Լրահոս

09.02.2011 09:03


ՄՃԽ–ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հնարավորությամբ

ՄՃԽ–ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հնարավորությամբ

Երեքշաբթի երեկոյան Միջազգային ճգնաժամային խումբը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր հերթական զեկույցն է հրապարակել, որտեղ արձանագրել է՝ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը 2010թ. զգալիորեն վատթարացել է։

«Սահմանային բախումների գագաթնակետը, սպառազինության մրցավազքը, ռազմատենչ հռետորությունը և խաղաղ բանակցությունների խափանումներն ավելացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հնարավորությունը, որը տարածաշրջանում կհանգեցնի լայնածավալ փլուզումների»,-ասված է զեկույցում։

Նշվում է նաև, որ երկու կողմերից ռազմական ներուժի ավելացումը Հարավային Կովկասում նոր զինված հակամարտությունն է՛լ ավելի վտանգավոր է դարձնում, քան էր 1992-1994թթ.

«Կողմերից և ոչ մեկի համար հեշտ և արագ հաղթանակի հնարավորություն չի լինի։ Անգամ եթե ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը տոտալ հարձակում չեն ծրագրում, շփման գծում բախումները հեշտությամբ կարող են դուրս գալ վերահսկողությունից»։

Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան տարածաշրջանի տնօրեն Լորենս Շիթսի խոսքերով էլ՝ այսպիսով իրենք արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունեցող մարդկանց ցանկանում են հիշեցնել, որ այս խնդիրը կարող է ինչ-որ մի պահի վերածվել լայնամասշտաբ պատերազմի՝ առանց միջազգային հանրության կողմից որոշակի ճնշման կամ աշխատանքի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը