Լրահոս

24.04.2016 09:30


Բակո Սահակյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Բակո Սահակյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի ժողովուրդը համայն հայության հետ միասին ոգեկոչում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 101 տարի առաջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև թուրքական յաթաղանի զոհ դարձավ մեկուկես միլիոն հայ՝ ծերեր, երեխաներ, կանայք։ Մի ողջ ժողովուրդ զրկվեց հայրենիքից, սեփական հող ու ջրից և բռնեց գաղթի ճամփան՝ սփռվելով աշխարհով մեկ։ Ցավոք, ցեղասպանության փորձեր են կատարվում նաեւ մեր օրերում, և եթե ժամանակին Մեծ եղեռնը ճանաչվեր ու դատապարտվեր միջազգային հանրության կողմից, չէին լինի միլիոնավոր նոր անմեղ զոհեր աշխարհի տարբեր ծայրերում: Թե՛ 1915-ի այն ողբերգական օրերին և թե՛ այսօր, երբ հայ ժողովուրդը պայքարում է հանուն ազատ ու անկախ ապրելու իր իրավունքի, հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, մենք զգացել և զգում ենք տարբեր երկրների, աշխարհի բազմաթիվ մարդկանց աջակցությունը, նրանց, ում համար արդարությունը, մարդասիրությունը, համամարդկային արժեքների պաշտպանությունը վեր են ամեն ինչից: Մենք շնորհակալ ու երախտապարտ ենք հայ ժողովրդի բոլոր բարեկամներին։ Մեր հակառակորդը չի փոխվել, սակայն փոխվել է մեր ժողովուրդը։ Այսօր հայը աշխարհին է ներկայանում հայկական երկու հանրապետություններով, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությամբ և իր պատմական հողում ապրելու ու արարելու անսասան վճռականությամբ։ Այս ապրիլյան օրերին աշխարհասփյուռ հայությունը կրկին ոտքի կանգնեց մեկ մարդու պես և ապացուցեց աշխարհին, որ իր հայրենիքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար պատրաստ է և կանի ամեն ինչ, կանի իր քաջ որդիներով ու հերոսական բանակով, իր միասնականությամբ ու անպարտելի ոգով»:

Այս խորագրի վերջին նյութերը