Լրահոս

18.04.2016 17:35


Եթե լավ զինտեխնիկա ունենային, ընկերներին չէին կորցնի (տեսանյութ)

Եթե լավ զինտեխնիկա ունենային, ընկերներին չէին կորցնի (տեսանյութ)

Ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված զինվորներն ու կամավորները նշում են` եթե ավելի լավ զինտեխնիկա ունենային, ապա իրենց ընկերներին չէին կորցնի, իրենք էլ չէին վիրավորվի:

19-ամյա զինծառայող Միքայել Սահակյանը պատմում է, որ ապրիլի 3-ին որպես հավելյալ ուժ իրենց ուղարկել էին Ջեբրայիլի դիրքեր: Բեկորային վնասվածքներով Զինվորական կլինիկական հոսպիտալում բուժում ստացող Միքայելը քչախոս է, սակայն նշում է` եթե լավ զինատեսակներ ունենային ոչ միայն կպաշտպանվեին, այլև կհարձակվեին:

«Մեր սահմանները ավելի առաջ կտանեինք, չէինք պաշտպանվի, այս անգամ մենք կհարձակվեինք: Էդ զինատեսակներն են, որոնք մենք քիչ ունենք», - «Ազատության» հետ զրույցում ասել է վիրավոր զինծառայողը:

Հակառակորդի զինտեխնիկայի առավելությունների մասին խոսելիս, սակայն, Միքայելը ընդգծում է` կարևորը հայ զինվորի ոգին է. «Հակառակորդը ունի ավելի լավ զինատեսակ, բայց հայը ուրիշ ձև է… հայի դուխը` ըսենց ասեմ: Հայի ոգին ամեն ինչ էլ կարող է»:

Զինատեսակների մասին խոսելու ընթացքում մեր զրույցին միանում է կողքի մահճակալին պառկած 22-ամյա Թաթուլ Ծատրյանը՝ ընդգծելով` եթե լավ զենք ունենային, ոչ էլ կվիրավորվեին: Ապրիլի 2-ին Կապանից որպես կամավոր մեկնած երիտասարդը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, վնասվել են թոքերը, ոտքն ու ուսային հատվածը:

«Եթե էսօր լավ զենքեր ունենայինք, կգրավեին տղերքը, ոչ էլ կվիրավորվեինք: Նրանք ավելի շատ կտուժեին, քան մենք», - ասում է Ծատրյանը:

«Ազատության» հարցին` կոնկրետ ի՞նչ զինատեսակի կարիք էր զգացվում, պատասխանում է` «ամեն ինչի» ու մանրամասնում. «Չես կարա ասես… հաստատ` ինչ զենք էլ լիներ… »:

Մանրամասն ՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը