Կարծիք

19.05.2016 11:09


Որոնք են ռազմավարական ու մարտավարական նշանակություն ունեցող տարածքները

Որոնք են ռազմավարական ու մարտավարական նշանակություն ունեցող տարածքները

Որոնք են ռազմավարական ու մարտավարական նշանակություն ունեցող տարածքները

Կորցնելով «մոտ 800 հեկտար տարածք, որը ռազմավարական կամ մարտավարական նշանակություն չունի», Սերժ Սարգսյանն իր անունը պատմության մեջ անմահացրեց որպես մի նախագահ, ում օրոք մենք տարածքային կորուստներ ունեցանք: Որքան էլ պետական պրոպագանդան փորձի համոզել բոլորիս, որ «այդ հողերը ռազմավարական նշանակություն չունեն», մենք բոլորս էլ հասկանում ենք, որ իրականությունը ճիշտ հակառակն է: Իրականությունից փախչել չի լինի. Սերժ Սարգսյանի օրոք մենք ունեցանք տարածքային կորուստ, ու դրա պատասխանատվությունը հենց նա է կրում:

Ղարաբաղում գեթ մեկ անգամ եղած ցանկացած մարդ պետք է որ իմանա (իսկ եթե չի եղել, ապա քարտեզը կարող է բացել ու համոզվել), որ ցանկացած չափի տարածքային կորուստ մեզ համար հղի է լուրջ վտանգներով, որովհետև մեր դիրքերն ու բնակավայրերը հայտնվում են թշնամու ափի մեջ: Ու ընդհանրապես, սա ի՞նչ բանավեճ է՝ ռազմական նշանակություն ունեցող կամ ռազմակական նշանակություն չունեցող տարածքներ: Իմ խորին համոզմամբ՝ բոլոր տարածքներն էլ մեզ համար ռազմական նշանակություն ունեն ոչ միայն մեր աշխարահագրական պայմաններից ելնելով, այլ որովհետև ամեն մի թիզ հողի համար արյուն է թափվել: Սրա մասին, կարծես թե, մարդիկ մոռանում են: Ու ևս մեկ հարց կա՝ կա՞ ինչ-որ սահմանում, թե ինչ է նշանակում «ռազմավարական նշանակություն ունեցող տարածք»:

Մեր կամ Արցախի Սահմանադրության մեջ նմանօրինակ դրույթ ամրագրվա՞ծ է տարածքների դասակարգման վերաբերյալ, թե՞ ոչ: Եթե չեմ սխալվում (իսկ ես չեմ սխալվում), նման դրույթներ չկան գլխավոր իրավաքաղաքական փաստաթղթերում, ավելին, մեր գործող Սահմանադրության մեջ դրույս, ըստ որի ՀՀ նախագահը հանդիսանում է տարածքային ամբողջականության երաշխավորը: Իհարկե, Սերժ Սարգսյանը կարող է ասել, որ «մեր պատկերացումների մեջ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ» ու դրանով իսկ հանել պատասխանատվության բեռն իր ուսերից: Սակայն նրա խոսքերը չեն փոխի իրերի դասավորվածությունն ու իրականությունը: Նոր որակի իշխանության ձևավորումն այսօր, առավել քան երբեք, հանդիսանում է մեր երկու հայկական պետությունների պետականության ու տարածքային ամբողջականության պահպանման կարևորագույն նախապայմանը: Այս փաստի գիտակցումը հանդիսանում է նաև քաղաքական դաշտում հետագա գործունեության գլխավոր ուղենիշը:

Հ. Գ. Մի քանի կարևոր հարցեր նույնպես առ այսօր մնում են առկախված վիճակում: Օրինակ՝ եթե այդ 800 հեկտար տարածքը նշանակություն չունի, ապա ինչո՞ւ էին զորքն այնտեղ խրամատավորել, և ինչո՞ւ էին մեր տղաները այդպես հերոսաբար պաշտպանում այն հողերը, որոնք հետագայում գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է անվաներ «ռազմական կամ մարտավարական նշանակություն չունեցող տարածքներ»: Սերժ Սարգսյանն ուզում էր ասել, որ մեր հերոսները «կակոյ-նիբուծ» «քոսոտ» 800 հեկտարի համա՞ր են իրենց կյանքը զոհել:

Արմեն Միքայելյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը