Մեկնաբանություն

14.04.2016 18:25


Ով է մեղավոր, և ինչ է պետք անել

Ով է մեղավոր, և ինչ է պետք անել

Չորսօրյա պատերազմը դաժան ձևով բացեց բոլորի աչքերը։

Պատերազմը ցույց տվեց, թե ինչպես է պետականաշինության գործընթացը ձախողվել: Վերջին ութ տարիների ընթացքում արձանագրված բոլոր անհաջողությունները խտացված ձևով արտահայտվեցին ապրիլյան չորս օրերի ընթացքում:

Վատ կառավարման և գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքը երևաց Ղարաբաղի հյուսիսարևելյան և հարավարևելյան հատվածներում:

Պատերազմը ցույց տվեց, թե ինչպես ենք մենք պարտվել թիկունքում՝ Երևանում, և անվտանգությունը պահելու ամբողջ բեռը դրել սահմանը պահող մեր տղաների վրա։

Մեր զոհերի քանակը հայտնի էր արդեն թեժ մարտերի բռնկման առաջին օրվանից (փոքր երկիր է, և գաղտնի բան պահելը դժվար է, այն էլ՝ մարդու կյանքի ու մահվան հետ կապված լուրը), սակայն բոլորս էլ, հասկանալի պատճառներով, լռում էինք այդ մասին: Լռում էր նաև պաշտոնական աղբյուրը: Հիմա սկսել են նոր զոհերի անուններ հրապարակել: Արդեն հարյուրին ենք հասնում:

Իսկ ո՞վ պետք է պատասխան տա սրա համար: Չէ՞ որ անընդհատ զգուշացնում էինք:

Զգուշացնում էինք, որ «Ֆուտբոլային» դիվանագիտության հեղինակն ու նրան «նախաձեռնողականության» հարցում սատարող «ընդդիմադիր» քիրվաներն արկածախնդրությամբ են զբաղված ու աղետ են բերելու Ղարաբաղում:

Զգուշացնում էինք, որ չի կարելի «թափառաշրջիկային» արտաքին քաղաքականություն վարել, որ չի կարելի թալանել, որ չի կարելի արտագաղթին նպաստող տնտեսական քաղաքականություն վարել, որ չի կարելի ներքաղաքական նկատառումներից ելնելով՝ բանակի դեմ քարոզարշավ սկսել, որ չի կարելի պետական կառավարումը նույնացնել «մուտիլովկաների» իրականացման հետ, որ չի կարելի ...

Հիմա իշխանությունը հնձում է այն, ինչ ցանել էր, սակայն ցավն այն է, որ հնձածի դառնությունը բաժին է հասնում հանրությանն ու պետությանը, իսկ ահա այս ամենի թիվ մեկ պատասխանատուն փորձում է «Գեբելսյան» քարոզչամեքենայի ու ձեռքի տակ հայտնված հաճախորդների վերաթարմացված ցուցակի օգնությամբ «պլստալ» և կեղծ թիրախներ մատուցել հանրությանը:

Տարվում է մի քարոզ, ըստ որի՝ փորձ է արվում Սերժ Սարգսյանին տարանջատել այս բոլոր խնդիրներից, նրա պատասխանատվության հարցը հանել մեջտեղից ու նրան պահել, այսպես ասած, ստերիլ վիճակում։

Կրկին շրջանառության մեջ է դրվել «Սերժն ի՞նչ մեղավոր է...» թեզը, որի միջոցով մեղավոր են համարվում բոլորը, իսկ ահա ՀՀԿ ղեկավարն անմեղ է:

Մեկին հանձնարարել են միջազգային ասպարեզում մեր ունեցած պարտությունները բարդել Նալբանդյան Էդիկի վրա։

Մյուսին նստացրել են վարչապետին «քլնգելու» գործի վրա։

Երրորդին կարգադրել են հայ–թուրքական տխրահռչակ «ֆուտբոլի» ու Ղարաբաղի հարցում առկա խնդիրների պահով հայտարարել, թե բա՝ Սարգսյանը ծանր ժառանգություն է ստացել, մարդն ի՞նչ անի։

Չորրորդները մասնագիտացել են ՌԴ–ի վրա մուննաթ գալու հարցում։ Եվ այդպես շարունակ։

Լկտիությունը և հաճախորդությունը հասել են այն աստիճանի, որ Սերժ Սարգսյանին պաշտպանելը, նրա օգտին ափաշքարա դհոլություն անելն ու նրա աթոռի պաշտպանությանը զինվորագրվելը հռչակվել է որպես հայրենասիրություն: Այնպիսի ռազմահայրենասիրական ու սրտաճմլիկ ձևակերպումներ ենք տեսնում, որ պարզապես նողկանք է առաջացնում։ Լավ, բայց գեղամյանությանն էլ չափ ու սահման կա: Պարզվում է՝ չկա:

Հիմա իշխանական քարոզչամեքենան փորձում է տեղի ունեցածի համար մեղադրել բոլորին ու կեղծ թիրախներ հրամցնել։ Մեղավոր են հռչակված վարչապետը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը և մյուսները։ Հնչում են տարբեր պահանջներ, բայց այդ պահանջների հասցեների մեջ չկա Բ26–ը։ Հանրությանն այդպիսով փորձում են շեղել բուն խնդրից ու առաջարկում են բռնել պոչից, այլ ոչ թե գլխից։

Պետք է ասել, որ ամբողջ հանրությանը կարելի է խաբել մի կարճ ժամանակահատված։ Հանրության մի մասին հնարավոր է մոլորեցնել անընդհատ։ Բայց ամբողջ հանրությանը մշտապես մոլորեցնել հնարավոր չէ։ Մեզ, հետևաբար, մեծ համախմբում է անհրաժեշտ՝ այս վիճակը փոխելու համար։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը