Քաղաքական

18.10.2010 16:27


Ո՞րն է ՀՀՇ–ի առաջնահերթ խնդիրը

Ո՞րն է ՀՀՇ–ի  առաջնահերթ խնդիրը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պոտսդամում երեք լիբերալ կուսակցությունների միջև ստորագրված հռչակագրին անդրադառնալով՝ Արամ Մանուկյանն ասել է, թե դա շատ համարձակ փաստաթուղթ է, որը նվիրված է համամարդկային արժեքների ներմուծմանն ու դրանց համար պայքարին։ Ինչ վերաբերում է Հայաստանում այդ  փաստաթղթի դեմ մեղադրանքներին, Արամ Մանուկյանն ասել է, թե իրեն դա չի հետաքրքրում, և ինքը գիտեր, որ այդպես էլ լինելու է, քանի որ սերիալի մակարդակի քաղաքական գործիչը բնականաբար պետք է մեղադրի, երբ թշնամի երկրի որևէ կառույցի հետ «նստում ես ինչ-որ բան խոսելու կամ ստորագրելու»։

Նա նշել է, որ Հարավային Կովկասում պետք է խաղաղություն լինի, որը պետք է հաստատվի արժանապատիվ կերպով, սեղանի շուրջը։ Նույնը, նրա խոսքերով, վերաբերում է Թուրքիային։

-Որ իրենք սկսել էին Թուրքիայի հետ սիլիբիլի անել, ֆուտբոլ, տոլմա ուտել և այլն... Լավ էին անում, ո՞վ էր իրենց բան ասում։ Թշնամու հետ խաղաղություն հաստատվում է ստորագրելով և սեղանի շուրջ նստելով։ Ես կողմնակից եմ բոլոր տեսակի բանակցություններին, բոլոր տեսակի շփումներին, որոնք երկրին, տարածաշրջանին խաղաղություն են բերում, և այն, որ մենք ստորագրել ենք, որ հակամարտությունը պետք է խաղաղ լուծվի, միջազգային դրույթ է,-ասել է նա և հավելել, որ ով փորձի խոսել դրա դեմ, նրա մակարդակը «ниже плинтуса»։

Վերջերս Պոտսդամում ստորագրված հռչակագրին էր անդրադարձել նաև ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ով նշել էր, որ ՀԱԿ-ը, որի կորիզը ՀՀՇ-ն է, հայտարարում է, թե մինչև Ղարաբաղի հարցը չկարգավորվի, Հայաստանում այլ բան հնարավոր չէ փոխել, բայց գնացել է, ադրբեջանցիների հետ համաձայնել է բոլոր մնացած բաների մասին, բացի Ղարաբաղի հարցից։

Մեկնաբանելով վերոնշյալ կարծիքը' Արամ Մանուկյանն ասել է.

-Ղարաբաղի մասին խոսք չի եղել, բայց երկու երկրներ եթե ստորագրում են հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին, պարզ չէ՞, որ Ղարաբաղի մասին է։ Բնականաբար, ենթատեքստով հասկացվում է, որ բանակցությունների շուրջ, խաղաղ կարգավորման միջոցով, եռանախագահների միջնորդությամբ  Ղարաբաղի հարցը պետք է առաջ գնա, մանրամասներն արդեն դիվանագիտական լեզու է, դիվանագիտական մանրամասներ, որոնք սրա մեջ, բնականաբար, ընդգրկվել չէին կարող։

Լրագրողի՝ «Չէ՞ որ ՀԱԿ-ի համար առաջնայինը ԼՂՀ հարցի լուծումն է, առանց որի հնարավոր չէ այլ հարցերի լուծումը. այդ դեպքում ինչո՞ւ են միջազգային կառույցների հետ քննարկվում բոլոր հարցերը, բացի ԼՂՀ-ից» հարցին ի պատասխան' Արամ Մանուկյանն ասել  է.

-ՀՀՇ-ն քաղաքական ուժ է, և բնականաբար ՀՀՇ-ն իր քաղաքական լծակները կարող է օգտագործել խնդիրների լուծման համար։ Առաջինը դա Հայաստանի ժողովրդավարացման խնդիրն է, որը մենք չենք պատկերացնում առանց իշխանափոխության, և դրա հետ կամ դրան զուգահեռ կամ դրանից ավելի կարևոր, ինչպես ուզում եք, Ղարաբաղի խնդրի լուծումը։ Եվ հիմա եթե այս իշխանությունները չեն գնում ո՛չ մեկին, ՛ոչ մյուսին, բնականաբար իրենց իշխանափոխության խնդիրը դառնում է թիվ մեկ հարց, և արտահերթ ընտրությունները դառնում են թիվ 1 հարց։ Դրա համար առաջնահերթությունների առումով մեր խնդիրը արտահերթ, արդեն նախագահական ընտրություններն են, և դա է դառնում միջոց մնացած խնդիրների լուծման համար։

Նա նաև ընդգծել է, որ ընդհանրական փաստաթուղթ ստորագրելն ավելի հեշտ է, քան հակամարտություններին անդրադառնալը, և անգամ «Մուսավաթ»-ի հետ Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ հնարավոր չէ ստորագրել, քանի որ դժվարություններ կան, և երբ մտնում ես դաշտ, որտեղ խնդիրները որոշակիանում են, հարցը դժվարանում է։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը