Կարծիք

06.06.2016 16:27


Քեֆ անողին քեֆ չի պակսի․․․

Քեֆ անողին քեֆ չի պակսի․․․

Քեֆ անողին քեֆ չի պակսի․․․ Ընդամենը 40 օր է անցել Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններից Ղարաբաղում, որի հետևանքով ունեցանք 100 զոհ, և որը սարգսյանական քարոզչամեքենան շտապեց կոչել պատերազմ՝ փորձելով Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես հաղթանակած նախագահ, և ահա այդ «հաղթանակած նախագահը» թռնում է Մոսկվա՝ հայազգի ռուսաստանցի գործարարի որդու հարսանիքին։

Սերժ Սարգսյանի սերը հայկական ավանդական քեֆ-ուրախությունների հանդեպ, թերևս, որևէ մեկի համար նորություն չէ։ Նորություն չէ նաև այն, որ Սերժ Սարգսյանի անձնական նպատակներով իրականացվող չվերթների համար վճարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Եվ բավականին թանկ են վճարում, քանի որ Սերժ Սարգսյանին հին նախագահական ինքնաթիռը դուր չէր գալիս, և վարչապետ լինելու ժամանակ նա հասցրել էր նորը գնել՝ 50 մլն դոլարով։ Հիմա էլ յուրաքանչյուր այդ թռիչքը մեր բյուջեին արժենում է առնվազն 20-40 հազար դոլար․․․ Կարևորը՝ զինվորի ոգին բարձր լինի, ջհանդամ թե 80-ականների զենքով չեն կռվում։ Բայց նրան Սերժ Սարգսյան են ասում. նա միշտ էլ զարմացնելու բան կգտնի։

Հիմա էլ գնացել է Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին։ Դե բա, իհարկե, կարևոր, ազգի համար նշանակալի իրադարձություն էր։ Սպիտակի երկրաշարժի տարելից չէր, որ «ավելի կարևոր պետական գործերով» տարված լինելով՝ չկարողանար Գյումրի գնալ, շախմատի մանկական առաջնություն էլ չկար, ինչպես Ավետիսյանների դաժան սպանության օրերին, «պատերազմն էլ»․․․դե, «պատերազմն» էլ հաղթել էր։ Խի՞ չգնար, որ։ Հետո ի՞նչ, որ հարսանիքը տեղի էր ունենում ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովի ռեստորանում, որ Հայաստանն էլ ավելի ծանր վիճակում է հայտնվել, որ ապրիլյան դեպքերից հետո իրավիճակ է փոխվել, ի հայտ են եկել անվտանգության լուրջ խնդիրներ։ Ամոթ էր․․․ Մարդիկ կանչել էին, ո՞նց չգնար։ Տեսնես Սերժ Սարգսյանն է՞լ է համամիտ Թելման Իսմայիլովի հետ, որ «Իլհամ Ալիևը Ադրբեջանի պատվարժան լիդեր է, որը հմտորեն շարունակում է իր մեծն հոր գործը» (մեջբերում ադրբեջանական կայքերից մեկին տված Իսմայիլովի հարցազրույցից)։

Նարեկ Սանթուրյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը