Կարծիք

15.03.2016 17:00


Օսկանյանի վրա հարձակումները պետք է դիտարկել բացառապես վտանգ զգալու տեսանկյունից

Օսկանյանի վրա հարձակումները պետք է դիտարկել բացառապես վտանգ զգալու տեսանկյունից

Հայաստանի սոցիալ-քաղաքական ու տնտեսական դաշտում իրավիճակի կտրուկ բարելավումը պայմանավորված է գերազանցապես հզոր ընդդիմադիր դաշտի ձևավորման նախապայմանով: Սա, թերևս, հիմնական դրույթն է, որով պետք է առաջնորդվի երկրի ապագայով մտահոգված քաղաքացին: Հետևաբար, ցանկացած նախաձեռնություն, որը նպատակ է հետապնդում կոնսոլիդացնել հանրությանը երկրի առջև առկա խնդիրների լուծման համար, միմիայն պիտի ողջունվի: Սա վերաբերում է թե՛ Վարդան Օսկանյանի վերջերս արված հայտարարություններին և թե՛ ցանկացած այլ նման ոգով հնչող ու այդ տեսակետը իրականում արտահայտող նախաձեռնություններին:

Այս ենթատեքստում տրամաբանական է, որ նման գործընթացների դեմ հանդես գալը նշանակում է պաշտպանել առկա կործանարար ստատուս քվոն, պաշտպանել գործող իշխանություններին, ում քաղաքականությունը պահպանում ու խորացնում է ճգնաժամային իրավիճակը, և, հետևաբար, հանդես գալ հակապետական դիրքերից: Լրատվական դաշտի «գրչակները», առանձին «քվազիքաղաքական» գործիչներ, «օղակային ընդդիմադիրներ», ինչպես նաև հենց իշխանական հատվածների մի շարք գործիչներ պարզապես հարձակվեցին Օսկանյանի վրա վերջինիս կողմից կուսակցություն ստեղծելու հայտարարությունն անելուց հետո: Սա, ինչպես նաև նմանօրինակ նախաձեռնությունների դեմ իրականացվող նախորդ ու ապագա բոլոր գրոհները պետք է դիտարկել բացառապես վտանգ զգալու տեսանկյունից, վտանգ գործող համակարգի գոյությանը, «վտանգ», որ կլինեն փոփոխություններ դեպի լավը: Միաժամանակ, այս ամենը հերթական հնարավորությունն է ընձեռում քաղաքացիներին բացահայտել իրենց համար, թե ով ով է, ու ում շահերն է պաշտպանում:

Պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած համակարգ գոյատևման շանսեր ունի, երբ այն բաց է, բաց է նախ և առաջ բազմակարծության դրույթի համար, այլընտրանքային կարծիք արտահայտող ուժերի համար: Երբ հասարակության մեջ կարծիքը մոնոպոլիզացվում է, վաղ թե ուշ կա՛մ տեղի է ունենում արյունալի հեղափոխություն, կա՛մ այդ հասարակությունը ոչնչանում է: Երկու սցենարն էլ մեր պարագայում անընդունելի են, բայց արդյոք դա հասկանո՞ւմ են բոլորը մեր հասարակությունում:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը