Աշխարհ

15.06.2016 14:50


«Առանց փոխհատուցման և ներողության՝ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն վերականգնվի»

«Առանց փոխհատուցման և ներողության՝ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն վերականգնվի»

Ռուսաստանն ուզում է կանոնավոր հարաբերություններ վերահաստատել Թուրքիայի հետ, բայց դա անհնար է, քանի դեռ այդ երկիրը ներողություն չի խնդրել և փոխհատուցում չի վճարել խփած Սու-24–ի համար։ «life»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Անկասկած, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ քանիցս ասել է, որ ՌԴ–ն կցանկանար բարիդրացիական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, մենք գնահատում ենք այն ժամանակները, երբ Անկարայի հետ մեր հարաբերությունները գործընկերային էին, զարգացած բոլոր ոլորտներում»,–նշել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Կրեմլը ցավում է, որ այդ ամենը մի ակնթարթում ոչնչացավ Անկարայի ագրեսիվ գործողությունների պատճառով։

«Մենք ուզում ենք հարաբերությունների կարգավորում, բայց Պուտինը հստակ հասկացնել տվեց՝ ինչ պայմաններից հետո է դա հնարավոր՝ փոխհատուցումից և պաշտոնական ներողություններից»,–հիշեցրել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր գրել Վլադիմիր Պուտինին, որում ցանկություն էր հայտնել, որ ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կարգավորվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը