Կարծիք

15.06.2016 10:52


Վահե Հովհաննիսյան. համագումարից առաջ

Վահե Հովհաննիսյան. համագումարից առաջ

Երկու օրից` հունիսի 17-ին, կայանալու է «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը: Ինչպիսի՞ն ենք մենք այն տեսնում` ստեղծվող այս նոր քաղաքական ուժը, ի՞նչ է այն փոխելու այսօրվա Հայաստանի քաղաքական իրականությունում: Ուզում եմ այստեղ, առանց փակագծերի ու տողատակերի, ներկայացնել այն նպատակները, սկզբունքները, որոնք ես եւ իմ ընկերները ձգտելու ենք դարձնել իրականություն` փակելու համար բազմատեսակ շահարկումների հնարավորությունը: Հասկանում եմ նաեւ, որ գռեհկության հասնող ուղղորդվող տրամադրությունների եւ իշխանական քարոզչամեքենայի պարագայում դա չափազանց դժվար է:

1. Համախմբումը երբեք չպետք է դառնա մեկ անձի շուրջ համախմբված կուսակցություն: Ես իսկապես անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որ համախմբումը կայանա ընդհանուր պատկերացումների, ընդհանուր արժեքների, Հայաստանի ապագայի ընդհանուր տեսլականների հիման վրա: Հայաստանի զարգացման, անվտանգության, հեռանկարի եւ այլ կարեւորագույն հարցերի վերաբերյալ մենք ընդհանուր պատկերացումներ ունենք նաեւ այլ քաղաքական ուժերի հետ: Սա թույլ կտա` չվերածվել աղանդի, այլ` դառնալ քաղաքակիրթ կուսակցություն, քաղաքական բեւեռ:

2. «Համախմբումը» երբեք չպետք է սպասարկի որեւէ անհատի շահերը:
Քաղաքականությունը պետք է լինի բաց ու կանխատեսելի: Այս երկու սկզբունքները իմ ու իմ ընկերների համար առաջնային են:

3. Կուսակցությունը պետք է դառնա քննարկումների, տեսակետների բախման, բանավեճերի հարթակ: Ուրախությամբ եմ ասում, որ նախաձեռնող խմբի մակարդակով այն արդե՛ն այդպիսին է, եւ ոչ բոլոր հարցերի շուրջ ենք մենք միակարծիք:

4. Կուսակցության ընդլայնվելուց հետո շատ կարեւոր է լսել տեղական կառույցների անդամների, կուսակցությունում ընդգրկված նոր մարդկանց տեսակետները: Անհատական տեսակետ ունենալը պետք է խրախուսվի: «Ես թիմի հետ եմ, բայց ես կարծիք չունեմ» ձեւակերպումը, կարծում եմ, շատերին է ծանոթ, ու այն պետք է բացառել: Դա վերջում միշտ այլ բանի է վերածվում:

5. Հռետորաբանության եւ ձեւակերպումների մեջ պետք է լինել կոռեկտ` հրապարակային քաղաքականությանը պատշաճ շրջանակում: Իմ` նախորդ տարիների քաղաքական փորձը ցույց է տվել, որ ամենառադիկալ, ամենաամպագոռգոռ, ամենաչկշռադատված տեսակետների ու քայլերի կողմնակիցները` լինեն դրանք անհատներ թե միավորումներ, իրավիճակի փոփոխության դեպքում առաջինն են հայտնվում իշխանության կողքին ու հավատարմության երդումներ տալիս: Իսկ խելամիտ, հավասարակշիռ, թեկուզեւ կոշտ, բայց սկզբունքային տեսակետներ ունեցողները որպես կանոն շարունակում են մնալ այդպիսին` անկախ իրավիճակի փոփոխությունից, անկախ կուսակցությունից:

6. Կարեւոր է ունենալ Հայաստանի այն տեսլականը, որին ինքդ հավատում ես, ու որի` իրատեսական լինելու մեջ պետք է համոզես հասարակությանը: Իմ տեսլականը շատ պարզ է` կտրուկ բարձրացնել երկրի անվտանգությունը, շատ արագ ստեղծել բիզնես միջավայր, որտեղ աշխատող մարդուն ոչ ոք չի խոչընդոտի, որտեղ նա կկարողանա ապրել ու զարգանալ, ստեղծել լուրջ ներդրումային ծրագրեր, այդ թվում` ռազմական արդյունաբերություն ձեւավորելու համար: Պետք է սկսել ռազմական արդյունաբերության վերակենդանացումը` օգտագործելով նորագույն տեխլոգիաների ոլորտներում մեր լավագույն մասնագետների փորձն ու հաջողությունները: Տնտեսական ոլորտում յուրաքանչյուր քայլի հիմքում պետք է լինի մարդկանց ամենօրյա կյանքը բարելավելու նպատակը, քաղաքացու շահը: Հայաստանում ապրելը պետք է լինի անվտանգ, հաճելի, մարդկանց կյանքը` բարեկեցիկ: Հայաստանը պետք է ունենա էֆեկտիվ կառավարման համակարգ, ու երկիրն այլեւս երբեք չպետք է դիտարկվի որպես իշխանավորների փող աշխատելու ռեգիոն:

7. Հայաստանում շատ արագ պետք է հասնել ներքին մթնոլորտի փոփոխմանը: Հայաստանի առաջին դեմքերը երբեք չպետք է ստեղծեն եւ հովանավորեն լրատվամիջոցներ` յուրայիններին եւ ընդդիմախոսներին վարկաբեկելու եւ անձնական վիրավորանքներ տարածելու համար: Սա ամոթ է: Հայաստանում պետք է դադարեցվեն տոտալ գաղտնալսումները, թաքուն տեսաձայնագրումները եւ պետական-լրտեսական մեքենայի տոտալ կիրառումը: Սա ամոթ է: Սրանց վնասը պետության համար շատ ավելի մեծ է, քան իշխանություն պահելու համար ստացվող մեկ-երկու օգուտը:

8. Ինձ հաճախ հարցնում եմ` այս անգամ կարո՞ղ եք մի բան անել: Այս հարցը տալիս են ծանոթները, անծանոթները, ընկերները, բարեկամները, իշխանության տարբեր օղակներում աշխատողները, հարուստները, մեծահարուստները, սոցիալական վատ վիճակում գտնվողները եւ այլք: Պատասխանեմ,`ինչպես միշտ պատասխանում եմ բոլորին` շատ պարզ` միայնակ ոչինչ չենք կարող անել: Դիտորդների եւ հարցնողների մեծաթիվ բանակը պետք է հասկանա, որ բարձրացվող խնդիրները բոլորինս են, երկրի անվտանգության, տնտեսության զարգացման, արդարության խնդիրը եւ այլն` ընդհանուր են: Կամ մենք միասին կփոխենք մեր կյանքը ու միասին` գրագետ, քայլ առ քայլ կփոխենք ու կզարգացնենք Հայաստանը կամ վատ կլինի բոլորիս համար` առանց բացառության:

9. Իմ խնդիրը հաջորդ ընտրություններում պատգամավոր դառնալը չէ: Դրա համար շատ ավելի հեշտ ճանապարհներ կան: Ավելին` այսօրվա պայմաններում ես ցանկություն չունեմ` կրկին պատգամավոր լինելու: Իմ թիմակիցներին կոչ կանեմ` իսկապես ավելի լայն նայել խնդրին: Այդպես մենք ավելի վստահ կլինենք, իսկ մեր ասելիքը` շատ ավելի հիմնավոր ու համոզիչ:

10. Ակնհայտ է, որ այս ուժի դեմ գործելու է իշխանական քարոզչամեքենան` տասնյակից ավելի լրատվական կայքերի, թերթերի, հեռուստաընկերությունների, վերլուծաբանների, «արեւմտամետների», մեկ սենյակում բուծվող քաղաքացիական շարժումների, նախաձեռնությունների տեսքով: Պետք չէ չարանալ խմբագիրների, լրագրողների եւ այլոց վրա: Պետք է ճիշտ պատկերացնել խնդիրը եւ լուծել այն. այս իրավիճակի պատճառը Հայաստանում մեդիա դաշտի այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների բացակայությունն է:

11. Եւ վերջին խնդիրը` նշանակալի փոփոխությունների եւ առաջընթացի համար Հայաստանում իսկապես կա լուրջ ներուժ` մարդկային, նյութական, մտավոր: Մենք ունենք աշխատասեր ժողովուրդ, հնարամիտ ու նախաձեռնող գործարար խավ, բարձր մարդկային ու մասնագիտական որակներով բժիշկներ, ուսուցիչներ, շինարարներ, մտավորականներ, որոնք բոլորը փոփոխություն են ուզում: Մենք ունենք փայլուն զինվորականություն եւ ունենք 21-րդ դարի փայլուն սերունդ, որի հայրենասիրությունը ոչ թե տգիտությունն է, այլ գիտելիքը, ոչ թե քծնանք է, այլ ազատամտությունը, ոչ թե գավառամտությունն է, այլ` առաջընթացը: Եվ վերջապես` ունենք պարկեշտ ու գրագետ գործիչներ ու կառավարիչներ` իշխանությունից դուրս ու իշխանության մեջ: Այս ամենն իսկապես կարող է ապահովել մեր պետության ու մեր ժողովրդի համար էական թռիչք, 1-2 տարվա ընթացքում` աննկարագրելի փոփոխություններ: Բայց դրա համար պետք է բոլորիս ջանքերի համադրում: Ու մենք մի օր կզարմանանք, թե ինչու եւ ինչպես ենք այսքան երկար հանդուրժել այսօրվա գորշ ու անհեռանկար իրականությունը:

Վահե Հովհաննիսյան

ԱԺ պատգամավոր

«Համախմբում» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը