Լրահոս

16.05.2016 16:40


Չնայած սոցիալական խնդիրներին՝ 14 զավակ ունեցող ծնողները մտադիր չեն կանգ առնել

Չնայած սոցիալական խնդիրներին՝ 14 զավակ ունեցող ծնողները մտադիր չեն կանգ առնել

Հայ ընտանիքներն այսօր հիմնականում չեն ձգտում շատ երեխաներ ունենալ: Ամենից շատ են հանդիպում մեկ, երկու երեխայով ընտանիքները: ՀՀ սոցիալական վիճակից ելնելով՝ մեծ խիզախություն է պետք 3-րդ երեխան ունենալու համար:

Ընտանիքի միջազգային օրվա առիթով մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Մարտիկ և Անժելա Մեքոնյանները՝ իրենց 13 զավակներով, հանդես են եկել մամլո ասուլիսով, որի ժամանակ բարձրաձայնել են Հայաստանում ընտանիքների կայացմանը խանգարող հիմնական հանգամանքների մասին:

Ընտանիքի հայրը՝ Մարտիկ Մելքոնյանը, պատմում է, որ սկզբում իրենց բազմազավակ ընտանիքն ապրում էր 46 ք/մ տարածք ունեցող բնակարանում:

-Որ մտնում էիր տուն, ամբողջ տարածքով մեկ մահճակալներ էին շարված:

«Vesti.am»ի փոխանցմամբ՝ պետությունը Մելքոնյանների ընտանիքին ամսական 100 հազար դրամ է հատկացնում՝ յուրաքանչյուր երեխային 7500-ական դրամ:

Ընտանիքի ավագ որդին այժմ մեկնել է արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանա ինչ-որ բանով թեթևացնել իր ծնողների հոգսը:

Նրանք բազմիցս դիմել են պատկան մարմիններին, սակայն ծառացած խնդիրներին լուծում չի տրվել:

-Շատ ենք դիմել, բայց ոչ մի օգնություն, ոչ մի աջակցություն: Բարեգործական կազմակերպությունն է ձեռք մեկնել մեր ընտանիքին՝ 20 տարի առանց տոկոսի 3 մլն դրամի վարկ տրամադրելով, և մենք մեր բնակտարածքը 50 ք/մ-ով ավելացրեցինք:

Չնայած դժվարություններին, սոցիալական խնդիրներին՝ Մարտիկն ու Անժելան որոշել են. «Աստված ինչքան երեխա պարգևի, այդքան էլ պետք է ունենանք»:

Հարցին, թե ինչն է ուժ տալիս նման քայլի գնալու համար, Մարտիկը պատասխանել է.

-Ծնողներս երեխա չեն ունեցել, ինձ որդեգրել են, երբ 1 տարեկան եմ եղել: 7 տարեկան էի, երբ հայրս մահացավ, շատ դժվարությամբ է մայրս ինձ մեծացրել: Հարազատ եղբայրս էլ մահացել է արցախյան պատերազմում,- դրդապատճառներն է նշել ընտանիքի հայրը՝ հավելելով, որ այս քայլով իրենք հայ ազգի գենոֆոնդն են պահպանում:

Մելքոնյանների ամենակրտսեր, 14-րդ անդամը դեռևս 10 օրական է: Մարտիկն ու Անժելան չեն բացառում, որ այս փոքրիկից հետո էլ դեռ երեխաներ կունենան։

Նյութն ամբողջությամբ՝ «Vesti.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը