Լրահոս

21.10.2010 16:41


Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և Հայաստանում անցկացվող «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի մասնակիցների պատվիրակությանը:

Նախագահը ողջունել և կարևորել է Երևանում ֆորումի անցկացումը, հույս հայտնելով, որ դրա շրջանակներում արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել:  Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ԵԽ դերը մարդու իրավունքների, ժողովրդավարության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման գործում' ընդգծելով համաեվրոպական արժեքներին Հայաստանի նվիրվածությունը:

«Մարդու և քաղաքացիների հիմնարար ազատությունների, ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության, մեր պետականության հիմնաքարերից են: Հայաստանի անկախացումից հետո, այդ ուղղությամբ մենք զգալի ճանապարհ ենք անցել: Այնուհանդերձ, հստակորեն գիտակցում ենք, որ դեռեւս շատ աշխատանք ունենք կատարելու և մենք հաստատակամորեն տրամադրված ենք այդ ճանապարհն անցնելու մինչև վերջ, թեև ասում են, որ այդ ճանապարհը վերջ չունի»,-նշել է Սերժ Սարգսյանը:

Երևանում անցկացված երկօրյա Ֆորումը համարելով նշանակալից իրադարձություն և´ ԵԽ-ի, և´ Հայաստանի համար, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն ասել է, թե շատ ուրախ է տեսնելու, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդում լավ գործընկեր է:

«Մենք, իհարկե, ուշի-ուշով հետեւում ենք Հայաստանում ընթացող զարգացումնե­րին: Ես համակարծիք եմ Ձեզ հետ, պարո´ն Նախագահ, որ դուք արդեն անցել եք բավականին երկար ուղի: Եվրոպայի խորհրդի հիմնական առաքելությունն է' օգնել պետություններին հաղթահարելու այդ ճանապարհը կամ իմ բնորոշմամբ' մայրուղին: Ես նաեւ համակարծիք եմ, որ այդ մայրուղին վերջ չունի: Ընդ որում' գիտենք, որ ճանապարհի երկու կողմում էլ աշխարհում կան բազմաթիվ խոչընդոտներ ժողովրդավարության համար: Եւ որքան առաջ ենք ընթանում' նորերն են ավելանում»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Թորբյորն Յագլանդը բարձր է գնահատել նաև ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի գործունեությունը' նշելով, որ նա աջակցում է Եվրոպայի խորհրդում ձեռնարկվող բարեփոխումներին, որոնք միտված են կազմակերպությունն ավելի նպատակային դարձնելու և ժողովրդավարության ապագա մարտահրավերներին ավելի լավ նախապատրաստելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը