Կարծիք

12.10.2010 11:01


Թուրքիան ետ է կանգնել իր խոստումից

Թուրքիան ետ է կանգնել իր խոստումից

Անցյալ տարի' հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում, լարված բանակցություններից հետո Հայաստանը եւ Թուրքիան համաձայնության եկան, եւ երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանի բացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները:
 Հայ-թուրքական հարաբերությունները փակուղում էին, երբ Նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հայաստանում մենք առաջնորդվում էինք այնպիսի ապագայի տեսլականով, որում սերունդները կապրեն խաղաղության եւ անվտանգության պայմաններում: Հայկական կողմի այս նախաձեռնությունը դրական արձագանք գտավ Թուրքիայի Նախագահի կողմից, եւ դա մեզ թույլ տվեց վստահ ներդրում կատարել հաշտեցման երկարատեւ գործընթացի մեջ:
 Մեր դիրքորոշումը արտացոլված էր հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների հայտնի մոտեցման մեջ: Դա էր Թուրքիայի հետ բանակցությունները սկսելու հիմնական սկզբունքը: Այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք գործընթացը եւ եկանք պայմանավորվածությունների: Միջազգային հանրությունը' սկսած շվեյցարացի միջնորդներից մինչեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, ԵԱՀԿ, ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա եւ շատ այլ երկրներ, գործընթացի սկզբից մինչ օրս կիսում է այս մոտեցումը:
  Դժբախտաբար, Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից: Անկարան ոչ միայն խուսափեց արձանագրությունները վավերացնելուց, այլեւ վերադարձավ այն նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչեւ գործընթացի մեկնարկը:
 Թվում է' մենք խոսում ենք տարբեր լեզուներով: Մի կողմից թուրքական իշխանությունները ձեւացնում են, թե միշտ պահպանում են pacta sunt servanda (պայմանագրերը պետք է կատարվեն) սկզբունքը, սակայն, մյուս կողմից, նրանք հրաժարվում են իրենց իսկ կողմից ստորագրված համաձայնագրերը վավերացնելուց եւ իրագործելուց: Նրանք պնդում են, թե չունեն նախապայմաններ, ու որ նրանք պարզապես պահանջում են, որ մենք կատարենք այս կամ այն բանը, նախքան նրանք կկարողանան առաջ գնալ վավերացման գործընթացում: Արդյո±ք սա նշանակում է, թե նրանք նախապայմաններ չունեն:

Թուրքիան փորձում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ: Նրանք ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում չեն ուզում հանդես գալ իբրեւ միջնորդներ, այլ ցանկանում են անմիջականորեն բանակցել հայերի ու ադրբեջանցիների միջեւ' լուծում գտնելու համար:
Ղարաբաղյան գործընթացին միջամտելու կամ Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան բանակցություններում առաջընթացի սեփական ընկալման հետ կապելու թուրքական կողմի ցանկացած փորձ վնասում է երկու գործընթացներին էլ: Սա այն դիրքորոշումն է, որը քանիցս ընդգծել են Հայաստան-Թուրքիա կարգավորման եւ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարները, ողջ միջազգային հանրությունը: Միջազգային հանրությունը խոսում է մեկ լեզվով, իսկ թուրքական կողմը' մեկ ուրիշ:

Թուրքիան ձեւացնում է, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է «համապարփակ լուծում» ունենան, մեկ անգամ եւ բոլորի համար: Սա գեղեցիկ արտահայտություն է, բայց որքանո՞վ է այն իրատեսական: Սա զուտ հռետորաբանություն է. լոկ բառեր եւ ոչ գործողություններ:
 Թուրքիան նաեւ երեսպաշտորեն օգտագործում է կարգավորման գործընթացը' որպես ծխածածկույթ այն անհիմն պնդման համար, թե տարբեր երկրներում Հայոց Ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունումը կարող է վնասել կարգավորման գործընթացին: Մինչդեռ, մենք գործընթացի սկզբից թե՛ թուրք գործընկերների հետ շփումներում, թե՛ հրապարակավ պարզ ասել ենք, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց Ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը:
 Ճշմարիտ հաշտեցումը չի նշանակում մոռանալ անցյալը եւ երիտասարդ սերունդներին հրամցնել ժխտման հեքիաթներ: Չնայած այն փաստին, որ Թուրքիան 95 տարի շարունակ ժխտում է Հայոց Ցեղասպանությունը, հայկական կողմը չպահանջեց դրա ճանաչումը' իբրեւ հարաբերությունների կարգավորման նախապայման: Պարադոքսալ է, որ հենց Թուրքիան է փորձում ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահարկել այս հարցը' դարձնելով այն նախապայման:

Հայաստանը նախաձեռնեց այդ գործընթացը եւ ջանք չխնայեց, որպեսզի այն հաջողությամբ պսակվի: Հանգամանքների բերումով, երբ թուրքական կողմը ողջ գործընթացը մղում էր դեպի փակուղի, Հայաստանը ստիպված էր կասեցնել վավերացման գործընթացը: Հայաստանը դեռ մնում է կարգավորման գործընթացում, ինչը աշխարհի ղեկավարների կողմից ըմբռնումով ընկալվեց եւ ողջունվեց:

Հայաստանի և Թուրքիայի միջեւ բանակցություններն ավարտվել են արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ո՛չ «լուռ դիվանագիտություն», ո՛չ Ցյուրիխի «երկրորդ շրջան», ո՛չ բանակցությունների որեւէ նոր փուլ, ինչպես դա վերջերս փորձում է հաճախ ներկայացնել թուրքական մամուլը: Այս երկարատեւ գործընթացում առկախված միակ քայլը հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրագործումն է'առանց հետագա ձգձգման: Հայաստանը պատրաստ կլինի շարժվել առաջ, եթե Թուրքիան վերստին պատրաստ կլինի կարգավորման գործընթացում առաջ գնալ առանց նախապայմանների:

Այսօր աշխարհի տարբեր մայրաքաղաքներ հիշեցնում են, որ գնդակը թուրքական կիսադաշտում է, որ Հայաստանն իր բաժինն արել է, եւ որ Թուրքիան պետք է ձեռնարկի այն քայլերը, որ նա խոստացել էր կատարել:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

Այս խորագրի վերջին նյութերը