Լրահոս

21.03.2016 15:16


Շ. Թորոսյան. «Սկզբունքային չէ ընտրությունների մասնակիցների ցուցակների հրապարակումը»

Շ. Թորոսյան. «Սկզբունքային չէ ընտրությունների մասնակիցների ցուցակների հրապարակումը»

Ընտրությանը քվեարկածների ցուցակների հրապարակումը ընտրությանը չմասնակցած քաղաքացիների իրավունքների ոտնահարում է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին՝ նման տեսակետ է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը.

–Ինչո՞ւ պետք է ողջ հանրությունն իմանա, որ նա այդ ընտրությանը չի մասնակցել,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ քվեարկածների ցուցակներին ծանոթանալու իրավունք ունեն դիտորդներն ու վստահված անձինք, մյուս կողմից՝ նոր էլեկտրոնային համակարգը հստակ ցույց է տալիս, թե այդ պահին ով մտավ ընտրատեղամաս:

Շիրակ Թորոսյանը նաև նշել է, որ քվեարկածների ցուցակների հրապարակման նախադեպ աշխարհում գրեթե չկա.

Սկզբունքային չէ ընտրությունների մասնակիցների ցուցակների հրապարակումը, քանի որ ով շահագրգռված է՝ այդ տեղեկատվությանը կտիրապետի,-ասել է նա:

Անդրադառնալով էլեկտրոնային քվեարկությանը՝ պատգամավորը նկատել է, որ այն բացառում է մեկ այլ անձի փոխարեն քվեարկելը, որը, նրա գնահատմամբ, մեր ընտրական համակարգի խոցելի կողմերից մեկն է ցայսօր:

Էլեկտրոնային քվեարկության նոր համակարգը բացառելու է կրկնակի քվեարկությունը, քանի որ մարդիկ արդեն գրանցվում են էլեկտրոնային եղանակով, մտնում են բազայի մեջ, և կրկնակի քվեարկության ժամանակ համակարգը կարգելի նրան մասնակցել քվերակությանը,-ասել է նա՝ շեշտելով, որ այս նախագիծը լուծում է սկզբունքային մի քանի հարց՝ համամասնական ընտրակարգը, քաղաքական կայուն մեծամասնության ապահովման մեխանիզմը:

Խոսելով դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների թվի սահմանափակման մասին՝ ՀՀԿ պատգամավորն ասել է, որ դա դեռ քննարկման փուլում է, և վերջնական որոշում դեռևս չկա.

–Մեր լրատվական դաշտում կան 100-ավոր լրատվամիջոցներ. պատկերացրե՛ք, որ նրանք բոլորը հանդես գան ընտրատեղամասերումայն դեպքում, երբ արդեն իսկ մեծաքանակ դիտորդներ, հանձնաժողովականներ և ընտրողներ կան այնտեղ: ԶԼՄ 100-ավոր ներկայացուցիչներ ոչ թե օգնելու են գործին, այլ հակառակը,-ասել է նա:

«Vesti.am»-ի դիտարկմանը՝ այսքան ժամանակ եղե՞լ է, որ ԶԼՄ 100-ավոր ներկայացուցիչներ միանգամից լինեն նույն ընտրատեղամասում, Շիրակ Թորոսյանը պատասխանել է.

-Մենք խոսում ենք տեսական իրողության մասին. միգուցե այս դրույթը չի գործելու, միգուցե այլ մոտեցում է ցուցաբերվելու: Այնպես որ, Կիկոսի մահի տրամաբանությամբ չեղած բաների շուրջ լուրջ հետևություններ անելու անհրաժեշտություն ես դեռ չեմ տեսնում,-նշել է պատգամավորը:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը