Լրահոս

19.03.2016 08:20


Մարտի 19-ը՝ Հայկական Կարմիր խաչի հինադրման օր (տեսանյութ)

Մարտի 19-ը՝ Հայկական Կարմիր խաչի հինադրման օր (տեսանյութ)

1920 թվականի մարտի 19-ին, բժիշկ Սպանդարատ Կամսարականի նախաձեռնությամբ, ստեղծվեց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Այդ օրը Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտը հաստատեց Հայաստանի Կարմիր Խաչի ազգային ընկերության կանոնադրությունը:

Արդեն գրեթե մեկ դար Հայկական Կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) իրականացնում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` համախմբելով մարդասիրության ուժը՝ ազգաբնակչության խոցելիությունը նվազեցնելու նպատակի շուրջ:

Ազգային ընկերությունը տարիներ շարունակ ակտիվ և լայնածավալ գործունեություն է իրականացնում` հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը և ցուցաբերելով իր անաչառ օգնությունը բազմազան ոլորտներում, ինչպիսիք են` սոցիալ-առողջապահական, առաջին օգնության, աղետներին նախապատրաստման և արձագանքման, որոնման, երիտասարդական, միջազգային գործունեության, Կարմիր խաչի Հիմնարար սկզբունքների և մարդասիրական արժեքների տարածման: ՀԿԽԸ գործունեությունը և մատուցած ծառայությունները նպաստում են շահառուների և խոցելի համայնքների կարիքների թեթևացմանն ու կայուն զարգացմանը:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո սկսվեց Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործունեության ակտիվ փուլը: Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան (այն ժամանակ` Լիգա) աղետից հետո կատարեց իր ամբողջ գոյության ընթացքում ամենամասշտաբային ներդրումները: Հսկայական ակտիվություն ցուցաբերեց ԽՍՀՄ Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միությունը, որն իր օգնության ծրագրերով առաջիններից մեկը շտապեց աղետի գոտի: Բավականին ակտիվ գործունեություն սկսեցին ծավալել նաև Կարմիր Խաչի մի շարք ազգային ընկերություններ: Կարմիր խաչի շարժումը և մարդասիրական այլ կազմակերպություններ իրենց գործունեությունը Հայաստանում ծավալում էին Հայկական Կարմիր Խաչի ընկերության (ՀԿԽԸ) միջոցով:

Վերջին 25 տարիների ընթացքում Ազգային ընկերությունը, ընդլայնելով իր գործունեությունը և ընդգրկելով շահառուների նոր խմբերի, օգնության ծրագրերին զուգահեռ՝ սկսեց զարգացման լայնածավալ ծրագրեր իրականացնել:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հանդիսանում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ 1995 թվականից և նույն թվականին ճանաչվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը