Քաղաքական

20.06.2016 22:13


Տեղի է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նորընտիր վարչության առաջին նիստը

Տեղի է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նորընտիր վարչության առաջին նիստը

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հիմնադիր համագումարից հետո այսօր տեղի է ունեցել նորընտիր վարչության առաջին նիստը։

Քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական մի շարք հարցեր։

Մասնավորապես, գնահատական է տրվել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հիմնադիր համագումարին, ամփոփվել են դրա արձագանքները։

Քննարկվել են նաև օրենսդրական հարցեր։ Հատկապես ուշադրություն է դարձվել Հարկային նոր օրենսգրքին. կուսակցությունն իրեն հասանելի բոլոր միջոցներով պայքարելու է այդ փաստաթղթի ընդունման դեմ: Այդ նպատակով, մասնավորապես, որոշվել է առաջիկայում հասարակական լայն քննարկում անցկացնել Հարկային նոր օրենսդրության մտահոգիչ դրույթների վերաբերյալ։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության նիստում անդրադարձ է կատարվել նաև «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամներ, ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին և Հայաստանի 3–րդ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին հանձնարարվել է հանդիպումներ ունենալ Սեֆիլյանի հարազատների և ընկերների հետ, ուսումնասիրել տեղի ունեցածը և ձեռք բերել համապարփակ տեղեկատվություն։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության նիստի օրակարգային վերջին հարցը հետհամագումարյան շրջանում կուսակցության անելիքներին է վերաբերել, ի մասնավորի՝ տարածքային կառույցների աշխատանքների ակտիվացմանը և դրանց աշխարհագրության ընդլայնմանը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը