Մեկնաբանություն

16.04.2016 23:10


Քոչարյանի «վկաները»

Քոչարյանի «վկաները»

Երբ մի պահ Հայ ազգային կոնգրեսը դուրս եկավ «Եղիազար Այնթապցին ու էջմիածնական միաբանները» հայեցակարգից (փակված զուգարանների հետ «առերեսվելն» այլընտրանք չէր թողել), միացավ ԲՀԿ-ին ու կցվեց քաղաքական փոփոխությունների հասնելու գործին («քաղաքագիտական վերլուծության» շրջանակներում), Բ26-ը պայթեցրեց ՀԱԿ-ում ունեցած իր բոլոր ական-հաճախորդներին: Վերջիններս «սկզբունքային» դիրքերից քննադատում էին Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումն ու աշխատում Սերժ Սարգսյանի օգտին:

Ու որպեսզի «Վերջի բոլշևիկի» օգտին արվող դհոլությունն «ատմազկա» ունենար, «թունդ ընդդիմադիրները» հայտարարում էին, թե իրենք Տեր-Պետրոսյանին քննադատում են, քանզի ԲՀԿ-ի հետ համագործակցության հետևում Ռոբերտ Քոչարյանին են տեսնում:

Ըստ պետրոսմակեյանների, արամսարգսյանների ու սոսգիմիշյանների՝ ՀԱԿ ղեկավարը Գագիկ Ծառուկյանին միանալով՝ «պառկել» է երկրորդ նախագահի տակ, ինչն իրենք անընդունելի էին համարում:

Թե քանի ոչխար էր հավատում այդ պնդումներին, դհոլներին չէր հետաքրքրում: Իրենց ընդամենը դհոլության համար ֆորմալ «լեգիտիմություն» և «գաղափարական» հենք էր պետք, և այդ ամենը նրանք ապահովում էին Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջելով, Վարդան Օսկանյանի դեմ վայրահաչելով և Տեր-Պետրոսյանի «հրեշավոր»՝ գրեթե պետական դավաճանության հասնող որոշումը քննադատելով:

Ընդ որում՝ դհոլները Սերժ Սարգսյանի օգտին աշխատում էին «Սերժն ի՞նչ մեղավոր է. նա վատ ժառանգություն է ստացել Քոչարյանից» էժանագին «տրյուկի» միջոցով:

ՀԱԿ-ն այդ փուլում հիմնականում չէր պատասխանում իշխանական դհոլներին՝ համարելով, որ դրանք դիշովկեք են, ու Քոչարյանի թեման ընդամենը դհոլությունն արդարացնելու համար են դնում շրջանառության մեջ, իսկ իրականում ծառայում են Սերժ Սարգսյանին: ՀԱԿ-ի այս տեսակետի հետ դժվար էր չհամաձայնելը:

Նույնիսկ պաշտոնական հայտարարություն եղավ, որի էությունը հետևյալն էր՝ ՀԱԿ-ի քննադատության միակ թիրախն իշխանությունն է լինելու և կոնկրետ Սերժ Սարգսյանը, իսկ կողքից հնչող հաչոցները ՀԱԿ-ը հիմնականում անպատասխան է թողնելու:

Հիմա, ավելի ճիշտ՝ ավելի քան մեկ տարի Տեր-Պետրոսյանը վերադարձել է ելման դիրք, այն է՝ «միաբանությանը», և կրկին կոչ է անում համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջը, բայց այս անգամ արդեն դա անում է «պրյամոյ», այսինքն՝ իր անունից:

Եթե նախորդ անգամ (2011թ.) Լևոնն իր նախկին խնամի Դավիթ Շահնազարյանի շուրթերով էր պաշտպանում Սերժ Սարգսյանին՝ հայտարարելով, թե ՀԱԿ-ը թույլ չի տա, որպեսզի Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցով ապակայունացնի իշխանական համակարգն ու իշխանությունից հեռացնի Սերժ Սարգսյանին (նման բան իրականում չկար), ապա հիմա Լևոնի՝ Սերժ Սարգսյանի ունեցած իշխանական դիրքը պաշտպանելու «ատմազկան» Ղարաբաղի հարցով սպասվող բանակցությունների ժամանակ, հանուն հայրենիքի, նրան ուժեղացնելն է, որպեսզի ՀՀ-ն հնարավորինս քիչ զիջի: Ոչինչ, որ Ղարաբաղի հարցում շուտափույթ բանակցություններ չեն սպասվում, հետևաբար Սարգսյանին ժամանակավորապես աջակցելը դառնում է նրա օգտին հավերժորեն «միաբանություն» անելու պատրաստակամություն: Կարևորը «ատմազկան» է: Իսկ բոլոր նրանց համար, ովքեր լևոնական լինելով հանդերձ՝ մի փոքր կկասկածեն նրա ներկայացրած այդ հայրենասիրական «ատմազկայի» վրա, օգտագործվում է հին մեթոդը, այն է՝ «Եկեք Սերժին պաշտպանենք, որպեսզի Քոչարյանը չվերադառնա»:

Ուշագրավն այն է, որ հիմա սերժալևոնական «եկեղեցու» վերջին օրերի «սրբերը» և ՀԱԿ-ի «հոգևոր հովիվը» ճիշտ նույն ձևով են իրենց պահում, ինչպես 2011-2014թթ. ՀԱԿ-ից հակաքոչարյանական «ատմազկայով» պոկված բոլոր հաճախորդները: Կոնգրեսականները հիմա շարունակում են Սոս Գիմիշյանի, Պետրոս Մակեյանի, Արամ Սարգսյանի գործը: Ասել է թե՝ բոլոր հաճախորդները նույն կոդով են աշխատում, բայց ամեն մեկը «խուրդվում» է յուրովի:

ՀԱԿ-իստներն էլ են որպես «ատմազկա» ներկայացնում այն, որ իրենք հիմա Սերժ Սարգսյանին են պաշտպանում, քանզի քոչարյանենք, իբր, ուզում են պետական հեղաշրջում անել ու իշխանությունից հեռացնել ՀՀԿ ղեկավարին (ամա՜ն, ամա՜ն): Սրանք գոռգոռում են, թե հարա՜յ, հասե՜ք պաշտպանենք Սերժ Սարգսյանին, քանզի չար Քոչարյանը կգա: Բնականաբար, այս ամենը փաթեթավորվում է հայրենասիրական հռետորաբանությամբ:

Լևոնական «ilur.am» կայքն այնպիսի ահազանգ է հնչեցնում Սերժին Քոչարյանից պաշտպանելու թեմայով, որ անգամ վաղուց բացահայտված հաճախորդ «1in.am»-ի խմբագիր Արման Բաբաջանյանն իր պատվից ցածր կհամարեր նման բան անելը: Իսկ սա նշանակում է, որ եթե մարդամեկի մոտ գոնե մի քիչ պարկեշտություն կա, ապա այն պահանջում է Սերժ Սարգսյանին Քոչարյանից պաշտպանելու «ատմազկան» կիրառելուց առաջ ներողություն խնդրել նույն Արման Բաբաջանյանից, Արամ Սարգսյանից ու սերժական հաճախորդաց միության մյուս անդամներից՝ ժամանակին նրանց նույն բանն անելու համար քննադատելու պահով: Բայց դե, ումից ենք ինչ պահանջում...

Ի դեպ, եթե չեք մոռացել, 2008-ի մարտի 1-ից առաջ էլ մի կարծիք հնչեց, թե բա՝ Սերժի կողմն անցանք, քանզի թշնամին կարող էր օգտվել ու վտանգ ներկայացնել հայրենիքին: «Հիմա դրա ժամանակը չէ» թեմայի շրջանակներում ասվեց, որ ներքաղաքական անկայունությանը նպաստելը պետական դավաճանությանը համարժեք բան է: Նաև նշվեց, որ եթե Սարգսյանին միանալու որոշումը չլիներ, ապա մարտի մեկի զոհերն ավելի շատ կլինեին:

2008-ի մարտի 1-ին Մյասնիկյան արձանի մոտ կանգնածներից շատերը կպատկերացնեի՞ն, որ ընդամենը ութ տարի անց իրենց կուռքը կրքոտ ձևով պաշտպանելու է Սերժ Սարգսյանին: Բնականաբար, հանուն հայրենիքի:

Հայրենիքը, փաստորեն, «բեզռազմեռնի» հագուստ է, և բոլոր հաճախորդներն էլ փորձում են այն իրենց վրա քաշել: Պարզապես հայրենիքն ափսոս է: Կարող է չդիմանալ այս քաշքշոցիին:

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.: Նախորդ տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո ՀԱԿ-ի պաշտոնական կայք «ilur.am»-ը, հասկանալի պատճառներով, ֆինանսատնտեսական լուրջ խնդիրների առաջ էր կանգնել, իսկ վերջին մի քանի ամիսներին հազիվ «շնչում» էր ու փորձում կենդանության նշաններ ցույց տալ. աշխատողներն, ըստ տեղեկությունների, ամիսներով փող չեն ստացել:

Հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպումից հետո կայքն այդ աշխուժացել է. նյութեր է տպում՝ «ընդդիմադիր» դիրքերից քննադատելով Սերժ Սարգսյանի ընդդիմախոսներին:

Փաստորեն, այդ «պատմական» հանդիպման կոնկրետ երկու արդյունք արդեն երևում է.

1.Լևոն Տեր-Պետրոսյանն ու իրեն կից փոքրաթիվ «սրբերը» պահանջում են Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, աշխատում են Վարդան Օսկանյանի դեմ և պաշտպանում են (այն էլ՝ կրքոտ և մեծ էնտուզիազմով) Սերժ Սարգսյանին:

2.«ilur.am»-ը վերակենդանացման նշաններ է ցույց տալիս, և չի բացառվում, որ շուտով կայքի աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը կփակվեն: Կայքն այդ այնքան է ոգևորվել Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումից, որ արդեն ինքնամոռաց արտատպում է իրենց սիրելի Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակի» հոդվածը:

Ահա այսպիսի «ներազգային համախմբում»:

Այս խորագրի վերջին նյութերը