Լրահոս

06.06.2016 14:41


Արա Աբրահամյան. «Իրավիճակը ո՛չ խաղաղ է, ո՛չ պատերազմական»

Արա Աբրահամյան. «Իրավիճակը ո՛չ խաղաղ է, ո՛չ  պատերազմական»

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի բացառիկ հարցազրույցը «Vesti.am» կայքին

-Պարո՛ն Աբրահամյան, ապրիլյան քառօրյա ակտիվ մարտական գործողություններից հետո ինչպե՞ս եք գնահատում ներկայիս իրավիճակը: Կարծես թե, գործում է հրադադարի մասին պայմանավորվածությունը, բայց գրեթե ամեն օր կրակում են, և զոհեր ենք ունենում:

-Ցավոք, Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը չի թաքցնում Ղարաբաղի հարցը զենքով լուծելու իր մտադրությունները: Ենթադրում եմ, որ քառօրյա ռազմական գործողությունները, 1994 թվականից ի վեր հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, որոնք որոշ մարդիկ պատերազմ են անվանում, իսկ մյուսները՝ դիվերսիոն հարձակում (հետախուզություն՝ մարտի միջոցով), ցույց տվեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ լայնամասշտաբ պատերազմի, բայց ունի ռազմական տեխնիկայի որոշակի գերակայություն: Որպեսզի չկորցնի գրաված չնչին դիրքերը, Բաքուն՝ Ռուստատանի միջնորդությամբ, ստիպված, դադարեցրեց ռազմական գործողությունների ակտիվ փուլը: Թեև Ադրբեջանը Վիեննայի բանակցությունների ժամանակ առերես համաձայնվեց ԵԱՀԿ խմբի առաջարկած հրադադարի ռեժիմի խախտման մշտադիտարկմանը, բայց ամոթաբար պարբերաբար շարունակում է խախտել հրադադարը. ամեն օր կրակում է ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի և հարակից տարածքների ուղղությամբ: Ես կարծում եմ, որ ներկայիս ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ իրավիճակը դեռ շարունակվելու է, քանի դեռ Ադրբեջանը չի դիմել հերթական ռազմական սադրանքի և ագրեսիայի: Որպեսզի այդ ամենը տեղի չունենա, հայկական կողմը պետք է բանակի վերազինման և մարտավարության կատարելագործման հետ զուգահեռ ակտիվացնի դիվանագիտական ճնշումը: Ընդ որում, կարծում եմ, այդ դեպքում մեր ամենակարևոր առաջադրանքն է՝ ուժեղացնել հակաօդային պաշտպանությունը և թուլացնել թշնամու հաղորդակցության համակարգը: Հայկական բանակը պարտավոր է դառնալ այն ուժը, որը կստիպի Ադրբեջանին հրաժարվել ռազմական ագրեսիայի հերթական ծրագրերից: Մենք նոր տարածքային ձեռքբերումների նպատակներ չենք հետապնդում, իսկ ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտին ստեղծվել է 1993-1994 թթ. Ադրբեջանի հերթական ռազմական գործողությունների արդյունքում: Բայց եթե Բաքուն հարցի լուծումը տեսնում է ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ մարտի դաշտում, ապա պետք է ցրել այդ պատրանքները: Ընդ որում, իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանն իր գործողությունների պատճառով կարող է փչացնել հարաբերությունները հարավային հարևանի հետ` ընհուպ Արաքս գետի ողջ երկարությամբ:

-Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ անցկացվող բանակցություններից:

-Ինչպես ցանկացած խելամիտ մարդ, ով հասկանում է, որ ղարաբաղյան հարցը ռազմական հեռանկար չունի և պետք է լուծվի քաղաքական բանակցությունների միջոցով, հույս ունեմ, որ հաջողության կհասնենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակում: Սակայն, ներկայիս ժամանակահատվածում, չեմ կարծում, որ Բաքուն կհամաձայնի փոխզիջումների գնալ և ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Հետևաբար, քաղաքական բանակցությունների արդյունքը կախված է բանակի վիճակից և հակառակ կողմին` ԼՂՀ-ն ճանաչելը պարտադրելու կարողությունից: Ցավոք, Բաքվում և Երևանում կարող էին իրենց ջանքերն ու բյուջեն ուղղել ոչ թե սպառազինության հերթական մրցավազքին, ոչ թե հակադրել երկու բանակները, հետևաբար, նաև հարևան ժողովուրդներին, այլ, ընդհակառակը, այդ էներգիան կարող են ուղղորդել ավելի ռացիոնալ ու օգտակար ուղղությամբ, առևտուր անել և մշակույթների երկխոսություն անցկացնել, ընկերություն անել բարիդրիացիական մթնոլորտում և ամրագրել ժողովուրդների բարեկամությունը: Մենք ունեցել ենք այդ փորձը, բայց քաղաքական նկրտումները կուրացրել են Բաքվին և արդեն երրորդ տասնամյակն է, ինչ մենք միմյանց նայում ենք ինքնաձիգի նշանակետից: Ժամանակն է գիտակցել, որ պատերազմը նոր ավերածություններ է, նոր ֆիզիկական կորուստներ ու վիրավորներ: Դեռ ինչքան մեր ժողովուրդները պետք է տանեն այս անհեթեթությունը: Բայց ճշմարտությունը նրանում է, որ մենք կարող ենք համերաշխ լինել և շփվել միմյանց հետ՝ յուրաքանչյուրս մեր տանը մնալով և հարգելով հարևանին ու նրա տարածքները: Թող Հայաստանն ու Ադրբեջանը հարգեն Ղարաբաղին և ընկերություն անեն միմյանց հետ:

-Ռուսաստանի հայերի միությունը և անձամբ Դուք առաջադրել եք մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է օգնել Ղարաբաղին և զինվորականներին: Ձեր կարծիքով որքանո՞վ են դրանք արդյունավետ: Եվ կշարունակե՞ք աջակցել` ձեր հնարավորությունների սահմաններում:

-Մեր միությունը Ղարաբաղն ընկալում է որպես մեր հայրենիքի պատմական մասնիկ, և մենք միշտ մեր հնարավորությունների չափով տրամադրել, տրամադրում ու շարունակելու ենք տարբեր տեսակի օգնություններ (տնտեսական, մարդասիրական, ֆինանսական, ներդրումային, տեղեկատվական, կրթական և այլն) տրամադրել Արցախի հերոսական ժողովրդին: Որքանո՞վ են արդյունավետ մեր ծրագրերը: Կարող եմ ասել, որ դրանք երբեք չեն բավականացնում, բայց մենք պետք է ավելացնենք մեր հնարավորություններն ու ավելի շատ միասնական դարձնենք Ռուսաստանի, ամենանամեծ հայկական սփյուռքի ներուժը՝ Լեռնային Ղարաբաղին օգնելու նպատակով, որպեսզի այդ հնագույն հողում վերջապես խաղաղություն, բարիդրացիական հարաբերություններ ու ներդաշնակություն հաստատվի: Մենք դժվարին, փոփոխական, ակտիվ աշխարհաքաղաքական ցնցումների և տրանսֆորմացիաների ժամանակներ ենք ապրում: Մեր սերնդի խնդիրն է անել հնարավորինս, որպեսզի Ղարաբաղն անկախանա, և հայկական այդ հնագույն հողում շարունակվի հայոց պատմությունը:

-Դուք նախաձեռնել եք «Ազգային միասնություն» շարժումը: Բացվում են շարժման գրասենյակներ, կազմակերպվում են հանդիպումներ հանրության հետ: Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնության հետ կապված գործընթացները: Ի՞նչ ակնկալիքներ ունեք վերջնարդյունքում:

-Իսկապես, մեր կողմից «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնությունը աջակցության է արժանանում հայ հասարակության կողմից, Հայաստանի տարբեր շրջաններում նոր գրասենյակներ են բացվում, մարդիկ անտարբեր չեն իրենց և իրենց երկրի ճակատագրի նկատմամբ: Այն ամենն, ինչ ես անում եմ, ուղղված է Հայաստանի քաղաքական համակարգի արդիականացմանը, տնտեսության զարգացմանը, այն հաշվով որպեսզի շարքային քաղաքացիների կյանքի որակն բարելավվի, դադարեցվի արտագաղթը, բարձրացվի Հայաստանի Հանրապետությունում ներդրումային գրավչությունը, որպեսզի Հայաստանը Հարավային Կովկասում դառնա ավելի հզոր, անվտանգ, զարգացած և մրցունակ երկիր: Ես երկրի ղեկավարի աթոռ զբաղեցնելու ցանկություն չեմ հետապնդում, որպեսզի բավարարեմ անձնական ամբիցիաներս: Իմ նպատակն է ձևավորել համախոհների մի թիմ և վերակենդանացնել Հայաստանի փառքը: Եթե ժողովուրդը վստահություն ցուցաբերի, ապա մենք կարդարացնենք լայն զանգվածների ակնկալիքները: Իմ անցած կյանքի ուղին և տարիները եղել են և՛ դժվարին, և՛ լարված, և՛ արդյունավետ, և՛ հաջողակ: Ես շատ ինքնաբավ եմ. ագահ և եսասեր չեմ, ու ամեն ինչի ինքնուրույն եմ հասել: Եվ եթե իմ մեջ քաղաքական բնագավառում ուժ և հնարավորություններ եմ գտնում իմ ժողովրդին ու հայրենիքին օգտակար լինելու համար, անպատասխանատվություն կլինի խուսափել դրանից:

-Հայտնի է, որ հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական համաժողով, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, բիզնես-կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Ո՞րն է ֆորումի նպատակը, ի՞նչ խնդիրներ կլուծվեն համաժողովի միջոցով, և ի՞նչ ակնկալիքներ ունեք Դուք:

–Նման բնույթի և մասշտաբի ֆորումը հերթական քայլն է ստուգել մեր հնարավորությունները, հայտնաբերել առկա խնդիրները, նոր մոտեցումներ առաջարկել տնտեսությունն արդիականացնելու գործում, ավելի արդյունավետ միջոցներ փնտրել համաշխարհային տնտեսական համակարգում ինտեգրվելու համար, ինչը ենթադրում է՝ ոչ թե մեկուսացում համաշխարհային տնտեսական այլ կենտրոններից, (ԵՄ, ԲՐԻԿՍ, ԱՍԵԱՆ, Մետաքսի ճանապարհ և այլն), այլ համագործակցություն: Ղազախստանում տեղի ունեցած ԵՏՄ-ի պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովը ցույց տվեց, որ միությունը հաջողությամբ փորձում է հարաբերություններ կառուցել Վիետնամի, Չինաստանի, Սերբիայի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ: Եվ սա միայն սկիզբն է: Միայն էներգետիկ և տարանցիկ կապերում ԵՏՍ-ի առավելությունները բավարար կշիռ են համաշխարհային համագործակցության համար: Անիմաստ է թաքցնել այն հանգամանքը, որ ներկա փուլում միության ներսում ներքին խնդիրներ կան՝ կապված այդ միջավայրում անվտանգության ապահովման անկատարության հետ: Ուստի, տնտեսությունը չի կարող արդյունավետ զարգանալ, եթե չլուծվեն նաև անվտանգության խնդիրները: Կարծում եմ, որ այդ բոլոր հարցերը կլինեն մեր օրակարգում և ֆորումի մասնակիցների ուշադրության կենտրոնում: Չնայած որոշ քաղաքական տարաձայնությունների, այնուամենայնիվ, Հայաստանը եվրասիական ինտեգրման մեջ դառնում է առավել ակտիվ հարթակ: Համոզված եմ, որ այս համաժողովն իր համեստ ներդրումը կունենա այդ հարցում:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը