Լրահոս

10.12.2009 16:06


Տեղի է ունեցել Լատվիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Տեղի է ունեցել Լատվիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 9-ին եռօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը տիկնոջ' Լիլիտա Զատլերեի հետ:

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Վալդիս Զատլերսի առանձնազրույցը:

Ողջունելով Լատվիայի իր գործընկերոջը Հայաստանում' Նախագահ Սարգսյանն ասել է. «Սա չնայած մեր երկրների միջև առաջին այցն է, բայց մենք տարվա ընթացքում  բազմիցս հնարավորություն ենք ունեցել մտքեր փոխանակել: Քաղաքական երկխոսության ակտիվացումը վկայում է երկկողմ հարաբերությունները խորացնելու մեր երկրների հետաքրքրության մասին: Ձեր այցելությունը ես դիտարկում եմ հենց այդ համատեքստում»:

«Ուրախ եմ Հայաստան այցելելու համար: Լատվիական կողմն ունի գործնական հետաքրքրվածություն, եւ ինձ հետ ժամանել են նաեւ մեկ տասնյակից ավելի գործարարներ»,- նշել է նախագահ  Զատլերսը: Նա վստահություն է հայտնել, որ հայկական կողմի հետ  բանակցություններն արդյունավետ կլինեն: «Հուսով եմ, սա մեր հանդիպումների առաջին շրջանն է, իսկ հաջորդը տեղի կունենա Ռիգայում: Գիտեմ, որ Հայաստանում կա փոքրաթիվ լատվիական համայնք: Գիտեմ նաեւ, որ այստեղ  ցանկացած համայք, նույնիսկ ամենափոքրաթիվն իրեն լավ է զգում»,- ընդգծել է Լատվիայի նախագահը:

Երկու երկրների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը' նախագահների մասնակցությամբ:

Սերժ Սարգսյանն ասել է, որ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորություններն են քննարկվել նախագահ Վալդիս Զատլերսի հետ, նաեւ կարծիքներ փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ վստահություն է հայտնել, որ Լատվիայի ղեկավարի այցը կամրապնդի երկու երկրների  հարաբերությունները:

Կողմերը հատկապես կարեւորել են տնտեսության բնագավառում երկու երկրների գործարար շրջանակների համար խրախուսական քաղաքականություն վարելը: Նրանք համոզմունք են հայտնել, որ երկու երկրներում կան ապրանքներ ու ծառայություններ, որոնք պահանջարկ կունենան միմյանց շուկաներում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակում փոխգործակցության հնարավորություններին, կարեւորվել մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացումը:

Հայաստանի եւ Լատվիայի նախագահները համակարծիք են եղել, որ այս այցը համագործակցության նոր սկիզբ է:

Այնուհետեւ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ ստորագրվել են  միջկառավարական եւ միջգերատեսչական չորս համաձայնագրեր, որոնք  կոչված են կարգավորելու օդային հաղորդակցությունների, տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության,  շրջակա միջավայրի պահպանության, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության եւ թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի եւ դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության եւ այլ հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում երկու երկրների համագործակցությունը:

Այս խորագրի վերջին նյութերը