Մեկնաբանություն

06.03.2016 16:31


Քաղաքական սադո–մազոխիզմ և հաճույքներ

Քաղաքական սադո–մազոխիզմ և հաճույքներ

Երբ 2003–ի նախագահական ընտրություններից հետո «թունդ ընդդիմադիր» աշխատող Արտաշես Գեղամյանին մեղադրում էին Սերժ Սարգսյանին ծախվելու մեջ, նա հերքում էր դա՝ նշելով, թե իր անունը փորձում են կապել Սերժ Սարգսյանի հետ, քանի որ գիտեն՝ ում անունը կապվի Սերժ Սարգսյանի հետ՝ անմիջապես կվարկաբեկվի։

Գեղամյանն այժմ Սերժ Սարգսյանի կողքին է։ ՀՀԿ–ի համամասնական ցուցակով պատգամավոր է աշխատում։

Դատելով ամենից՝ ՀՀԿ ղեկավարը հիմք է ընդունել Գեղամյանի՝ տարիներ առաջ հնչեցրած բանաձևն ու քաղաքական դաշտում գաղջ մթնոլորտ ձևավորել։ Ասել է թե՝ ՀՀԿ ղեկավարը գտել է լեգիտիմության բացակայության հարցը լուծելու տարբերակը։ Նա գիտի, որ չի ընդունվել, չի ընդունվում և չի ընդունվելու հանրության ճնշող մեծամասնության կողմից։ Դա է պատճառը, որ ՀՀԿ ղեկավարը հիմա հատ առ հատ «վերացնում» է նրանց, ովքեր ինչ–որ մի պահ ինչ–որ չափով ընդունված են եղել հանրության կողմից։ Այսինքն՝ նա ոչ թե իր լեգիտիմացման, այլ այլոց դելեգիտիմացման ճանապարհն է ընտրել։

Սերժ Սարգսյանը 2008–ից հետո հետևողականորեն «փչացնում» է մարտի 1–ի դեպքերի ժամանակ բարիկադի հակառակ կողմում գտնվողներից շատերին (խոսքս վերնախավի մասին է)։ Նա սադիստաբար բարոյական առումով ոչնչացնում է իր հակառակորդներին՝ ֆոտոսեսիաների, «երկխոսացման» և նմանատիպ այլ բաների միջոցով։

«Փչացողներն» էլ մազոխիստական հաճույք են ստանում Սերժ Սարգսյանի հետ «մերձենալիս»։

Ու դժվար է ասել, թե ով է ավելի մեծ հաճույք ստանում՝ սադի՞ստը, թե՞ մազոխիստները։

Օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, ով 2008–ի հետընտրական գործընթացի ժամանակ ամենահիմնական «ռասկաչկա» անողներից էր ու ֆինանսավորում էր շուրջօրյա բողոքի գործողությունները՝ անհրաժեշտ սնունդով ու մյուս բաներով ապահովելով վրաններում մնացողներին, մարտի 1–ի դեպքերի 8–րդ տարելիցից օրեր անց կազմակերպեց «Ռոսիա Մոլի» բացման արարողությունը մարտի 1–ի թիվ մեկ շահառու Սերժ Սարգսյանի հետ։ Վերջինս, թերևս, մի քիչ խղճի խայթ ունի, այլապես Խաչատուրին կստիպեր ոչ թե մարտի 5–ին, այլ 1–ին բացել մեծ խանութը՝ այդպիսով ամբողջացնելով ոստիկանների միջոցով մարտի 1–ի զոհերի հիշատակին սպիտակ մեխակներ դնելու իր սադիստական ակցիան։

Սերժ Սարգսյանի ու Խաչատուր Սուքիասյանի մասնակցությամբ ֆոտոսեսիան առանձնանում է մյուսներից, քանզի նրանց արանքում արյուն կա՝ 2008–ի մարտի 1–ին թափված տասը մարդու արյուն (չհաշված Խաչատուր Սուքիասյանի եղբոր ոտքից թափված արյունը, որի հեղինակներն, ըստ չհերքված տեղեկությունների, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկի տղայի ու նրա ընկերների ձեռամբ է եղել)։

Այդ տասը մարդը սպանվել է 2008–ի հետընտրական պայքարի ժամանակ, այն ժամանակ, երբ Խաչատուր Սուքիասյանն ու մյուսները կոչ էին անում մարդկանց գալ պայքարի։

Հիմա այդ պայքարող մարդկանց մի մասը սպանվել է, մեծ մասն՝ արտագաղթել, մեկ այլ մասը մի կերպ գոյատևում է Հայաստանում, իսկ փոքր մասը մազոխիստաբար նկարվում է Սերժ Սարգսյանի հետ (Սուքիասյանի «Ռոսիա Մոլը» որպես նկարահանման հրապարակ ընտրելով՝ Սարգսյանը զոհերի հարազատներին ցույց է տալիս, թե բա՝ տեսեք, թե ովքեր էին ձեզ ղեկավարում՝ այդպիսով 2008–ի առաջնորդներից ոմանց ձեռքերով վարկաբեկելով 2008–ին իր դեմ ելածներին ու փակելով մարտի 1–ի էջը)։

Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ «Ռոսիա Մոլի» բացմանը մասնակցելով՝ «փչացնելու» է 2008–ին իր դեմ շարժում ֆինանսավորած մարդուն և այդ իսկ նպատակով էլ խոժոռ դեմքով («Վերջի բոլշևիկը» ժպտում է միայն դրսի մարդկանց, օրինակ՝ Գյուլի հետ շփվելիս) կանգնել էր մեծ խանութի սրահում՝ Գրզոյի կողքին։

Փաստորեն, ութ տարի առաջ տեղի ունեցածից Խաչատուրին քյար մնացին «Ռոսիա Մոլն» ու Սերժ Սարգսյանի հետ նկարների կոլեկցիան, իսկ մարտի 1–ի սպանվածների հարազատներին՝ վիշտն ու ողբը:

«Ռոսիա Մոլը» Սարգսյանի հետ բացելով՝ Սուքիասյանը ցույց տվեց, որ իր համար 2008–ի պայքարը, մարտի 1–ը և մնացած բաները բիզնես են եղել։ Նա փող էր դրել և ակնկալում էր ավելի մեծ փող։ Բիզնես պրոյեկտը չստացվեց, ու հիմա նա կրկին վերադարձել է իր իսկ կողմից ավազակապետություն համարվող համակարգ։ Եվ թքած զոհերի վրա։ Ի դեպ, այդ մտածողությամբ նա միակ չէ իր երբեմնի շրջապատում։ Ինչևէ։

Եվ այսպես, հայ ժողովրդին Սերժն ամեն օր ուզում է ապացուցել, որ ինքը վատն է, բայց դե, մյուսներն էլ հաճախորդներ են։ Այդպիսով Սերժը փորձում է վարկաբեկել ու կեղտոտել ամբողջ դաշտը, որպեսզի իր կեղտոտվածությունը հակադրության մեջ չլինի։

Հասկանալի է, որ նրա համար խիստ վտանգավոր են չծախվածները, սկզբունքայինները և ինքնուրույնություն ունեցողները։ Ահա այդ իսկ նպատակով էլ նա ամեն օր ֆոտոսեսիաներ է կազմակերպում, որպեսզի գաղջ ակցիաների քանակով փորձի հանրությանը համոզել, որ բոլորը կեղտոտ են, բայց դե, մեր հանրությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ պահին կարողանում է տարբերել թացը չորից ու իր խոսքն ասել։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «News.am»–ի այն հարցին, թե 2008–ի քաղաքական իրադարձություններից հետո, զրկվելով «Բջնիից», ինչպես է Սուքիասյանը բարիդրացիական հարաբերություններ պահպանում Սերժ Սարգսյանի հետ, նա պատասխանել է, թե դա իր կողմից ժամանակակից ու քաղաքակիրթ մոտեցում է, և ինքը չի ուզում անձնավորել խնդիրը։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Փաստորեն, եթե հանկարծ վաղը Սուքիասյանը զրկվի նաև «Ռոսիա Մոլից» (իսկ նման ծրագիր Սերժ Սարգսյանն ու իր անկուշտ շրջապատը հաստատ ունեն և ոչ միայն Խաչատուրի սեփականության մասով, այլ բոլորի), ապա կրկին կշարունակի իր բարիդրացիական հարաբերությունները, քանզի ժամանակակից է ու քաղաքակիրթ։

Տեղին է հիշեցնելը, որ երբ Գեղամյանին հարցրինք, թե ինչպես է ինքը վերաբերվում այն բանին, որ Սերժ Սարգսյանն իրեն տարիներ առաջ դատարկ դհոլ էր անվանել, նա պատասխանել էր, թե դա սթափեցնող գնահատական է եղել։

Խաչատուրը հիմա գրեթե նույն բանն է ասում։ Նրա համար «Բջնիի» կորուստը սթափեցնող ազդեցություն է թողել։

Հ.Գ.–2։ Սպասում ենք ճղճղան ձայնով աչքի ընկնող և մարտի 1–ի դեպքերի ժամանակ ընդդիմադիր բարիկադի վրա գտնվող «թունդ ընդդիմադիր» տղայի գնահատականներին։ Խաչատուր Սուքիասյանի ֆոտոսեսիան լա՞վն էր, թե՞վատը։

Այս խորագրի վերջին նյութերը