Քաղաքական

04.04.2016 14:52


Ադրբեջանին աջակցում են ահաբեկիչները. առաջնագիծ են բերվել «Գորշ գայլերի», ԻՊ վարձկաններ. Դ. Բաբայան

Ադրբեջանին աջակցում են ահաբեկիչները. առաջնագիծ են բերվել «Գորշ գայլերի», ԻՊ վարձկաններ. Դ. Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հիմքեր ունի պնդելու, որ ադրբեջանական կողմն առաջնագիծ է բերել վարձկանների թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունից, նույնիսկ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանն ընդգծեց, որ դա ի ցույց է դնում Ադրբեջանի ահաբեկչական դեմքը:

«Ճիշտ է՝ փաստերը դեռևս պետք է ճշգրտվեն, բայց կան հավաստի հիմքեր՝ պնդելու, որ վարձկաններ են հայտնվել Ադրբեջանի բանակում: Ընդհանրապես, դա բնորոշ է այդ երկրին, այնտեղ միշտ եղել են վարձկաններ: 1988-1994 թթ.-ին` շարժման ու պատերազմի տարիներին, Ադրբեջանում կային բազմաթիվ վարձկաններ Աֆղանստանից, «Գորշ գայլեր» կազմակերպությունից, չեչենական վարձկաններ, «Ալ Քաիդայի» գրոհայիններ: Իսկ հետպատերազմական տարիներին, մինչև վերջերս էլ «Ալ Քաիդայի» գրոհայինները հանգստանում ու ապաքինվում էին Ադրբեջանում»,-նշել է Բաբայանը։

Դավիթ Բաբայանի խոսքով` Թալիշում տարեց մարդկանց դաժանաբար խոշտանգումն ու սպանությունը հենց այդ կատեգորիայի մարդկանց ձեռքի գործն է:

ԼՂՀ նախագահի խոսնակը նկատել է, որ սրվել են վարձկանների և Արցախին սահմանակից ադրբեջանական գյուղերի բնակիչների հարաբերությունները, որոնք զանգվածաբար լքել են իրենց տները:

«Արցախին սահմանամերձ ադրբեջանական գյուղերի գրեթե մեծ մասի բնակիչները լքել են իրենց տները, ընկել են խուճապի մեջ, հիմա այդ նույն վարձկանները թալանում են այդ տները, նույնիսկ կան սպանության, բռնաբարության բազմաթիվ դեպքեր այդ շրջաններում: Սա հիմք է տալիս պնդելու, որ առաջնագծում կան այդպիսի վարձկաններ «Գորշ գայլերից», նույնիսկ «Իսլամական պետությա»ն որոշ գորհայիններ: Դա, իհարկե, ցույց կտա ընթացքը, բայց այսպիսի հիմքեր կան»,-եզրափակել է Դավիթ Բաբայանը:

«Արմենպրես»

Այս խորագրի վերջին նյութերը