության առանձնահատկությունները

Դատելով ամենից՝ «անկախ» լրատվամիջոցների վրա «պլան» է դրված ամեն օր անդրադառնալ Սերժ Սարգսյանի «փետրվարյան թեզիսներին» և ասել, որ առաջացել են հանրային դրական սպասումներ:

Տխրահռչակ «Lragir.am»-ն ու «1in.am»-ը, ինչպես նաև քույր կայքերն ու թերթերը կաշվից դուրս են գալիս՝ ապացուցելու համար, որ ՀՀԿ ղեկավարը բարեփոխումների է գնում, և որ նա այլևս առաջվանը չէ: Ճիշտ է, հիմա սրանց մոտ մի փոքր անհարմար բան է ստացվել ՀՀԿ գաղափարական թևի ներկայացուցիչ Մհեր Սեդրակյանի «մոմենտով», բայց դե, «պլանը» դրված է, և այն պետք է կատարվի: Քարոզը տարվում է «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանին բնորոշ ագիտպրոպական «կացնային» մեթոդով, այն է՝ շեշտը դրվում է ձևի, այլ ոչ թե բովանդակության վրա:

Սա, ի դեպ, «Գեբելսյան» քարոզչամեքենայի նոր մոտեցումն է:

Եթե 2008թ. նախագահական «ընտրություններից» հետո Սարգսյանի օգտին քարոզ էր տարվում նրան, նրա ընդդիմախոսներին ու թիմակիցներին սևացնելու տարբերակով («Սերժ Սարգսյանը վատն է, բայց մյուսներն էլ են վատը, և ընդհանրապես բոլորը կեղտոտի մեկն են»), ապա այժմ որդեգրվել է նոր հայեցակարգ:

Սերժ Սարգսյանն իր քարոզչամեքենային հրահանգել է սևացնել բոլորին, այդ թվում՝ «թիմակիցներին», ու սպիտակեցնել իրեն՝ քննադատությունից դուրս թողնելով նաև իր նեղ շրջապատին:

«Հրապարակային քննադատության առարկա չհանդիսացող պաշտոնյան բոլոր առումներով իր տեղում չէ ու այդպիսին էլ դիտարկվելու է: Ի վերջո, ո՞ւմ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց»,- հայտարարել է ՀՀԿ ղեկավարը:

Սա նշանակում է, որ «Գեբելսյան» քարոզչամեքենային հանձնարարված է ամենօրյա ռեժիմով քննադատել բոլոր պաշտոնյաներին: Ու եթե նախկինում քննադատության թիրախ էր նաև ինքը Սերժ Սարգսյանը (դա արվում էր «անկախ» լրատվամիջոցների համար «լեգիտիմություն» ապահովելու և դրանց գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով), ապա այժմ Սարգսյանը «թիմակիցներին» ցույց է տալիս, որ «անկախ» լրատվամիջոցներով քննադատելու է նրանց, որպեսզի բոլորի սևության համապատկերին ինքը սպիտակ երևա: Եվ ընդհանրապես, հիմա ինքը բարեփոխիչ է:

Սա հենց այն մոդելն է, որը ցանկանում է կյանքի կոչել Սարգսյանը նոր Սահմանադրության միջոցով, այն է՝ զրո պատասխանատվություն, լիքը լիազորություններ և քավության նոխազների «ինստիտուտ»: Ըստ այդմ՝ բոլորը պետք է լինեն «խուրդված» ու վարկաբեկված, և միայն «վոժդը» պետք է քննադատությունից դուրս լինի: Բնականաբար, պետական ու հանրային շահի ապահովման մասին խոսք անգամ չի կարող լինել:

Կստացվի՞ սարգսյանական այդ ծրագիրը, թե՞ ոչ՝ կախված է հանրությունից ու չհաճախորդացած քաղաքական մարդկանցից:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը