Լրահոս

25.03.2016 18:09


Ներկայացվել է Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգի «Lyrics video»-ն

Ներկայացվել է Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգի «Lyrics video»-ն

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը կներկայանա «LoveWave» երգով: Եվրատեսիլյան բազմաթիվ երկրպագուների խնդրանքով պատրաստվել է երգի «Lyrics video»-ն՝ երգի խոսքերը ներկայացնող տեսահոլովակը, որն արդեն հասանելի է համացանցում:

Մրցույթի այս տարվա Հայաստանի պատվիրակ, «LoveWave» երգի խոսքերի համահեղինակ Իվետա Մուկուչյանը փորձել է խոսքերի միջոցով պատկերել և ներկայացնել սիրո զգացմունքն իր բոլոր նրբություններով ու առանձնահատկություններով:

«Խոսքն այն ուժի մասին է, որը մեկ ակնթարթում կարող է փոխել ամեն ինչ՝ առաջացնելով նոր փոթորիկ, նոր խառնաշփոթ, իսկ երբեմն նույնիսկ խաղաղություն և ներդաշնակություն բերել»:

«LoveWave» երգում նկարագրվում է, թե ինչպես մի երևույթը կամ մի անհատը կարող է այնքան մեծ ազդեցություն ունենալ, որ ընդամենը վայրկյանների ընթացքում կարող է փոխել թե՛ մարդուն, թե՛ նրա կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը կարողանում է տեղաշարժել երկրակեղևը: Ինչպես երկրաշարժը կարող է տակնուվրա անել աշխարհը, այնպես էլ սերը կարող է տակնուվրա անել մարդու սիրտը:

«Երբ առաջին անգամ լսեցի այս երգը, միանգամից մտածեցի ալիքի մասին: Իսկ «LoveWave»-ը երկրաշարժի առաջին ալիքն է, նախազգուշացնող ազդանշանը: Առաջին իսկ պահից կասկած անգամ չունեի, որ երգը պետք է այս անունը կրի»,- նշում է Իվետա Մուկուչյանը՝ հավելելով, որ սկզբում ասված խոսքերն ամբողջությամբ բնութագրում են երգը.

«Եվ հիմա ես արթնանում եմ ու դուրս եմ գալիս ժամանակի և տարածության սահմաններից»:

Երգի համահեղինակ Սթեֆանի Քրաթչֆիլդը երգի խոսքերի միջոցով փորձել է ցույց տալ բոլորին, որ կյանքի յուրաքանչյուր պահ շատ կարևոր է:

«Ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել մեկ, ընդամենը մեկ ակնթարթում: Պետք է գնահատել ունեցածը: Իսկ լավ փոփոխություններ անելու համար միշտ եղել է և կլինի հզոր մի զենք, որի անունն է սեր»,- նշում է Սթեֆանի Քրաթչֆիլդը:

Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվող «LoveWave» երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են:

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում:

Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետությունների ներկայացուցիչներ:

Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը