Քաղաքական

19.04.2016 17:05


Վ. Հովհաննիսյան. «Երկրի թիվ մեկ խնդիրը Միհրան Պողոսյանը չէ»

Վ. Հովհաննիսյան. «Երկրի թիվ մեկ խնդիրը Միհրան Պողոսյանը չէ»

Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանն ասել է, որ Հայաստանը մինչ քառօրյա պատերազմը եւ Հայաստանը դրանից հետո լրիվ տարբեր հասկացություններ են:

«Հասարակության ճնշման տակ երկրում պետք են լուրջ փոփոխություններ: Եվ բոլորս, առաջին հերթին երկրի քաղաքական վերնախավն, ինչքան շուտ հասկանա, այնքան արագ կլինեն փոփոխությունները, եթե չհասկանա, ժողովրդի ճնշման տակ կկատարվեն փոփոխություններ, եթե դա էլ չլինի, ապա մեր պետությունը, ցավոք, կարող է մեծ կորուստների առաջ կանգնել»,- շեշտեց Վահե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի հրաժարականին՝ ԱԺ պատգամավորը նշեց, որ նման գործերը միայն հրաժարականով չպետք է ավարտվեն, եւ որ հրաժարականներին պետք է հետեւի քննությունը, գումարների վերադարձը:

«Չեմ ցանկանում ծանրանալ Միհրան Պողոսյանի անձի վրա, չեմ կարծում, որ Միհրան Պողոսյանը թիվ մեկ կոռուպցիոներն է, բայց իսկապես պետք է բյուջետային կարգապահություն, այս երկրում ինչ-որ փողի շրջանառություն կա, որը, չգիտես՝ ինչու, բանակին չի հասնում, այլ հասնում է այլ տեղեր: Սա լուրջ խնդիր է, եւ ինչքան շուտ հասկանանք, որ մինչ պատերազմյան Հայաստանի բարքերն այլեւս չեն կարող գոյություն ունենալ, այնքան լավ մեր երկրի համար»:

Հարցին, թե ինչու երկրորդ նախագահը չի արձագանքում վերջին զարգացումներին, Վահե Հովհաննիսյանը պատասխանել է. «Դուք ուշադիր չեք. բոլորդ գիտեք, որ ռազմական գործողությունների օրերին Ռ. Քոչարյանը պարբերաբար կապի մեջ է եղել ԼՂՀ նախագահի հետ: Դրանից հետո նա հստակ ձեւակերպել է, թե ինչ պետք է անել: Իսկ այս պահին ուրիշ ի՞նչ պետք է աներ»:

«Իսկ ո՞րն է պատերազմի վերսկսման հիմնական պատճառը» հարցին Վ. Հովհաննիսյանը պատասխանել է. «Վերջին մի քանի տարիներին խախտվել էր ուժերի հարաբերակցությունը: Այդ բալանսը ամենակարեւոր գործոնն է` երկարատեւ խաղաղություն ունենալու համար: Խոսքը վերաբերում է տնտեսական, ռազմական, ժողովրդագրական հավասարակշռությանը: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսության հարաճուն թուլացումը վաղ թե ուշ պետք է հանգեցներ տարածաշրջանում հավասարակշռության խախտմանը: Այս փուլում զինվորականության շնորհիվ հնարավոր եղավ ձախողել հակառակորդի ագրեսիվ ծրագրերը: Մենք շահեցինք որոշակի ժամանակ: Հիմա մենք պետք է առավելագույն արդյունավետությամբ օգտագործենք այս հնարավորոթյունը` տնտեսությունը զարգացնելու, բանակը վերազինելու եւ երկրում ընդհանուր մթնոլորտը փոխելու համար»:

«Top-News.am»

Այս խորագրի վերջին նյութերը