Լրահոս

18.04.2016 15:00


Սերժ Սարգսյանն ընդունել է Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրենին

Սերժ Սարգսյանն ընդունել է Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրենին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահման Հուսեյնին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են «Փոստ Եվրոպայի» կառավարման խորհրդի նախագահ Ժան-Պոլ Ֆորսևիլը և գլխավոր քարտուղար Բոտոնդ Շեբենը: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպայի ազգային փոստային օպերատորների միության հերթական համաժողովին:

Սերժ Սարգսյանը համաշխարհային հաղորդակցության զարգացման գործում մեծապես կարևորել է համաշխարհային փոստային միության դերը, որը դեռևս 19-րդ դարում հիմք է դրել համաշխարհային փոստային համակարգի ձևավորմանը՝ խթանելով տարբեր ժողովուրդների ու ազգերի միջև կապերի ամրապնդումը, հաղորդակից դարձնելով տարբեր մշակույթներ ու արժեքներ կրող քաղաքակրթությունների: Նշելով, որ Հայաստանը համաշխարհային փոստային մեծ ընտանիքի անդամ է շուրջ 25 տարի, նա ընդգծել է, որ դա մեծապես նպաստել է մեր երկրում փոստային ծառայության զարգացմանն ու արդիականացմանը: Համաժողովի անցկացումը Երևանում Սերժ Սարգսյանը լավ հնարավորություն է համարել՝ մոտիկից ծանոթանալու այս ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին, փորձի փոխանակում իրականացնելու, գնահատելու Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստի» գործունեությունը և անդրադառնալու զարգացման հետագա ծրագրերին:

Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հյուրընկալության և Հայաստանում Եվրոպայի ազգային փոստային օպերատորների միության համաժողովի անցկացման հնարավորության համար: Նա ներկայացրել է համաժողովի նպատակն ու իր գլխավորած կազմակերպության առաքելությունը, ինչպես նաև «Հայփոստի» հետ համագործակցությունը՝ վստահեցնելով, որ Համաշխարհային փոստային միությունը պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորին՝ նպաստելու վերջինիս զարգացմանը՝ նկատի առնելով, որ արագ փոփոխվող աշխարհում նոր հնարավորություններ են ստեղծվում նաև փոստային ծառայությունների ոլորտում նորարարական մոտեցումների կիրառման համար:

Այս խորագրի վերջին նյութերը