Լրահոս

21.03.2016 16:23


ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիան և ՄԽ համանախագահները կոչ են անում պահպանել հրադադարը

ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիան և ՄԽ համանախագահները կոչ են անում պահպանել հրադադարը

ԵԱՀԿ նախագահությունում Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Գերնոթ Էրլերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) եւ Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) այսօր՝ մարտի 21-ին, հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ «վերահաստատել են իրենց հաստատուն հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորման հարցում»:

Համանախագահների տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.

«Խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար խիստ անհրաժեշտ է, որ կողմերը ձեռնարկեն բոլոր միջոցները՝ բռնություններից խուսափելու համար, մասնավորապես, այնպիսի բռնություններից, որոնք ազդում են շփման գծում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ապրող խաղաղ բնակչության վրա:

Այս համատեքստում մենք աջակցում ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի կոչին, ով հորդորել էր կողմերին Նովրուզ Բայրամի եւ Սուրբ Զատիկի տոներին խստորեն պահպանել հրադադարը:

Մենք կոչ ենք անում կողմերին ստեղծել պայմաններ, որպեսզի տարածաշրջանի ժողովուրդները կարողանան նշել այդ տոները խաղաղ պայմաններում»:

Հայտարարությունում նաեւ նշվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիայի հետ կշարունակեն աշխատել կողմերի հետ՝ կարգավորման տարրերի, բռնությունները նվազեցնելու քայլերի եւ մարդկային շփումները խրախուսող ծրագրերի շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը