Լրահոս

20.10.2010 08:57


Նորից փորձելու են անցկացնել չարաբաստիկ օրենքը

Նորից փորձելու են անցկացնել չարաբաստիկ օրենքը

Ս.թ. սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցան երկրորդ ընթերցման ներկայացված «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ։ Դրանց ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հայտարարեց հետևյալը. «...օրենսդրական փաթեթը հանգամանորեն քննարկվել է ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի և կոալիցիոն գործընկերների հետ: ... առաջարկվում է վերանայել երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծերը' հիմք ընդունելով հետևյալ մոտեցումները: Հարցը կարգավորել միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով' օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը»:

Նույն միտքը բազմիցս կրկնեցին քննարկման մյուս կազմակերպիչները՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Ազգային Ժողովի պաշտոնական կայքում քննարկումների մասին պատմող ամփոփագրում հղում կատարելով նախարար Աշոտյանի խոսքին՝ նշվում է, որ «Քննարկումների արդյունքում փաթեթից հանվել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունը: Փոփոխություններ կառաջարկվեն միայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում:» http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=4125&year=2010&month=09&day=27

Նույնատիպ հայտարարություններ են արել նաև իշխանության այլ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը (http://aravot.am/am/articles/politics/83767/view), Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը (http://www.oratert.com/arm/armenian/հասարակական/otar.html) և այլն:

Գրեթե բոլոր լրատվամիջոցները, անդրադառնալով այս հարցին, ներկայացրել են հիշյալ մոտեցումը որպես իշխանությունների վերջնական որոշում, ինչին որևէ պաշտոնական առարկություն չի հնչել:

Լսումներից անմիջապես հետո «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ, մեջբերելով համապատասխան օրենքների կետերը, հիմնավորվում էր հիշյալ թեզի տկարությունն ու օրենսդրական ակնհայտ հակասությունները: Հայտարարությունում նաև կոչ էր արվում մատնանշել այն իրավական հիմքերը և հիմնավորումները, որոնք թույլ են տալիս խուսափել օրենսդրական հակասություններից: http://www.lragir.am/armsrc/society39152.html

Հակառակ սեփական հայտարարություններին, ըստ երևույթին, այդպես էլ չգտնելով միայն «Հանրակրթության մասին» օրենքով օտարալեզու դպրոցներ բացելու հնարավորությունը, ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի թիվ 45 նիստում քննարկման է դրվելու նաև «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու Կառավարության ներկայացրած օրինագիծը: Դրանում ասված է. «Միջազգային հանրակրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»: Վերջինս նախատեսում է օտարալեզու 11 դպրոցների բացման հնարավորությունը, ինչը, մեր համոզմամբ, միայն առաջին փուլն է լինելու: http://parliament.am/committees.php?do=show&ID=111149&showdoc=1668&cat_id=180&month=all&year=2010⟨=arm

Սա ոչ այլ ինչ է, քան հասարակությանը մոլորեցնելու, վերջինիս հանդեպ բացահայտ արհամարհանքի, ստի, կեղծիքի աննախադեպ դրսևորում, որի՝ տարրական մարդկային արժանապատվությունից զուրկ հեղինակներն ակնհայտորեն լավ չեն հաշվարկել իրենց քայլերը: Եվս մեկ անգամ մեր համախոհներին կոչ ենք անում մշտազգոնության՝ աչքի տակ ունենալով այս անփառունակ օրինակը:

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը