Կարծիք

14.07.2016 15:06


Ադրբեջանը չի պատրաստվում հետ կանգնել իր ծրագրերից

Ադրբեջանը չի պատրաստվում հետ կանգնել իր ծրագրերից

Աշխարհաքաղաքականության «հայրերից» մեկը՝ Ֆրիդրիխ Ռատցելը եթե այսօր ողջ լիներ, բնակվեր Հայաստանում և կարդար հայաստանյան իշխանամետ մամուլը, երևի թե սուսուփուս իր իրերը կհավաքեր, կգնար օդանավակայան, տոմս կգներ և «Դուք այդպես էլ ոչինչ չհասկացաք» վերնագրով իշխանությանը նամակ գրելով՝ ընդմիշտ կհեռանար երկրից։

Կհեռանար, քանի որ իշխանության այսօրվա՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» քարոզն ամբողջովին հակասում է Ռատցելի կենսատարածքային տեսությանը, համաձայն որի՝ տարածքը պետության համար որոշիչ գործոն է, և բնական է, երբ պետությունը ձգտում է ընդլայնել իր տարածքը, քանի որ դա է ապահովում պետության գոյատևումը։ Մինդեռ փոքր պետություններում զարգանում է կարճատեսություն քաղաքականությունում և միապաղաղություն ձգտումներում ու գործողություններում։

Թեև շատերը կարող են ասել՝ Ռատցելի դարաշրջանից շատ բան է փոխվել աշխարհում, սակայն իրականում պատմությունը բազմիցս ապացուցել է և շարունակում է ապացուցել, որ թեև կային բացառություններ, տեսությունը գործում է, և նրանում նշած թեզերն անտեսողները վերջում գոյատևման խնդրի առաջ են կանգնում։ Բայց մեր իշխանությունները՝ իրենց «տարածքներ՝ խաղաղության դիմաց» քարոզով, կա՛մ պատկերացում չունեն այդ տեսության մասին, կա՛մ պարզապես հույս ունեն, որ «կպլստան»։

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանի պես հարևանի պարագայում այդպես կարծելն առնվազն միամտություն է։ Չե՛ք «պլստա», հարգելինե՛րս, քանի որ նույնիսկ տեսականորեն ռազմավարական նշանակություն ունեցող, երկու հայկական պետությունների անվտանգության գոտի հանդիսացող տարածքները հանձնելուց հետո դա անհնար է։ Հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանի համար այդ տարածքները, ինչպես և այն 800 հա-ն, ոչ մի նշանակություն չունեն, քանի որ տվյալ անձի համար միակ նշանակությունն իշխանությանը մնալն է։ Եվ կապ չունի՝ ինչ գնով։

Բայց իշխանություն լինելու համար պետք է երկիր ունենաս, որում կիշխես։ Իսկ տարածքներ հանձնելով այս հեռանկարը դառնում է խիստ կասկածելի, այն էլ՝ Ադրբեջանի պես տոտալիտար, ֆաշիստական գաղափարներով առաջնորդվող հարևանի պարագայում։ Սա նույնն է, ինչ շնաձկանը փորձես ձեռքով կերակրել, իսկ հետո զարմանաս՝ ինչու ձեռքդ էլ կերավ։

Հ․Գ․։ Ապրիլյան պատերազմը և Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի պատրաստվում հետ կանգնել իր ծրագրերից։ Եվ դա՝ դիմադրություն ցուցաբերելու պարագայում։ Դե պատկերացրեք՝ ինչ է մեզ սպասվում, եթե դիմադրության աստիճանը նվազի, և տարածքային զիջումների գաղափարը գործի դրվի։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը