Քաղաքական

11.03.2016 10:50


Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել

Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել

Մարտի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և վերջինիս հասցնելով առնվազն 2 զոհ և վիրավորներ, հետ շպրտել իրենց ելման դիրքերը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կանխարգելիչ գործողության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից 60 (17 արկ) և 82 (47 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7 (4 արկ) ու ՀԱՆ-17 (4 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5500 կրակոց:

Բացի վերոնշյալից՝ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաուբից տիպի հրանոթներ:

Հատկանշական է մանավանդ այն հանգամանքը, որ հակառակորդը նշված հրանոթներից անցած գիշեր արդեն հրետակոծության է ենթարկել ոչ միայն Ակնայի (Աղդամի) ուղղությամբ տեղակայված հայկական ստորաբաժանումների դիրքերը, այլև առաջնային գծից բավականին մեծ խորությամբ գտնվող որոշ տարածքներ, ինչը թերևս, աննախադեպ է 1994թ. մայիսից հաստատված հրադադարի ողջ ընթացքում: Նման նախահարձակ գործողություններից կատարվելիք հետևությունը մեկն է՝ հակառակորդը որդեգրել է հակամարտության գոտում իրադրության ապակայունացմանն ուղղված առավել սանձարձակ մարտավարություն, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են նպատակաուղղված և պատժիչ գործողությունների: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը վստահորեն վերահսկում են օպերատիվ իրավիճակը:

Այս խորագրի վերջին նյութերը