Քաղաքական

16.05.2016 23:00


Կայացավ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ, լրացված)

Կայացավ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ, լրացված)

Վիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ կայացել էր Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, այնուհետև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:

...

Ինչպես հայտնում են Ս. Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ս.թ. ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը