Լրահոս

18.03.2016 18:30


Քաղցկեղի բուժման արդյունավետությունն ուղիղ համեմատական է վաղ դիմելիությանը

Քաղցկեղի բուժման արդյունավետությունն ուղիղ համեմատական է  վաղ դիմելիությանը

Չարորակ նորագոյացությունների դեղորայքային բուժումը քիմիաթերապիան է, որի նպատակն է ցիտոստատիկ դեղերի շնորհիվ կասեցնել և ոչնչացնել քաղցկեղային բջիջները:

Արդի մոտեցումներից խիստ կարևորվում է նաև թարգետ-թիրախային թերապիան, որի նպատակն է մոլեկուլյար գենետիկ մակարդակով սինթեզված դեղերի միջոցով ոչնչացնել հատուկ թիրախ բջիջները, որոնք համարվում են քաղցկեղի որոշ տեսակների առաջացման «մեղավորներ»:

Քաղցկեղը բուժվում է միայն համալիր մոտեցման դեպքում, որն իր մեջ ներառում է վիրահատություն, քիմիաթարգետ և ճառագայթային թերապիա: Նոր դեղերի մուտքը դեպի բուժման ուղեցույց անցնում է բազմաթիվ կլինիկական փորձարկումների և հարյուրավոր հետազոտությունների թեստավորման փուլեր:

Սոցիալական ցանցերում և որոշ էլեկտրոնային լրատվական միջոցներում տեղ գտած անհիմն մեկնաբանությունների կապակցությամբ ցանկանում ենք հասարակության ուշադրությունը սևեռել այն փաստին, որ եթե քաղցկեղի բուժումը լիներ այդքան դյուրին, ապա հազարավոր մարդիկ, նույնիսկ զարգացած երկրներում, չէին տառապի այս հիվանդությամբ:

Պարբերաբար բժշկական կրթություն չունեցող անձինք` «քաղցկեղ բուժողները» աշխարհի տարբեր անկյուններում նոր «հայտնագործություններ» են անում սիսեռաբուժության, բոլիգոլովաբուժության, նավթաբուժության, աֆրիկական էկզոտիկ մրգերով բուժման, այժմ էլ սոդայաբուժության տեսքով: Նման գիտականորեն չհիմնավորված մեթոդների կիրառման մասին լուրերը, որպես կանոն, ունեն կարճատև կյանք: Դրանք բացարձակ չեն ապահովում քաղցկեղի բուժման արդյունավետությունը, այլ հանգեցնում են հիվանդության բարդացման և ուշ փուլերում դիմելիության: Հիվանդի կյանքի տևողության երկարացման համար թանկագին այդ ժամանակի կորուստը, ցավոք, ուշացնում և հաճախ արդեն անհնարին է դարձնում հիվանդների իրական բուժումը բարձիթողության պատճառով:

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում բնակչությանը հետևել առողջությանը և կանխարգելիչ զննության նպատակով ձևավորել տարեկան գոնե մեկ անգամ բժշկին այցելելու մշակույթ, իսկ քաղցկեղով հիվանդներին` դիմել ուռուցքաբանին ժամանակին, հնարավորինս վաղ փուլերում:

Կարևոր է իմանալ, որ բուժման արդյունավետությունը ուղիղ համեմատական է վաղ դիմելիությանը:

ՀՀ ԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը