Աշխարհ

23.06.2016 14:45


ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիայի արտգործնախարարին հրավիրել է Սոչի

ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիայի արտգործնախարարին հրավիրել է Սոչի

Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Սոչիում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների ԱԳ նախարարների խորհրդակցությանը ՌԴ–ն ակնկալում է Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարների ներկայությունը, և պատրաստ է երկկողմ բանակցություններ անցկացնել Թուրքիայի արտգործնախարարի հետ, եթե նա դրական պատասխանի խորհրդակցությանը մասնակցելու հրավերին։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:

«Մենք հրավիրել ենք բոլոր նախարարներին և սպասում ենք բոլորին, այդ թվում՝ Թուրքիային և Ուկրաինային, բայց դեռ պատասխան չկա: Ես կարծում եմ, որ այս շաբաթ, առնվազն հաջորդ շաբաթվա սկզբին պարզ կլինի»,- ասել է նա՝ հավելելով, որ կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի ձևաչափը չի ենթադրում երկկողմ հանդիպումների անցկացում. այն բազմակողմանի հարթակ է:

Այնուամենայնիվ, նա ենթադրել է, որ եթե թուրք նախարարը հայտնվի Սոչիի խորհրդակցությանը, ապա «կցանկանա խոսել ՌԴ նախարարի հետ».

«Մենք ոչ մեկից չենք փախչում, չենք թաքնվում. բոլորի հետ խոսում ենք և բաց ենք այդ առումով բոլոր տեսակի խոսակցությունների համար»։

Նշենք, որ արտգործնախարարների խորհրդակցությունն անցկացվելու է Սոչիում հուլիսի 1-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը