Մեկնաբանություն

09.03.2016 21:55


Չե՛մ հավատում

Չե՛մ հավատում

Սերժ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2015 թվականի իր եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը։ Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանը 2015 թվականին 107 միլիոն 998 հազար 657 դրամի փոխառություն է տվել: Նրա դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 6 միլիոն 100 հազար դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 14 միլիոն 700 հազար դրամ:

ՀՀԿ ղեկավարի եկամուտները նախորդ տարի կազմել են 28 միլիոն 850 հազար 480 դրամ, որից մի մասը գոյացել է աշխատավարձից, իսկ մյուս մասը` 13 միլիոն 835 հազար 515 դրամը, գոյացել է փոխառությամբ տրամադրած գումարի դիմաց ստացած տոկոսներից:

Սերժ Սարգսյանը ունի բազմաբնակարան շենքում մեկ բնակարան եւ մեկ «Միցուբիշի Մոնտեռո–սպորտ 3,5 I» տեսակի ավտոմեքենա:

Ինչ վերաբերում է նրա տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին, ապա նա նույնպես փոխառությամբ տրամադրած գումարներից տոկոսներ է ստացել: Ռիտա Սարգսյանի` նախորդ տարիների ներկայացրած հայտարարգրերում նշված է, որ նա 95 միլիոն դրամի փոխառություն է տվել, իսկ 2015 թվականին 12 միլիոն 102 հազար 349 դրամի եկամուտ է ստացել փոխառությամբ տրամադրած գումարից: Ռիտա Սարգսյանի 2015 հայտարարագրից պարզ է դառնում, որ նա ունի 15 միլիոն 208 հազար դրամ, որը հարկային տարվա սկզբում եղել է 12 միլիոն 340 հազար դրամ:

Ինչպես դասականը կասեր՝ չե՛մ հավատում։

Հայաստանում կա՞ մարդ, ով կհավատա այս հայտարարագրին։ Չկա՛։ Ու խնդիրն այն չէ, որ անգամ այս հայտարարագիրն է բազմաթիվ հարցեր առաջացնում, քանզի ամբողջ գիտակցական կյանքը պետական համակարգում անցկացրած մարդն այդքան խնայողություններ չէր կարող ունենալ, որ մի բան էլ տոկոսով փող տար (պատկերացնո՞ւմ եք այն իրավիճակը, երբ Սերժ Սարգսյանն ինչ–որ մեկի հետ պայմանավորվում է ու տոկոսով փող տալիս)։

Այս հայտարարագիրը ցույց է տալիս, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պետք է փակել։ Հայաստանը փոքր երկիր է, և բոլորն էլ գիտեն, թե ինչով են զբաղված Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը։ Եվ ուրեմն, ձևականությամբ պետք չէ զբաղվել։

Եթե մեր երկրի թիվ մեկ օլիգարխը ներկայացնում է այսպիսի համեստ հայտարարագիր, որին ոչ մեկը չի հավատում, ապա էլ ի՞նչ իմաստ ունի պահել ձրիակերների և բյուջեի հաշվին սնվողների հանձնաժողով։ Որ նրանք ներիշխանական մուտիլովկաների շրջանակներում ինչ–որ մարդկա՞նց բացահայտեն։ Թքած այդ բացահայտումների վրա, եթե դա ծառայելու է «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը և դեմագոգիային։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Տարիներ առաջ հանրահայտ «Ֆորբս» ամսագրի հայաստանյան տարբերակը հրապարակել էր Հայաստանի ամենահարուստ մարդկանց հնգյակը, որտեղ իր տեղն էր զբաղեցրել նաև Սերժ Սարգսյանը։ Այ դա արդեն հավատալու էր։ Թե չէ փոխառությո՜ւն, աշխատավա՜րձ ....

Այս խորագրի վերջին նյութերը