Հարցազրույց

16.03.2016 15:40


«Սարգսյան Սերժին հայը կմերժի». նախկին ընդդիմադիրը փոխվել է

«Սարգսյան Սերժին հայը կմերժի». նախկին ընդդիմադիրը փոխվել է

Այսօր հրավիրված ասուլիսում ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը խոսել է Ընտրական նոր օրենսգրքից և կուսակցության ծրագրերից: «Vesti.am»–ը նրանից հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունի անձնապես Սերժ Սարգսյանի և նրա գործունեության մասին:

-Մենք՝ որպես ավանդական կուսակցություն, Հանրապետության նախագահի հետ մշտապես շփումների մեջ ենք, և այդ շփումները վերաբերում են նաև Ցեղասպանության 100-ամյակի խնդրին, որովհետև, ի վերջո, 17 երկրում քաղաքական կազմակերպություններ ունենք: Ես որևէ մեկի հետ չեմ փորձելու համեմատել և ասել լավը, դրականը, և այլն, և այլն: Կարծում ենք, որ Սերժ Սարգսյանի իշխանության ընթացքում Հայաստանում շատ բացասական երևույթներ եղան, որոնք կային ժամանակին և ավելի արմատավորվեցին՝ մասնավորի, օլիգարխիայի դասակարգի գոյությունը։ Բայց, դրա հետ մեկտեղ, կան նաև դրական երևույթներ, որոնց մասին մշտապես մենք բարձրաձայնել ենք՝ մամուլի ազատությունը, քաղաքական ռեպրեսիաների հնարավոր բացակայությունը:

-Հիշեցնենք, որ 2007 թվականին անձամբ դուք թռուցիկներ էիք փակցնում՝ «Սարգսյան Սերժին հայը կմերժի» գրությամբ, որի պատճառով նաև ձերբակալվեցիք: Այժմ, երբ, ինչպես ասացիք, Սերժ Սարգսյանի հետ մշտապես շփումների մեջ եք, նշանակո՞ւմ է, որ դուք հայ չեք:

-Շատ լավ հիշում եմ, было дело: 2007-ին ես 18 տարեկան երիտասարդ էի, ով քաղաքական գործընթացները մաքսիմալիստական ձևով էր պատկերացնում: Պատկերացնում էի, որ աշխարհը բաժանված է սևի և սպիտակի, սա փաստ է, ես անկեղծ եմ խոսում, այսինքն՝ կան լավ մարդիկ, և կան վատ մարդիկ, չկա մարդ, ով մի քիչ լավն է, մի քիչ վատը: Օրինակ՝ 2007-ին ես պատկերացնում էի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումն ազատագրական շարժում է, ես հիմա հակառակ կարծիք ունեմ համաժողովրդական շարժման վերաբերյալ, չնայած, մշտապես ինքս եղել եմ, կամ և կմնամ մեկ կուսակցության անդամ. 2006-ից մինչ օրս ես միայն ՍԴՀԿ անդամ եմ և, ի տարբերություն շատերի, քաղաքական կազմակերպություն չեմ փոխել: Հիմա դուք ինձ հարց եք տալիս, 18 տարեկանում ձեր կատարած գործողություններին հիմա համաձա՞յն եք, թե՞ ոչ: Այն, ինչ ես արել եմ 18 տարեկանում, այո՛, ես դրան այն ժամանակ համաձայն էի, կանե՞մ ես դա հիմա՝ 30 տարեկանում, ո՛չ, չե՛մ անի:

-Այսինքն, ձեր տեսակետը փոխել եք և մտածում եք, որ հայը պետք է ընդունի՞ Սերժ Սարգսյանին:

-Իսկ դուք ի՞նչ եք կարծում, 10 տարվա ընթացքում ամեն ինչին նույն կերպո՞վ եք վերաբերվում: Դուք մտածո՞ւմ եք, որ 10 տարի առաջ ունեցած ձեր կարծիքը ոչ մի փոփոխություն չի՞ կրել:

-Հարցս ձեզ էր ուղղված, եկեք փոխադարձաբար իրար հարցեր չտանք: Խնդրում եմ, պատասխանեք ի՛մ հարցին:

-Չէ, ինչո՞ւ, զրուցում ենք, ես էլ ինձ իրավունք եմ վերապահում ձեր թույլտվությամբ հարցնելու՝ երբ 10 տարի առաջ մի բան էիք մտածում, հիմա նույն բա՞նն եք մտածում, գործելաոճը նո՞ւյնն է:

-Այսօր հարցերին պատասխանողը դուք եք:

-10 տարի առաջ ես մաքսիմալիստ երիտասարդ էի և ես շատ ուրախ եմ, որ այդպիսին եմ եղել։ Ես բացարձակ ոչ մի վայրկյան չեմ փոշմանում այն ամենի համար, ինչ արել եմ: Մարդն ունենում է քաղաքական հասունացման փուլ, տրամաբանության զարգացման փուլ, կամ նաև դեգրադացիայի փուլ, հիմա ինչպե՞ս կարելի է նույն բանը մտածել՝ ինչպես 10 տարի առաջ. չի՛ լինում այդպես: Եթե մարդը 10 տարի նույն բանն է մտածում, կարծում եմ, որ այդ մարդը տեղում դոփում է, պետք է փորձի զարգանալ: 18 տարեկանում քեզ հրամցված ինֆորմացիան լրիվ այլ է, 30 տարեկանում, երբ ինքդ ես արդեն ինֆորմացիայի տիրապետում՝ լրիվ այլ: Ես չեմ փոշմանել նրա համար, ինչ արել եմ 18 տարեկանում և կարծում եմ, որ նորմալ է, երբ մարդը փոփոխության է ենթարկվում:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Խմբ. կողմից- Երբ Արտաշես Գեղամյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում այն, որ Սերժ Սարգսյանն իրեն դատարկ դհոլ էր անվանում: Գեղամյանը պատասխանեց, որ դա, անշուշտ, սթափեցնող արտահայտություն է եղել:

Հիմա, փաստորեն, սթափվել է նաև Նարեկ Գալստյանը, ում խոսքերից ստացվում է, որ տասը տարի առաջ հոգեխանգարմունքի մեջ է եղել՝ Սերժ Սարգսյանին քննադատելով և նրան մերժելու կոչ անելով, իսկ ահա հիմա փոխվել է՝ մաքսիմալիզմից անցնելով մինիմալիզմի:

Հետաքրքիր է՝ եթե Սերժ Սարգսյանը հեռանա կամ հեռացվի իշխանության ղեկից, ապա Նարեկ Գալստյանը կմնա՞ այսօրվա կարծիքին, կվերադառնա 2008-ի տեսակետի՞ն, թե՞ լրիվ այլ տեսակետ կունենա: Սա զուտ սպորտային հետաքրքրություն ներկայացնող հարց է:

Այս խորագրի վերջին նյութերը