Քաղաքական

05.06.2016 20:13


Ս.Բաբայան. «Եթե չգիտեն՝ ավելի վատ է, իսկ եթե գիտեն ու խաբում են, ուրեմն պարազիտներ են»

Ս.Բաբայան. «Եթե չգիտեն՝ ավելի վատ է, իսկ եթե գիտեն ու խաբում են, ուրեմն պարազիտներ են»

Ինչպես հայտնել էինք, Արցախ մեկնած ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը խոսքով դիմել էր Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրի մոտ իրեն դիմավորելու եկած հազարավոր արցախցիներին։

Բացի այդ, նա պատասխանել է նաև լրագրողների բազմաթիվ հարցերին։ Սամվել Բաբայանն ասել է, որ իրեն դիմավորել ցանկացող քաղաքացիների նկատմամբ ճնշում է գործադրվել, սպառնալիքներ են հնչել։

–Հատուկ զբաղվել են, որ մարդիկ չգան, աշխատանքից ազատում են, խնդիրներ են ստեղծում։ Այլապես բոլորովին այլ պատկեր կլիներ։ Այստեղ հավաքված են այն մարդիկ, ովքեր արհամարհում են այդ սպառնալիքները և անում են իրենց ուզածը, հասկանում են, գիտակցում են։ Իսկ նրանք, ովքեր դեռ չեն կարողանում կողմնորոշվել, չեն հասկանում, որ կարող են փախստական դառնալ, նրանք դեռ մտածում են՝ գնա՞լ այդ քայլին, թե՞ ոչ։ Որ մեր ազգն իրոք խորությամբ հասկանա, թե ինչ վիճակում ենք հիմա, իմ կարծիքով, շատ խելոք քայլեր կանեն,–ասել է Ս.Բաբայանը։

Ինչ վերաբերում է Արցախում նախատեսված Սահմանադրական փոփոխությունների հարցին, Բաբայանը նշել է, որ իր տեղեկություններով՝ դրանք երկարաձգում են մինչև 2020թ.։

–Երկարաձգում են, որ ընտրություններ չլինեն։ «Զվարթնոց» օդանավակայանում որ ինքնաթիռն իջել է, Բաբայանը հենց դուրս է եկել դրանից, իսկույն այդ հրահանգը ստացել են,–մանրամասնել է նա։

Անդրադառնալով Թալիշի վերաբնակեցմանը՝ նա ընդգծել է, որ այնտեղ նույնիսկ զինվորի համար ապահով չէ, ուր մնաց՝ բնակչի համար.

–Մենք անպետք հող չունենք. այդ տարածքում Սովետական Միության տարիներին Ղարաբաղի երրորդ ամենախոշոր գյուղն է եղել, ամենամեծ անասնապահությունը Թալիշում է եղել։ Թալիշն ուղղակի գյուղ չէ։

Հարցին՝ արդյոք ԼՂՀ ՊԲ–ո՞ւմ էլ կան կոռումպացված բարձրաստիճան զինվորականներ, ինչպես Հայաստանում, որոնցից մի քանիսն արդեն իսկ կալանավորվել են, գեներալ–լեյտենանտը պատասխանել է.

Որ լավ ստուգեն, շատ մարդ է կալանավորվելու։ Եթե ստուգեն, կարելի է 1600–ից մի 600–ին տանել։ Ես շատ բան գիտեմ՝ փաստացի՛, բայց դա հրապարակելու իմաստ չկա։ Եթե խնդիրն անուններ տալով է, կլուծվի։ Բայց ես գիտեմ, որ խնդիրն անուններ տալով չի լուծվում։ Ցանկություն է պետք, քաղաքական կամք և հետևողական գնալ առաջ։

Սամվել Բաբայանը պնդել է, որ առնվազն 1,5-2 տարի Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի չի դիմի, և հայկական կողմն այդքան ժամանակ ունի իր պաշտպանական համակարգն ամրապնդելու համար։

– Այս պահին եթե դու չես կարողանում քիթդ սրբես, ուրիշի քթի մասին մի՛ մտածի, դու սովորի քիթդ մաքրելը, հետո ուրիշի քթի մասին կմտածենք։ Իմ առաջարկներն առաջին հերթին խելք պետք է ունենան, որ ընդունեն,–ասել է Բաբայանը և հակադարձել իր առաջարկները հնացած անվանողներին,–մեկ անգամ ևս կրկնում եմ՝ Ադրբեջանն ունի հակահրթիռային համակարգ՝ իսրայելական։ Կարող եմ տեղերն էլ ասեմ, թե որտեղ են դրանք տեղակայված Ադրբեջանի ամբողջ տարածքում։ Եթե այդ անձը հայտարարում է, թե ամբողջ աշխարհում երեք պետություն կա, որ այդպիսի համակարգ ունի, հուշում եմ, որ չորրորդն էլ Ադրբեջանն է։ Հիմա ե՞ս եմ հնացած, թե իրենք։ Եթե իրենք այդ հասարակ բանը չգիտեն, ինչի՞ մասին է խոսքը։ Կամ էլ գիտեն, ձեզ խաբում են։ Եթե չգիտեն, ավելի վատ է, իսկ եթե գիտեն ու խաբում են, ուրեմն պարազիտներ են։

Բաբայանը նաև պնդել է, որ անհրաժեշտ սպառազինությունը գնելու գումարն էլ կա.

–Ես լավ գիտեմ մեր տնտեսության վիճակը, և երբ բան եմ առաջարկում, մոտավորապես թիվն էլ եմ պատկերացնում, ու գիտեմ, որ այդ գումարը հնարավոր է գտնել։ Այդ գումարը կա՛. մի թեթև որ իրենք իրար նայեն, այդ գումարը կգտնեն։

Նրանից նաև հետաքրքրվել են՝ Սերժ Սարգսյանի հետ ցանկացե՞լ է հանդիպել, ինչին ի պատասխան՝ Բաբայանն ասել է.

–Ոչ մեկի հետ չեմ ցանկացել հանդիպել, ցանկություն էլ չունեմ։

Խոսելով իր հետագա ծրագրերի մասին՝ նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ որևէ կուսակցության չի անդամագրվելու, բայց որպես քաղաքացի՝ իրավունք ունի աջակցություն հայտնելու։

–Ես հայ եմ, ղարաբաղցի, Ռուսաստանի իշխանության հետ որևէ կապ չունեմ, իսկ եթե մարդիկ հորինում են, քաղաքական ինչ–որ աստառներ են ուզում կպցնել, դա էլ իրենց խնդիրն է։ Ես եկել եմ իմ ժողովրդի հետ լինելու, ինձ չեն հետաքրքրում նախկին պաշտոն, ներկա պաշտոն։ Եվ ես այսուհետ բնակվելու եմ Արցախում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը