Մեկնաբանություն

09.03.2016 00:06


«Ռոսիա Մոլը» և Խաչատուր Սուքիասյանի անցած ուղին (տեսանյութ)

«Ռոսիա Մոլը» և Խաչատուր Սուքիասյանի անցած ուղին (տեսանյութ)

Սահմանադրական հանրաքվեից առաջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելով՝ «ընդդիմադիր» ուժերը փաստացի «այո» էին ասում նոր Սահմանադրությանը և ՀՀԿ ղեկավարի ծրագրերին։

Սերժ Սարգսյանին «Ռոսիա Մոլի» բացմանը հրավիրելով՝ Խաչատուր Սուքիասյանն «այո» ասաց 2008–ից սկսած Սերժ Սարգսյանի բոլոր քայլերին։ Այսինքն՝ «այո» 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ ու դրանից հետո տեղի ունեցածին, «այո» «Բջնիի» խլմանը, «այո» հետագայում «խփված» տոկոսներին, «այո» վերարտադրության փորձին և այդպես շարունակ։

Հիմա տեղին է հիշելը, թե ինչպիսի ճանապարհ անցավ Սուքիասյանը մինչև Սերժ Սարգսյանի հետ «Ռոսիա Մոլի» ֆոտոսեսիային մասնակցելը։

90–ականներին նա, այսպես ասած, առաջին օլիգարխներից էր, եթե ոչ առաջինը։ Սափրագլուխների առաջին բանդաների բուծումը և թիկնազորով շրջելու «մոդան» նա մտցրեց։

98–ի իշխանափոխությունից հետո նա շնորհազրկվեց։ Սկզբում խոսվում էր այն մասին, որ Սուքիասյանը կարտագաղթի, բայց հետո նոր իշխանությունների հետ նա լեզու գտավ։ Միջնորդը, ըստ լավատեղյակների, Սերժ Սարգսյանն էր։

Սուքիասյանին կուլակաթափ չարեցին, և նա արագ հարմարվեց իրավիճակին՝ փորձելով տեղավորվել ժամանակակից գործարարի իմիջի մեջ։ Պետք է նկատել, որ դա նրան հաջողվեց։

2000–ականներին Սուքիասյանի բիզնեսը ծաղկում էր, ինչպես որ կլանաօլիգարխիկ համակարգի մյուս սուբյեկտներինը, նաև՝ փոքր ու միջին գործարարներինը։ Նա ընդունեց առաջարկված խաղի կանոններն ու ինտեգրվեց իշխանությանը՝ բավական լուրջ բոնուսներ ստանալով իշխանական համակարգից։ Նա իշխանության «մարդը» չէր, բայց այնպես չէր, որ խորթ տղայի կարգավիճակ ուներ։

Լևոն Տեր–Պետրոսյանի վերադարձը, սակայն, ֆունդամենտալ բան փոխեց «ՍԻԼ Գրուպի» ղեկավարի մոտ։ Ավելի ճիշտ՝ Սուքիասյանն ամեն ինչ արեց, որպեսզի ՀՀ առաջին նախագահը վերադառնա ակտիվ քաղաքականություն։ Խոսքը նախ և առաջ ֆինանսական օժանդակության մասին էր։ Կարծում ենք՝ բոլորն էլ հասկանում են, որ Տեր–Պետրոսյանի գլխավորած շարժման ֆինանսական հիմնական հովանավորը հենց Սուքիասյանն է եղել։

Սուքիասյանը հաշվեց, որ կարող է վերականգնել իր երբեմնի կարգավիճակն, ու դեռ մի բան էլ ավելին։ Արդյունքում՝ 2008–ին տեղի ունեցավ հսկայական «ռասկաչկա»։ Ունեցանք տաս զոհ, բազմաթիվ վիրավորներ ու հարյուրից ավելի քաղբանտարկյալներ։ Իշխանափոխության ծրագիրը, սակայն, չստացվեց։

Մարտի 1–ի դեպքերից հետո Սուքիասյանը Հայաստանից հեռացավ ու վերադարձավ գործող իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածությունից հետո։ Պայմանավորվածությունը կոչվում էր «Պատգամավորական մանդատից հրաժարում՝ ազատազրկման չենթարկվելու դիմաց»։ Այդ փուլում պայմանավորվածությունն այդքան էր, և Սուքիասյանը պահպանում էր որոշակի ինքնուրույնություն։ Դա էր պատճառը, որ նա հարեց Հայ ազգային կոնգրեսին և որոշում կայացրեց մասնակցել 2012–ի խորհրդարանական ընտրություններին։ Սակայն նրան չգրանցեցին։ Փոխարենը՝ Երևանի թիվ 10 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվեց Խաչատուրի եղբայրը՝ Սարիբեկը։

Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի Սարիբեկը չդառնա պատգամավոր։ Այդ ընտրատարածքում այնքան անվավեր ձայներ էին գրանցվել, որ ակնհայտ էր՝ Ս. Սուքիասյանի օգտին տված ձայները կա՛մ գողացվել են, կա՛մ անվավեր ճանաչվել։

Ի դեպ, այդ փուլում Սուքիասյանը խոսում էր քաղաքական դաշտում հակակշիռների ստեղծումից՝ նկատի ունենալով այն, որ խոհրդարանական ընտրություններում պետք է թույլ չտալ ՀՀԿ–ին հսկիչ փաթեթ ունենալ։ Նա կարծում էր, որ առանց հակակշիռների երկրում տնտեսական վիճակը չի կարող լավանալ, և արտագաղթի դեմը հնարավոր չի լինի առնել։ Այդ գնահատականների հետ դժվար էր չհամաձայնելը։

Ուշագրավն այն է, որ խորհրդարանական ընտրությունների կեղծումից և հակակշիռների համակարգի չկայացումից հետո Սուքիասյանը կամաց–կամաց ուղղություն վերցրեց դեպի Սերժ Սարգսյանի հետ մերձեցում։ Նրան սկսեցին շատ նկատել Սերժի եղբայր Սաշիկի հետ։ Եվ դա այն դեպքում, երբ նույն Սաշիկի որդու և Խաչատուրի եղբոր մասնակցությամբ տհաճ միջադեպ էր տեղի ունեցել, ինչի արդյունքում տուժել էր Խաչատուրի եղբայրը՝ Էդուարդը։

2012–ի վերջից սկսած՝ Սուքիասյանը դարձավ «կառուցողական», ապա՝ «ինստիտուցիոնալ»։

Սուքիասյանն սկսեց աշխատել։ Սկզբում նա գովեց Տիգրան Սարգսյանին՝ շատ լավ իմանալով, որ վերջինս Հայաստանի տնտեսության հերն անիծել է։ Հետո հերթը հասավ Սերժ Սարգսյանին գովելուն։ Եվ այս ամենն ավարտվեց «Ռոսիա Մոլում», որտեղ նա քաղաքակրթության ու ժամանակակից մոտեցման դրսևորում համարեց «Բջնին» կորցնելուց հետո Սերժ Սարգսյանի հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելը։

Իսկ թե ինչ քաղաքական նախագծում է այժմ հայտնվել Սուքիասյանն ու ինչ դերակատարում ունի իշխանությունների համար, կխոսենք այլ առիթով։ Այս պահին միայն արձանագրենք, որ Սուքիասյանի համար փակվել է մարտի 1–ի էջը, ու բացվել նոր էջ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը