Լրահոս

09.02.2011 18:02


«Լրատվամիջոցներ. ինչպե՞ս աշխատել նեղ պայմաններում»

Փետրվարի 9-ին «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել է «Լրատվամիջոցներ. ինչպե՞ս աշխատել նեղ պայմաններում» խորագրով քննարկում, որի բանախոսներն էին «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը, «Epress» ինտերնետային պարբերականի համահիմնադիր Արմեն Մելիքբեկյանը և ԼՂՀ-ում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը։

Անդրադառնալով այն խնդրին, որ ինտերնետն այսօր դաշտից դուրս է մղում հեռուստատեսություններին, «Epress» ինտերնետային պարբերականի համահիմնադիր Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ չի կարծում, թե ինտերնետը շատ արագ է դաշտից դուրս մղում հեռուստաընկերություններին, և այն դեռևս ամեն ինչ չէ, որ զավթել է.

-Դեռ ճանապարհ կա, երբ ինտերնետը դուրս կմղի դաշտից հեռուստատեսությանը։ Առաջին հերթին այն պատճառով, որ ինտերնետը Հայաստանում շատ թանկ է,-ասել է նա։

Արմեն Մելիքբեկյանի կարծիքով՝ այժմ միանշանակ փորձ արվում է վերահսկելու ինտերնետը, ինչը, սակայն, այդքան էլ հեշտ չէ։ Նրա կարծիքով՝ խնդիրն այն է, որ տեղեկատվական դաշտն այսօր ղեկավարում են ոչ լրագրողներ։

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանի կարծիքով՝ ենթարկվում են ենթարկվողները, իսկ եթե չցանկանաս, ենթարկել չեն կարողանա։ Նա կարծում է, որ տեղեկատվական դաշտում որևէ բան փոխելու համար առաջին հերթին անհրաժեշտ է փոխել քաղաքական դաշտը։

-Դաշտն այնքան է «լղվել», որ չես հասկանում՝ ո՞վ է ընդդիմություն, ո՞վ՝ իշխանություն։ Այդպիսի պայմաններում ասել, թե լրատվամիջոցներն ինչ-որ պայքար կսկսեն, ճիշտ չէ։ Ուղղակի ամեն լրատվամիջոց պետք է զբաղվի իր գործով։ Եթե մեկը սկսում է իր պայքարը, մնացածն անպայման կմիանան,-ընդգծել է Կ. Հարությունյանը։

Նա ևս չի շտապել համաձայնել, որ հեռուստաընկերությունները շուտով դաշտից դուրս են մղվելու՝ նշելով, թե ինտերնետն իսկապես թանկ է, և կան համայնքներ, որտեղ անգամ գյուղապետարաններում ինտերնետ չկա։

«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի կարծիքով՝ ի տարբերություն հեռուստաընկերությունների, տպագիր լրատվամիջոցների դաշտում որոշակի բազմազանություն կա, սակայն իր կարծիքով ամենակարևոր խնդիրն այն է, որ թերթերը կախված չեն ընթերցողից. գումար կա՝ տպագրվում են, չկա՝ չեն տպագրվում։

-Քանի դեռ ԶԼՄ-հանրություն կապը չկա, լրատվամիջոցները չեն կարող անկախ լինել,-ասել է նա և հավելել, թե երկրորդ կարևորագույն խնդիրն այն է, որ լրատվությունը չի դարձել բիզնես։

Գ. Բաղդասարյանը նաև կարծիք է հայտնել, թե աղքատ երկրներում մամուլն անկախ լինել չի կարող։ Նա նշել է, որ համամիտ է կարծիքին, թե եթե երկրում փոփոխություն չլինի, տեղեկատվական ոլորտում ևս փոփոխություն չի լինի։ Սակայն տեղեկատվական ոլորտը չի կարող սպասել, որ պետությունը կայանա։ Հետևաբար պետք  է զարգանալ՝ զարգացնելով։ Այս հարցում տեղեկատվական ոլորտի ամենամեծ դաշնակիցը, ըստ նրա, կարող է լինել հասարակական հատվածը։

-Հեռուստաընկերությունների դերը գնալով իջնում է։ Վերաարժևորվում է ողջ տեղեկատվական դաշտի դերը։ Հեռուստաընկերություններն ամբողջությամբ  կորցրել են վստահությունը։ Օրեցօր զարգանում են տեղեկատվության այլընտրանքային ձևերը։ Այս նոր միջավայրը ստիպելու է իշխանություններին փոխել իրենց վերաբերմունքը, ստիպված մտնել ինտերնետ։ Իսկ դա շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծում, առաջացնում է մրցակցություն, ինչից էլ իշխանությունը վախենում է,-նշել է Գեղամ Բաղդասարյանը։

Նա ասել է, որ յուրաքանչյուր իրավիճակ իշխանություններին գրաքննության համապատասխան ձև է թելադրում, և ինտերնետ- հանրությունը պետք է դրան պատրաստ լինի, որպեսզի իշխանությունը չհաջողի։

Գեղամ Բաղդասարյանն անդրադարձել է նաև մամուլի այսօրվա որակին և նշել, որ այն անկում է ապրել, ինչում մեղավոր են բոլորը, այդ թվում և իրենք՝ ոլորտի պատասխանատուները, քանի որ մեր հանրությունն «ամեն ինչ ուտող է»։ Նրա խոսքերով՝ տեղեկատվական դաշտը սպառել է նաև անակնկալների պաշարը.

-Խորհրդային ժամանակներում չկար խոսքի ազատություն, բայց խոսքն արժեք ուներ։ Այսօր՝ հակառակը։ Մենք ունենք խոսքի արժեքի պահպանման խնդիր,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը