Մեկնաբանություն

07.03.2016 13:05


Պաշտոնյաները՝ ՀՅԴ–ից, կադրերը՝ Բ26–ից

Պաշտոնյաները՝ ՀՅԴ–ից, կադրերը՝ Բ26–ից

«Գեբելսյան» քարոզչամեքենան շարունակում է կաշվից դուրս գալ ու գովել Սերժ Սարգսյանի 60–ամյա երիտասարդ, ամբողջ կյանքում բացառապես պետական համակարգում աշխատելով միլիոնատեր դարձած մաքուր և սոցիալական ցանցերում «ֆեյքություն» արած արհեստավարժ կադրերին։

«1in.am»–ի «նայող» Արման Բաբաջանյանն անգամ այնքան ոգևորվեց «երիտդեմքերով», որ շողշողուն համարեց Բաղրամյան փողոցում «սիկտիրի» արժանացած Արմեն Աշոտյանի դեմքը՝ հիացական գնահատականներ տալով Սերժ Սարգսյանին (օրվա մի մասն Արմանը կոկորդիլոսի արցունքներ է թափում մարտի 1–ի թեմայով, իսկ մյուս մասը՝ զբաղվում մարտի 1–ի թիվ մեկ շահառու Սերժ Սարգսյանի PR–ով)։

Նույնանման երիտասարդների, արհեստավարժների ու մաքուր ձեռքերովների է ներկայացրել նաև ՀՅԴ–ն։ Դրանցից երկուսը «քոքված» են, մեկը՝ սկսնակ, բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Դե, իսկ ՀՅԴ–ական մարզպետները հոգով ու սրտով Սերժ Սարգսյանի կողմնակիցներից են և գրեթե ոչնչով չեն զիջում Լիսկային։ Վերջինս էլ է համարում, որ Սյունիքի մարզը վատը չէ, քանզի քվեարկության արդյունքներն իշխանությունների օգտին են արձանագրվում։

Շիրակի ՀՅԴ–ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն արդարացավ ու փորձեց լիսկայավարի պատասխանել այն հարցին, թե Գյումրին ընդդիմադիր տրամադրված քաղաք է, քանզի Սերժ Սարգսյանը միշտ պարտվում է այդտեղ։

«Դա չի նշանակում, որ ընդդիմադիր քաղաք է Գյումրին: Գյումրին շատ լավ քաղաք է»,– ասել է Սիմոնյանը՝ փաստացի վատ բան համարելով ընդդիմադիր լինելը, այսինքն՝ վատ բան համարելով այն շրջանը, երբ ՀՅԴ–ն դուրս եկավ կոալիցիայից ու հռչակվեց ընդդիմություն («Նախագա՛հ, մի՛ զիջիր»)։

Դաշնակցական մյուս մարզպետը դեռ չի խոսել, բայց կհասցնի։

Ինչ խոսք, արհեստավարժ են (ըստ մամուլի հրապարակումների՝ ԱԱԾ ղեկավար նշանակված Կուտոյանն ուժային կառույցների հետ առնչվել է միայն որպես «ֆեյք»՝ սոցիալական ցանցերում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին գովելիս), մաքուր ձեռքերով (ՊԵԿ–ի նոր ղեկավար Հովսեփյանն ամբողջ կյանքում աշխատել է պետական համակարգում ու կարողացել է դոլարային միլիոնատեր դառնալ. նշանակում է՝ կա՛մ արհեստավարժ կաշառակեր է (նրա եկամուտների մեջ մեծ է նվիրատվությունների մասը), կա՛մ թաքցնում է իր բիզնեսներն արհեստավարժ ձևով) և երիտասարդ (60–ն անց Յոլյանն ամբողջ կյանքում ծպտուն չի հանել էներգետիկայի ու բնական պաշարների թեմայով ու ոլորտից, թերևս, գլուխ է հանում այնքանով, որ կարող է «ատկատները» երիտասարդի ավյունով վերահսկել) Սերժ Սարգսյանի իրական թիմակիցները։ Ու եթե սրանց գումարում ես նաև ՀՅԴ–ի կադրային բանկը, ապա ստացվում է «ապահով Հայաստան»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը